Կուշտը՝ սովածին

Կուշտը՝ սովածին
Օրերս մի միջավայրում քննարկվում էր մեր երկրի տնտեսության աղետալի վիճակն ու գնաճը: Պետական պաշտոնյաների խոսքից մի հետաքրքիր իրողություն պարզեցի: Վերջապես ամենաբարձր օղակներում հասկացել են, որ վերջին տարիների ահռելի անկումը ոչ այնքան համաշխարհային ճգնաժամի արդյունք է, ինչպես թութակի պես կրկնում են որոշ իշխանավորներ, այլ տնտեսական բլոկի եւ մասնավորապես՝ կառավարության վատ աշխատանքի: «Հալվա-հալվա» ասելով, բերանդ չի քաղցրանա, ասում է արեւելյան իմաստնությունը: Ավելին՝ երբ բերանումդ դառնահամ է, «հալվա» ասելն ավելի շատ զայրացնում է, քան հաճույք պատճառում: Այնպես որ, ինչ-որ պահից իշխանությունը գիտակցեց, որ ավելի լավ է խոսել դժվարությունների, խնդիրների մասին, այլ ոչ թե ջայլամի քաղաքականություն վարել: Սակայն, ցավոք, իրականությունից կտրված, երբեւէ կարիք չտեսած, փողին փող չասող մարդկանց ժամանակն է եկել: Սրանք ընդունակ չեն հասկանալ, թե ինչ է նշանակում հացի փող չունենալ, չիմանալ, թե վաղն ինչքան եկամուտ ես ունենալու եւ ինչպես ես ապրելու: Որոշում կայացնողների շրջանում ավելի շատ ուտոպիստներ ու ֆանտազյորներ են հավաքվել, քան կոնկրետ քայլերով տնտեսության վիճակը փոխելու ունակ անձինք: Այդ ուտոպիստական մտքերն ու սեփական ապահովությունից բխող կուշտ բթությունն է հավանաբար պատճառը, որ ասում են՝ մի քանի ամիս դիմացեք, լավ կլինի: Երբ փորձում ես հասկանալ, թե ինչի վրա է սրանց հույսը, մի մանկամիտ բացատրություն ես լսում՝ այս տարի առատ բերք է սպասվում: Հավանաբար հույսները Սերգո Կարապետյանի բերած տերտերների ու դրանց աղոթքի վրա է: Նաեւ՝ Աստծո բարեգթության, թե՝ այս խեղճ հայ ժողովուրդն ի՞նչ մեղավոր է, որ ապաշնորհ կառավարիչներ ունի, այսքան դար գոյատեւել է, մի քանիսն էլ թող գլորի: