Սիսիանից Երեւան

Սիսիանից Երեւան
Վերջերս մի խումբ սիսիանցիներ նամակ էին գրել մեզ, որտեղ իրենց մտահոգությունն էին հայտնել Սիսիան քաղաքում կրթական մակարդակի անկման մասին: Մասնավորապես, որ վերջին տարիներին Սիսիանի տարածաշրջանում կրթության նկատմամբ անտարբեր ու անհետեւողական վերաբերմունքի հետեւանքով կրթական համակարգը հայտնվել է կաթվածահար վիճակում:



Ըստ նամակագիրների, 11-րդ դասարան ավարտածներից շատերը չգիտեն անգամ, թե հայոց այբուբենը քանի տառ ունի: Ու եթե համապատասխան ատյաններում լուրջ հետեւություններ չանեն, համակարգի եւ դպրոցների ղեկավարումը շարունակեն անպատասխանատու եւ ոչ բանիմաց պաշտոնյաները, ապա Սիսիանը կդատարկվի, եւ բոլորը կրթություն ստանալու համար կտեղափոխվեն այլ քաղաքներ:



Նամակում նշվել էին կոնկրետ մի քանի դպրոցների անուններ, այդ թվում եւ թիվ 2 դպրոցինը: Սակայն օրերս այս նամակի հետքերով մի ծնող՝ Մհեր Եղիազարյան անունով, հատուկ Սիսիանից եկել էր խմբագրություն՝ հավաստիացնելու, որ նամակում այդքան էլ օբյեկտիվ չէ ներկայացված իրավիճակը: «Ես, որպես թիվ 2 միջնակարգ դպրոցի ծնող, ուզում եմ ասել, որ այդ հոդվածում թացն ու չորը խառնված են իրար:



Կոնկրետ թիվ 2 դպրոցը լի է լավագույն ավանդույթներով, եւ միայն այն փաստը, որ անցած տարի մի դասարանի 30 շրջանավարտներից 29-ն ընդունվել է պետական բուհ, արդեն իսկ խոսում է դպրոցի բարձր մակարդակի մասին: Այնտեղ նշված գնահատականը, թե կրթամակարդակն է ցածր, այնտեղ ավարտածները տառերը չեն ճանաչում եւ այլն, սխալ է: Ես կարծում եմ, որ երեխաներին պետք չէ խառնել գլոբալ խնդիրներին: Կրթամակարդակը թիվ 2 դպրոցում եւ ընդհանրապես Սիսիան քաղաքում բավական բարձր է»,- վստահեցնում էր մեզ Մհեր Եղիազարյանը:



Լավ է, որ թերթի նկատմամբ ուշադրությունն այնքան մեծ է, որ մեր ընթերցողները հատուկ Սիսիանից Երեւան են հասնում իրենց խոսքն ասելու համար: