Բռնաբարվածը փոշմանե՞լ է

Բռնաբարվածը փոշմանե՞լ է
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 1-ին Նոյեմբերյանում երեք անչափահաս տղաներ բռնաբարել են 17-ամյա Լ. Ն.-ին: Նոյեմբերյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր. 138 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (բռնաբարությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ անչափահասի նկատմամբ): Աղջիկը սովորում է  Տավուշի մարզի Կողբ գյուղի միջնակարգ դպրոցում: Նա պատմել է, որ Նոյեմբերյանի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտներ՝ 17-ամյա Սամվել Անանյանը, 16-ամյա Նարեկ Հակոբյանը եւ 17-ամյա Սերգեյ Ամիրաղյանը «BMW» մակնիշի ավտոմեքենայով իրեն տարել են Նոյեմբերյան քաղաքի հարակից «30 թվական» աղբյուր-հուշարձանի մոտ գտնվող հանդամաս եւ բռնաբարել: Նշենք, որ տղաներից մեկը՝ Սերգեյը, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի որդին է, իսկ Նարեկի հայրը ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում է աշխատում: Նոյեմբերյանի քաղաքապետը մեզ հետ զրույցում հերքել էր, որ նման միջադեպ է եղել իր քաղաքում, ուր մնաց որդին մասնակցություն ունենար: Փոխարենը, ոստիկանության Նոյեմբերյանի քննչական բաժանմունքի պետ Գագիկ Նասիբյանը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր, որ կասկածյալներից  մեկը Նոյեմբերյանի քաղաքապետի որդին է, մյուսը` ոստիկանի: Ըստ քննիչի, դա չի կաշկանդում իր  գործողությունները:  «Ո՞վ կարա ճնշի: 29 տարվա քննիչ եմ, չեն կարա ճնշեն: Պրոբլեմ չունեմ ես: Մեկ է, ոնց ուզեմ` պետք է բռնեմ, ճիշտը պետք է իմանամ»,- ասել էր նա: Սակայն մինչ  կբացահայտվեր ճիշտը, ըստ որոշ հրապարակումների, տուժած աղջիկը ոստիկանությանը հայտարարություն է տվել, որ «իրեն չեն բռնաբարել»: Սակայն գործը դեռ չի փակվել, քանի որ կասկածներ կան, որ աղջիկը ստում է կամ ճնշման տակ է նման հայտարարություն արել: Նշանակվել են փորձաքննություններ, առայժմ ձերբակալվածներ ու կալանավորվածներ  չկան: Մեր տեղեկություններով, գործի նախաքննությունն իրականացնում է ոստիկանության Հատուկ քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունը: Ոստիկանությունում հաստատեցին դա: