Սունդուկյան թատրոնն արդեն գլխավոր ռեժիսոր ունի

Սունդուկյան թատրոնն արդեն գլխավոր ռեժիսոր ունի
Երեքուկես տարի հետո վերջապես Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն ունեցավ գլխավոր ռեժիսոր: Երեկ թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը կոլեկտիվին ներկայացրել է թատրոնի նորանշանակ գլխավոր ռեժիսորին՝ Տիգրան Գասպարյանին, որը, ինչպես տեղեկացրեց Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մամլո խոսնակ Վահե Մովսիսյանը, թատրոնում աշխատում է 1983 թվականից: Ու եթե մինչ այս մշակույթի նախարարի իրավասության մեջ էր նշանակել մայր թատրոնի թե տնօրենին եւ թե գեղարվեստական ղեկավարին, ապա վերջերս ՊՈԱԿ-ի փոփոխված կանոնադրության համաձայն՝ հաստիքացուցակում ավելացել է նաեւ գլխավոր ռեժիսորի միավորը, որը, ի թիվս մնացած 212 հաստիքային միավորների, տնօրենի խնդիրն է, այսինքն՝ մայր թատրոնի գլխավոր ռեժիսորի հարցում նախարարությունը ոչ մի միջամտություն հանդես չի բերել, եւ, ինչպես մյուս աշխատողների հարցում, այնպես էլ այս դեպքում գլխավոր ռեժիսորին նշանակել է թատրոնի տնօրենը՝ Ստեփան Դավթյանը: «Ես ինքս կողմ եմ եղել, որ ստեղծագործական մասն ունենա ղեկավար, առանց էքսպերիմենտների»,- մեզ հետ զրույցում ասաց Վահե Մովսիսյանն ու պատմեց, որ ռեժիսորին թատրոնի կոլեկտիվը, դերասաններն ընդունել են լավ, դրական. նախ, որ դա մրցութային եղանակով չէր, այսինքն՝ չկար այլ թեկնածու, ու գլխավոր ռեժիսորին նշանակեց տնօրենը, եւ հետո. «Քանի որ Տիգրան Գասպարյանը, այսպես ասած՝ ծնվել-մեծացել է թատրոնում, այլ կերպ չէր էլ կարող ընդունվել: Ես նույնպես ուրախ եմ, որ ունեցանք գլխավոր ռեժիսոր՝ եւ ներսից, բայց նեղված եմ մի հարցում, որ եթե 3.5 տարի առաջ որոշ մարդիկ կոկորդ էին պատռում, որ պետք չէ այդ հաստիքը, կարելի է առանց դրա էլ, թող գան-բեմադրություններ անեն, ապա նույն այդ մարդիկ այսօր լրիվ հակառակ բանն էին ասում ու գոհունակությամբ նշում, որ վերջապես 3.5 տարի հետո գլխավոր ռեժիսոր ունեցանք՝ առանց մտածելու, որ դրանով իսկ իրենք հարվածեցին  մշակույթի նախարարին, որովհետեւ եթե առաջ այլ բան էին ասում, ապա այսօր դա վերագրում են իրենց, կարծես դա իրենց հաղթանակն էր»:



Ինչ վերաբերում է այն բանին, թե որքանով էր հաջող այս ընտրությունը, որովհետեւ ժամանակին շատերի թեկնածությունն էր շրջանառվում, մասնավորապես Արմեն Էլբակյան, Արմեն Մազմանյան, Վահան Բադալյան, Նիկոլայ Ծատուրյան, իսկ Տիգրան Գասպարյանի անունը, որքան էլ տարօրինակ է, երբեք հավանական թեկնածուների մեջ չկար, Վահե Մովսիսյանը նշեց, որ ցանկացած դեպքում կողմնակից է, որ կադրն աճի թատրոնի ներսում. «Քանի որ ներսի մարդը շատ ավելի ծանոթ է յուրաքանչյուր սուր ու բութ անկյուններին, նաեւ շատ լավ գիտի կոլեկտիվին, որովհետեւ դերասանները մի քիչ այլ կարգի մարդիկ են»: