Ռեկտորը նշանակվեց

Ռեկտորը նշանակվեց
Երեկ ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստում ընտրվել է բուհի ռեկտոր: Մոտ մեկ ամիս առաջ բուհի ռեկտորի պաշտոնակատար նշանակված Կորյուն Աթոյանը փակ, գաղտնի քվեարկության արդյունքում 28 կողմ, 1 ձեռնպահով դարձել է ռեկտոր: Նիստին մասնակցել են բուհի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:



Խորհրդի 32 անդամներից ներկա են եղել 30-ը: Նիստը մեկ օրակարգային հարց է քննարկել՝ ռեկտորի ընտրությունը, եւ ցրվել: Այս պարագայում, անշուշտ, կարելի է ապատեղեկատվություն որակել «ընտրություն» բառը, քանի որ նախապես նշանակված անձին, ով գեթ մեկ մրցակից չուներ, ըստ էության, խորհուրդը նշանակել է ռեկտոր:



Պատահական չէ, որ նորընտիր ռեկտորը խորին շնորհակալություն է հայտնել «ցուցաբերված վստահության համար ու խոստացել անել հնարավորը՝ բուհում ձեւավորված լավ ավանդույթները շարունակելու եւ սկսված բարեփոխումները շարունակելու համար»: Բուհերում ռեկտորների ընտրություններից «նշանակման համակարգին» անցում կատարելով՝ այս իշխանությունը, փաստորեն, կրթական համակարգը դատապարտեց ողորմելի գոյության:



Միայն մրցակցության պայմաններում ընտրված, զարգացման լուրջ ծրագիր ունեցող ռեկտորները, ովքեր կրթության գործի հմուտ կազմակերպիչներ կլինեին եւ բարձրագույն կրթության գաղափարախոսներ, կարող էին այս համակարգը շարժել տեղից եւ նոր բովանդակություն հաղորդել ու ժամանակակից կրթական համակարգ ստեղծել: