Արա Աբրահամյանը հանձնեց մրցանակները

Արա Աբրահամյանը հանձնեց մրցանակները
Երեկ Հայաստանի գրողների միության մեծ դահլիճում, Օտարագիր գրողների 4-րդ համաժողովի բացման արարողությունից հետո, հանձնվեցին Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության եւ ՀԳՄ կողմից սահմանված «Հայը 21-րդ դարասկզբին» 2011թ. անտիպ գործերի համար (վեպ, վիպակ, պատմվածաշար) գրական մրցանակները:



«Ենոքի աչքը» վեպի համար մրցանակ շնորհվեց արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանին: «Միայնակ շան լուսնահաչը» վիպակի համար մրցանակը` Հուսիկ Արային: Պատմվածաշարի համար` Էդուարդ Խաչիկյանին: Արա Աբրահամյանը, որը բացառիկ վերաբերմունք եւ հոգածություն է ցուցաբերում հայ եւ օտարագիր գրականության հանդեպ` համագործակցելով Լեւոն Անանյանի, այդ թվում նաեւ Հայաստանի գրողների միության հետ, իր ելույթում, որ այդպես էլ չստացվեց, վասնզի Արա Աբրահամյանի հայերենը կաղաց` կմկմախառը, ռիթմից ընկած աններդաշնակ ու տափակ նախադասություններով, բայց մի կերպ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ Լեւոն Անանյանի հայացքների ներքո եւս մեկ անգամ հավաստիացրեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի գոնե ֆինանսապես աջակցի սոցիալական դժվար վիճակում գտնվող գրողներին եւ հայ գրականության զարգացմանը: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ոսկե շքանշաններով պարգեւատրեց սփյուռքի մի շարք գրական մշակների` վիպասան, էսսեիստ, Նյու Յորքում գրականության դասախոս Փիթըր Սուրյանին, Թուրքիայում «Արազ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Մարկոսյանին, Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան, մեծ հայասեր եւ հայագետ Ալեքսանդր Բոժկոյին, որը 2012 թվականին թարգմանությունների ուշագրավ գիրք կներկայացնի հայ ընթերցողներին եւ էլի ուրիշների:



Օտարագիր հայ գրողներին հավուր պատշաճի գնահատելուց հետո ի վերջո հերթը հասավ հայ գրողներին: Գրող Էդուարդ Խաչիկյանը, ստանալով համապատասխան դիպլոմը, խրոխտ կեցվածք ընդունեց եւ դահլիճին ասաց. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:



Սփյուռքահայ գրող Պողոս Գուբելյանը, որը չէր արժանացել մրցանակի, սակայն արժանացել էր հատուկ մրցանակի (ինչպես միշտ, ամեն տարի մյուս մրցանակակիրների գումարներից հատուկ գումարներ են հանգանակվում կամ պռճոկվում՝ եւս մեկ գրողի «արժեւորելու» համար), ընդունելով մրցանակը եւ շնորհակալություն հայտնելով մեծ ուշադրության համար, նվիրեց իր հատուկ մրցանակը սփյուռքահայ գրողներին, որոնք դժվարին պայմաններում հայապահպան գործ են անում աշխարհի տարբեր համայնքներում:



Այսպիսով Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության եւ ՀԳՄ-ի կողմից սահմանված «Հայը 21-րդ դարասկզբին» 2011թ. անտիպ գործերի համար գրականության բնագավառում սահմանված մրցանակները հանձնվեցին: Ապագայում մրցանակներ ստացած անտիպ ստեղծագործությունները կտպագրվեն կամ չեն տպագրվի, կընթերցվեն կամ էլ չեն ընթերցվի, հայ գրականությունը կամ մեծ առաջխաղացում կունենա ի խնամակալություն Արա Աբրահամյանի ու ի տեղաբաշխումն Լեւոն Անանյանի, կամ ընդհանրապես չի ունենա:



Այստեղ կարեւորն ամենամյա մրցանակաբաշխությունն է, ձեւավորված բարի ավանդույթը, Արա Աբրահամյանի առատ ձեռնափը եւ հայ գրականության պայծառ ապագան: Մնում է գումարները բարով-խերով տեղ հասնեն ու փոխանցվեն գրողներին:



Հա, մնում է, որ նաեւ Արա Աբրահամյանն ու Լեւոն Անանյանը գոհ մնան ամեն ինչից, որպեսզի հանկարծ մյուս տարի չփոշմանեն մրցանակաբաշխություն անել. հազիվ մի նորմալ մրցանակաբաշխություն է՝ գնա-կորի՞: