Որ վերադարձողը մնա

Որ վերադարձողը մնա
Միացյալ Նահանգների քաղաքացի, երկար տարիներ օվկիանոսից այն կողմում ապրած ընկերս անսպասելի վերադարձել է հայրենիք: Թողել է տուն-տեղ-կին-երեխա-աշխատանք ու վերադարձել: Ահագնացող արտագաղթի ու Հայաստանից մեկնել երազողների ֆոնին սա գրեթե հերոսության նման բան է ինձ թվում: Բայց կասկածում եմ՝ կկարողանա՞ հարմարվել մեր իրականությանը, կգտնի՞ իր տեղը, թե՞ ինչ որ ժամանակ անց՝ տեղի տալով կնոջ ու երեխաների հորդորներին, այդպես էլ չհարմարվելով մեր անօրեն ու վայրիվերո կյանքին, կրկին ինքնաթիռ կնստի: Ի՞նչ է հարկավոր, որ վերադարձողը չհեռանա, իսկ մնացողները չափսոսան մնալու համար: Չհամարեն, որ «մի կյանք են ապրում», եւ հայրենիք կոչվածը նման զոհողության չարժե: ԱՄՆ-ից վերադարձած ընկերս ասում է, որ ուզում է քաղաքական գործունեությամբ զբաղվել՝ կյանքի վեցերորդ տասնամյակում իր մեջ քաղաքական գործչի որակներ է հայտնաբերել եւ որոշել է փոխել կամ մասնակցել իր ժողովրդի կյանքը փոխելու գործընթացին: Միամիտ մարդ՝ կմտածեք դուք, կարծում է, թե քաղաքական գործունեությամբ հնարավոր է ինչ որ բան փոխել մեր իրականության մեջ: Մեր՝ հայաստանցիներիս կարծիքով, քաղաքական գործունեությամբ զբաղվողները, ինչպես «Ինեկոբանկի» ռեկլամում է ասվում, «օգնում են իրենց փողին, որ աճի», կամ քրեական պատասխանատվությունից են խուսափում: Առնվազն հեռուստաէկրաններին շատ երեւալով, հարց-մարց լուծելով են զբաղված: Բայց ընկերս համառ է, ասում է՝ ուզում եմ մեր պետության, ժողովրդի հոգս ու ցավի մասին մտածող մի կուսակցություն մտնել, ո՞րը, հարցնում է նա՝ խորհուրդ տուր: Այ քեզ բարդ խնդիր: Ի՞նչ խորհուրդ տամ այս ռոմանտիկ «ամերիկացուն»: Ո՞րն է այն կուսակցությունը, որը քիչ թե շատ տեղավորվում է կուսակցությունների մասին ամերիկյան պատկերացումների շրջանակներում: