Ընդդեմ մոնոպոլիաների

Ընդդեմ մոնոպոլիաների
Երբ մոնոպոլիաներից, օլիգարխներին տրամադրված անօրինական արտոնություններից ու անհավասար մրցակցային դաշտից են խոսում շարքային քաղաքացիները, դեռ հասկանալի է, սակայն երբ այդ խնդիրներից է խոսում երկրիդ կառավարության ղեկավարը, պարզապես ուղեղդ հրաժարվում է դա որպես օբյեկտիվ իրողություն ընկալել: Երեկ Օշականում, մտավորականների հետ հանդիպման ժամանակ անկեղծանալով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է.  «Այսօր օբյեկտիվորեն ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների համար ծախսատար է Վրաստանով ապրանքներ տեղափոխելը, ինչի արդյունքում նրանք չեն դիմանում խոշոր բիզնեսի հետ մրցակցությանը: Սա օբյեկտիվ հանգամանք է: Որպեսզի այդ մրցակցությունը լինի, անհրաժեշտ են այլընտրանքային ուղիներ` կապերի դիվերսիֆիկացիա եւ այլն: Հաշվի առնելով այս օբյեկտիվ հանգամանքը, ՏՄՊՊՀ-ն պետք է պարտադրի, որպեսզի խոշոր բիզնեսները բաղդատվեն մասերի, որը միջազգային պրակտիկայում գոյություն ունի»: Պարզվում է՝ կառավարությունն արդեն նման լիազորություններ է տվել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, եւ վարչապետը կարծում է, որ «առաջիկա երեք տարիներին մենք լուրջ փոփոխություններ կարձանագրենք այս ոլորտում»: Իսկ հարց է ծագում՝ մինչ օրս ինչո՞վ էր զբաղված այդ հանձնաժողովը, եւ ինչո՞ւ չէին այդ լիազորություններն ավելի վաղ տրվում: Չէ՞ որ այդ հանձնաժողովի եւ ընդհանրապես պետական տնտեսական քաղաքականության իմաստը մոնոպոլիաների, օլիգոպոլիաների, անհավասար մրցակցության, բիզնեսի անհարկի խոշորացման դեմն առնելն է: Հիմա, երբ բանը բանից անցել է, երբ մանր ու միջին բիզնեսը գրեթե վերանալու եզրին է, իսկ մեծերն ուղղակի անկառավարելի են դարձել, ուշ չէ՞ արդյոք նման քայլեր ձեռնարկելու համար: