Փոշմանել է

Փոշմանել է
Միայն Հայաստանում կարող է նման բան լինել, որ ամիսներ շարունակ պատգամավոր չառաջադրվելու մասին հրապարակային հայտարարություններ արած անձն ընտրություններից 2 ամիս առաջ հայտարարի, որ մտքափոխ է եղել եւ որոշել է ԱԺ պատգամավոր դառնալ: Բացատրությո՞ւն: Չկա՝ «իմ իրավունքը չի՞, կուզեմ կառաջադրվեմ, չեմ ուզի՝ չեմ առաջադրվի», շատ տրամաբանական բացատրություն է տալիս սույն անձը: Ոչինչ, որ մի քանի ամիս առաջ ասել էր. «Ես ավելի կարեւոր գործով եմ զբաղված, իմ համար ֆուտբոլն ավելի կարեւոր ա, առաջնահերթ, իսկ օրենսդիր գործունեությամբ զբաղվել՝ ես գտնում եմ, որ դա իմ տեղը չի»: Ոչինչ, որ այս անձը մեր ամենահայհոյախոս պատգամավորներից է, եւ լրագրողների հետ նրա սկանդալային շփումները վերջին տասնամյակի քրոնիկոնի ամենաուշագրավ էջերից են: Նաեւ ոչինչ, որ մոտ 500 քվեարկությունների չի մասնակցել ու չի պատվել խորհրդարանն իր ներկայությամբ: Եվ այնքան շատ բացակայություններ ունի ԱԺ նիստերից, որ հարկ էր պատժել նրան, սակայն «պատժելու» ձեւը, փաստորեն, նորից խորհրդարան ուղարկելն է: Հաջորդ խորհրդարանում էլ նա նիստերին չի մասնակցելու, լրագրողների հետ խոսելիս գոռալու է՝ «գնա ստուց» եւ այլն: Բայց դա չէ էականը, այլ հավանաբար այն, որ Ավանում ավելի հարմար անցողիկ թեկնածու չեն գտել եւ որոշել են Ռուբեն Հայրապետյանով այդ աթոռը զբաղեցված տեսնել: Ընդհանրապես որոշ մարդիկ պարզապես «բրոնյա» են արել պատգամավորի աթոռը, եւ մանդատը նրանց համար դարձել է շքեղ ավտոմեքենայի կամ կազինոյում խաղալու նման մի բան՝ կարգավիճակի անբաժանելի ատրիբուտ, որը հաճելի է ու ոչ մի պատասխանատվություն չառաջացնող: Մյուս կողմից, նրանք մեղավոր չեն: Մեղավորը մենք ենք՝ ընտրողներս: Եվ պետք չէ ասել, որ նրանք միայն կեղծիքներով են անցնում: