Հաջորդը՝ 23-ին

Հաջորդը՝ 23-ին
Երեկվա հանրահավաքը, որին մեկ ամսից ավելի սպասել էին Հայ ազգային կոնգրեսի համակիրները, ըստ վաղօրոք արված հայտարարությունների, աշնանային ակտիվացումների սկիզբը պետք է դներ: Ոմանք՝ առավել անհամբերները, վստահ էին, որ վերջապես հայտարարվելու է նստացույց-հացադուլների սկիզբը: Մանավանդ մասսաների մեջ դրա պահանջը կա, եւ պահն էլ կարծես բարենպաստ է՝ ձախողված երկխոսության ֆոնին: Սակայն երեկ ՀԱԿ առաջնորդը նման հայտարարություն չարեց, թեեւ նշեց, որ անգամ եթե երկխոսությունն իր հունով գնար, միեւնույն է՝ «արդյունքը բոլոր դեպքերում կախված էր լինելու ժողովրդական զանգվածների ճնշման աստիճանից», եւ իրենց նպատակը «անդադար զանգվածային միջոցառումների ճնշման տակ իշխանափոխության շուտափույթ իրականացումն է եւ ավազակապետության ամբողջական կազմաքանդումը»: Իսկ թե ինչ եղանակով են իրագործելու այդ ճնշումը եւ ինչպես են հասնելու իրենց նպատակին, այդ ինչ «զանգվածային միջոցառումների» մասին է խոսքը, այդպես էլ չասվեց: Փոխարենն ասվեց, որ պատրաստ են վերադառնալ երկխոսության սեղանին, եթե Տիգրան Առաքելյանին ազատ արձակեն: Անշուշտ անհասկանալի է, թե ինչու են վերսկսում մի բան, որն արդյունք չի տալու: Եվ նման հայտարարությունից հետո, երբ մի կողմն ասում է, որ բանակցությունները ձեւական են, ինքը պատրաստվում է փողոցային պայքարի տակտիկան զարգացնել, ինչու պետք է մյուս կողմը համաձայնի վերսկսել երկխոսությունը: Ընդհանրապես, Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթում բազմաթիվ մութ պահեր կային: Մասնավորապես, անհասկանալի մնաց, թե ինչու է անդրադառնում ընտրությունների վերաբերյալ վիքիլիքսյան հրապարակումներին, սակայն իրեն՝ Տեր-Պետրոսյանին վերաբերող հատվածները չի մեկնաբանում: Մինչդեռ շատ հետաքրքիր կլիներ նրա բացատրությունները լսելը: