Աստծո փոխանորդները

Աստծո փոխանորդները
Վլադիմիր Գասպարյանի նշանակմանը հաջորդած իրադրաձություններին հետեւելիս երկու պարզունակ հետեւություններ կարելի է անել: Առաջինն այն է, որ չինովնիկը, անգամ ուսադիրներ կրող անձը կարող է հանգիստ-խաղաղ նայել լրագրողի, իմա հասարկության, աչքերին ու ստել: Ասել` ես չեմ պատրաստվում կադրերի ջարդ անել, սակայն նշանակում է հաջորդ իսկ օրվանից սկսել կոտորածը: Այստեղից երկրորդ դիտարկումը, որը միայն ոստիկանությանն եւ Վովա Գասպարյանին չի վերաբերում, մարդը մեզանում ամենաանպաշտպան էակն է: Ոչ երկարամյա աշխատանքը, ոչ քաղծառայողի կարգավիճակը, ոչ մասնագիտական որակներն ու բարեխղճությւոնը երաշխիք չեն, որ մի գեղեցիկ օր քեզ չեն ասելու ցտեսություն: Իսկ աշխատանք գտնելու դժվարությունների պարագայում աշխատողին գործից հանելը հավասարազոր է փողոց շպրտելուն: Մի կողմից զարմանում ես, որտեղից է պետերի այդ համոզվածությունը, որ տվյալ անձը չի համապատասխանում իր պաշտոնին, երբ նրան հանելիս գործը շահել է:

Մյուս կողմից, ապշել կարելի է, թե ինչ խղճով են այս «նաչալիկները» մարդկանց գործազուրկ դարձնում: Ինչպես  չեն մտածում, որ աշխատանքից զրկված մարդը կարող է համալրել արտագաղթողների, անապահովների, դժբախտ մարդկանց եւ վերջապես ինքնասպանների շարքերը: Ինչպես  է նորթաթուխ պետը իր ուսերին վերցնում այսպիսի բեռ, այսքան պատասխանատվություն: Մարդկանց ճակատագրեր վճռելու իրավունք ստանձնում: Կասեք միամիտ բաներ եմ ասում: Կասեք սրանց խիղճ որտեղից: Թերեւս: Սրանց թվում է, իրենց պաշտոնն Աստծո պարգեւն է արդարացի ու հավերժ, իսկ մյուսներինը էլի պարգեւ է: Բայց իրենց կողմից շնորհված: Որ ինչպես տվել են, այնպես էլ առնեն: Որ տան հավատարիմներին ու մերձավորներին: Իսկ զրկվողները հաշտվեն իրենց ճակատագրի հետ ու լուռ հեռանան: