Արզաքանցյանը շատ փոքր ա , որ ինձ դրածո սարքի

Արզաքանցյանը շատ փոքր ա , որ ինձ դրածո սարքի
Գեղարքունիքի մարզի թիվ 22 ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրել է միանգամից 3 պատգամավորության թեկնածու: Սա այն ընտրատարածքն է, որտեղից  2007թ. պատգամավոր է ընտրվել Տիգրան Արզաքանցյանը՝ «Գրեյթ վելլի» գինու եւ կոնյակի արտադրության գործարանի սեփականատերը, որին ՀՀԿ-ն որոշեց չառաջադրել այս անգամ: Եվ չնայած հանրապետական թեկնածուներից Վահագն Հակոբյանն արդեն ինքնաբացարկ է հայտարարել, սակայն մեկից ավելի հանրապետականների փաստը հատկապես ուշագրավ է այն համատեքստում, որ Արզաքանցյանը, որոշ լուրերով, ծանր է տարել իր չառաջադրվելու փաստը, եւ չի բացառվում, որ իր մարդուն է առաջադրել: Իսկ այս անգամ իշխանությունների թեկնածուն ՀՀԿ-ական Մանվել Բադեյանն է՝ «Եվրոստանի» Մանվելը: Ի դեպ, ըստ լուրերի, Արզաքանցյանի փոխարինումը ծրագրել է Տիգրան Սարգսյանը, քանի որ Արզաքանցյանը, հայտնի է, լավ հարաբերություններ ունի Հովիկ Աբրահամյանի հետ: Զրուցեցինք առաջադրված բոլոր հանրապետականների, այդ թվում ինքնաբացարկ հայտարարած թեկնածուների հետ՝ հասկանալու երեք ՀՀԿ-ականների առաջադրման տրամաբանությունը:



ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆ - Մեկ անգամ արդեն թեկնածու է եղել այս ընտրատարածքում` 1999-ին, եւ պարտվել է սփյուռքի ներկայիս նախարար Հրանուշ Հակոբյանին: Բադեյանը վստահեցրեց, որ ինքն ուժեղ թեկնածու է եւ կաշառք էլ չի բաժանում:



- Պարոն Բադեյան, ինչպե՞ս կմեկնաբանեք երեք ՀՀԿ-ականների առաջադրման փաստը:



- Բացատրելու ի՞նչ կա, ՀՀԿ-ն ինձ է առաջադրել, մնացածն էլ ինքնառաջադրումներ են, ով ուզում, առաջադրվում է, ով չէ՝ չէ:



- Պարոն Բադեյան, գործող պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը դժվար տարավ, որ ՀՀԿ-ն իրեն չսատարեց, հնարավո՞ր է նա այստեղ թեկնածու է առաջադրել:



- Արզաքանցյանը մեծ սիրով ընդունել է կուսակցության խորհրդի որոշումը իմ թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ եւ մեծ սիրով ինձ օգնում է կազմակերպչական հարցերում:



- Այդ դեպքում ինքնաբացարկ հայտարարած Հակոբյան Վահագնին գուցե Դո՞ւք էիք առաջադրել, քանի որ նոր ԸՕ-ն մեկից ավելի առաջադրում է պահանջում:



- Բացարձակապես, ես իրեն չեմ էլ տեսել՝ սկսած 2002 թվից:



- Պարոն Բադեյան, քանի որ Ձեր թիմից անհասկանալի առաջադրումներ կան, հնարավո՞ր է, ընդունված ավանդույթի համաձայն, նրանք որոշել են դնել, ապա  որոշակի գումարի դիմաց հանել իրենց թեկնածությունները:



- Որեւէ մեկն ինձ նման առաջարկ չի արել, եւ չեմ կարծում, որ որեւէ մեկը նման նպատակով առաջադրված լինի:



- Այնուամենայնիվ, ո՞րն էր պատճառը, որ մի ՀՀԿ-ական գործարարին փոխարինեցին մյուսով՝ Արզաքանցյանին Ձեզանով: Ինչպե՞ս կբացատրեք:



- Իսկ ինչպե՞ս կբացատրեք, որ ձեզանից մեկն առաջ այդտեղ աշխատում էր, հիմա չի աշխատում, եւ դուք եք աշխատում:



- Ես կարող եմ պատասխանել, որ նախորդը լավ չէր աշխատում, ես լավ եմ աշխատում, կամ էլի շատ բաներ:



- Բա ես ըտենց բան կասեմ: Կուսակցության խորհրդի որոշումն է եղել, հիմա ես ի՞նչ գիտեմ ինձ խի են առաջադրել: Ես իրավունք ունե՞մ էդ մեկնաբանությունը տալ, էթիկայի դասեր անցե՞լ եք երբեւիցե:



- Ուզում եմ հասկանալ, Դուք ավելի՞ արժանավոր եք կամ գուցե մեծամեծ խոստումներ ու երաշխիքներ եք տվել:



- Առաջին անգամ չի, որ իմ կուսակիցները պիտի ինձ ճանաչեն, որ մի հատ էլ ես երաշխիքներ տամ, ինձ ճանաչում են, եւ էդքանը հերիք է, որ ինձ առաջադրեն:



- Արզաքանցյանին լավ չէի՞ն ճանաչում, թե՞ լավ չէր աշխատել:



- Ըտենց բան ոչ ասել եմ, ոչ էլ կասեմ:



- Պարոն Բադեյան, եթե Դուք գործարար չլինեիք, թերեւս հասկանալի լիներ փոխարինումը, քանի որ ՀՀԿ-ն հայտարարում է՝ իբր գործարարների թիվը պետք է նվազի:



- Իսկ եթե փոփոխություն չլիներ, պիտի նույն հարցը տայիր: Առհասարակ էդ ի՞նչ մոտեցում ա՝ գործարար: Հետո, ինչի՞ց իմացար, որ ես գործարար եմ: …Սեփականատեր լինելը չի թույլատրվում:



Հաջորդ թեկնածուն՝ ԳՐԻՇԱ ՀՈՎԵՅԱՆԸ, հասցրել է լինել եւ Գավառի քաղաքապետ, եւ ԱԺ պատգամավոր: Պատգամավոր եղած ժամանակ, ըստ հրապարակումների, երկու անգամ է ընդամենը ելույթ ունեցել ամբիոնից, բայց այնպիսի բառապաշարով, որ երկար ժամանակ գավառցիներն ամաչում էին ասել, թե ով է իրենց պատգամավորը: Վերջին տարիներին մշտապես մասնակցել է Գավառի քաղաքապետի ընտրություններին, բայց պարտվել է: Հովեյանը մեզ եւս չզրկեց Քյավառա բարբառն ըմբոշխնելու հնարավորությունից:



- Պարոն Հովեյան, Դուք ՀՀԿ անդամ եք, ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր առաջադրումը, երբ հայտնի է, թե ՀՀԿ-ն ում է սատարելու:



- Հայտարարե՞, որ Մանվել Բադեյանն ոչինչ չարե, դրա՞ համար: Էն ժամանակ, որ ես հանրապետական էի, Աշոտ Նավասարդյանն էր հանրապետական, եւ եթե հանրապետականից չեմ փոխվե, դա իմ արժանապատվությունը թույլ չի տալում: Չկար նույնիսկ Սերժ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանը, ոչ ոք չկար, ես էի հանրապետական, այ դրա համար եմ առաջադրվե: Դա պրինցիպի խնդիր ա, ուրիշ ոչ մի բան: Հիմա առաջադրվել եմ, որ ժողովրդի համար մի բան անեմ, որը ոչ ոք չի անում:



- Պարոն Հովեյան, Դուք Արզաքանցյանի հետ լա՞վ հարաբերություններ ունեք:



- Ես ոչ մեկի հետ էլ լավ հարաբերություններ չունեմ, ես ինքնամփոփ մարդ եմ:



- Բա ասում էին, որ Դուք իր խորհրդով եք առաջադրվել:



- Եթե Դուք իմ կենսագրությունը կարդացած լինեիք, նման բան չէիք ասի:



- Իսկ ի՞նչ վիճակ է հիմա ձեր ընտրատարածքում, իշխող թեկնածուի կողմից ճնշումներ կամ ընտրախախտումներ արձանագրե՞լ եք:



- Իհարկե, ճնշո՞ւմ չէր, մեր ՀՀԿ մարզային կառույցի պետ՝ Բադալյան Գարիկը, կանչեցին, ասեցին՝ քեզի հեռացնում ենք կուսակցությունից, ես էլ ասեցի՝ ես էլ ողջունում եմ, էդքան մի բան: Իսկ էդ ընտրախոստումներ-բան, զգուշորեն է լինում: Էդ ամեն ինչը ստվերի մեջ ա, էլի, ես չեմ կարող ասել:



ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ Գեղարքունիքի մարզպետ է եղել, ապա աշխատել է Երեւանի մետրոպոլիտենի տնօրեն: Հիմա «Նաիրիտ» գործարանի տնօրենի խորհրդականն է: Ուշագրավ է, որ Վահագն Հակոբյանին ՀԱԿ-ը ներկայացրել է իր մեծամասնական թեկնածուների ցանկում: Հակոբյանն ինքնաբացարկ է հայտարարել, մեզ հետ զրույցում պատճառաբանեց, որ առողջական խնդիրներ են առաջացել, եւ բուժվելու նպատակով պետք է երկար ժամանակով բացակայի Հայաստանից:



- Դրա համար նպատակահարմար գտա, որ դուրս գամ պայքարից, ուրիշ բան չկա:



- Դուք ՀՀԿ անդա՞մ եք:



- Այո, այո: Ավելին՝ ՀՀԿ հիմնադիր անդամ, հիմնադիր, որտեւ էն ժամանակ, որ կուսակցությունը ստեղծվեց, Աշոտ Նավասարդյանն էր, Անդրանիկ Մարգարյանը, Ռազմիկ Զոհրաբյանն էր, ես էի, Գալուստ Սահակյանն էր, ըտենց մի քանի հոգի էինք:



- Պարոն Հակոբյան, թեեւ Դուք արդեն ինքնաբացարկ եք հայտարարել, բայց այնուամենայնիվ ինչո՞ւ էիք առաջադրվել, հայտնի է, որ ՀՀԿ-ն Մանվել Բադեյանին է առաջադրել այդ ընտրատարածքում:



- Ես, ճիշտն ասած, երբ ինքնառաջադրում արեցի, չգիտեի, որ Բադեյանին իրենք առաջադրելու են: Հետո իրենք առաջադրեցին, առողջությանս հետ կապված պրոբլեմն էլ սրացավ, արդեն մի քանի օր է, սրտի հետ կապված պրոբլեմ կա, որոշեցի-ասի՝ ավելի լավ ա կիսատ-պռատ ստեղ կամ ընդեղ չթողնեմ:



- Մյուս թեկնածուն ասաց, որ իրեն հեռացրել են կուսակցությունից, գուցե Ձեզ է՞լ են նկատողություն տվել, դրա համար եք դուրս եկել պայքարից:



- Մենակ ու մենակ առողջության պատճառով:



- Ձեր առողջությունը նո՞ր վատացավ:



- Ես սրտից վիրահատված եմ, չգիտեի, որ սենց կսրանար: Երեւի եղանակներն էին պատճառը:



- Դուք գործող պատգամավոր Արզաքանցյանի հետ նորմալ հարաբերություններ ունե՞ք:



- Գործողի հետ էլ, Բադեյան Մանվելի հետ էլ: Դուք մոռացե՞լ եք, որ ես 10 տարի ստեղ պատգամավոր եմ եղել, աղջիկ ջան, էս շրջանում 10 տարի գործկոմի նախագահ, այս տարածքում ես 5 տարի մարզպետ եմ եղել: Էնպես որ, ով էս տարածքում ծնվել ա, ապրել ա, սաղի հետ էլ լավ հարաբերություններ եմ ունեցել:



- Ի դեպ, մամուլում գրվեց, որ Դուք, կոպիտ կհնչի, բայց Արզաքանցյանի դրածոն եք այդ ընտրատարածքում, եւ քանի որ Արզաքանցյանը սկզբում այնուամենայնիվ որոշել էր հեշտ չհանձնվել, ասում էին՝ Ձեզ էր առաջադրել:



- Ուրեմն, աղջիկ ջան, Արզաքանցյանը հլը շաաատ փոքր ա, (չգիտեմ՝ իրա ունեցվածքը հլա մնացել է, որտեւ սնանկ ա՝ ասում են, վաղուց չեմ տեսել իրան), հլը շաաաաաատ փոքր ա, որ ինձ դրածո սարքի: Ես իրա նման մի 10-15 մարդու կարող ա…, բայց ինձ դրածո ոչ ոք չի կարա սարքի, Արզաքանցյանն ո՞վ դառավ, որ… կամ ինչի՞ համար, որ իրան չեն առաջադրե՞լ, Բադեյանին են առաջադրել: Իմ պես կրթություն ունեցող մարդը, անցած ուղի ունեցող մարդը պիտի Արզաքանցյանի՞ն դրածո դառնա: Արզաքանցյանի տարիքը, փորձը, որ մի կոպեկ փող են ունենում, էդ չի նշանակում, որ ամեն ինչ կարող են անել: Ես ցանկացած ժամանակ, որ թողնեի թեկնածությունս, իմ համար պրոբլեմները շատ քիչ էին լինելու, ժողովուրդն ինձ գիտի, ուղղակի առողջությունս ավելի կարեւոր է:



- Իսկ Ձեր կարծիքով կա՞ նման մարդ առաջադրված:



- Ես չգիտեմ, ընդեղ կա Հովեյան Գրիշա, որ Տիգրանի հետ մոտիկ ա, բայց դե, նրա դրածոն ա թե չէ, չգիտեմ:



- Պարոն Հակոբյան, Ձեր անունը նշվել էր ՀԱԿ մեծամասնական ցուցակում, ՀԱԿ-ի հետ պայմանավորվածությո՞ւն էիք ձեռք բերել:



- Ես կուրսի չեմ: …Ուրեմն ցանկացած թեկնածու կուզենար, որ ես իրա ցուցակում լինեի, այդ թվում՝ ՀԱԿ-ը, Դաշնակցությունը եւ մնացած բոլորը, սաղ էլ կուզենային, հիմա թե ոնց ա եղել, ինչ ա եղել, սաղ էլ իմ ընկերներն են, պետք չի, էլի, ըտենց անջրպետ դնել: Բայց իմ հետ քննարկում չի եղել: