Մեր բոլոր 41 ընտրատարածքային կառույցներում սպասում են Ձեզ

Մեր բոլոր 41 ընտրատարածքային կառույցներում սպասում են Ձեզ
Այսօր մարտի 30-ն է, եւ այսօրվանից մենք սկսում ենք մեր նոր ճակատամարտը հանուն ժողովրդավարության, հանուն այնպիսի Հայաստանի, որն այլեւս ազատ կլինի այս կեղեքիչ իշխանություններից եւ կդառնա արժանապատվորեն ապրելու եւ ստեղծագործելու մեր օրրանը: Մինչեւ այսօր մենք զբաղված էինք բազմաթիվ ներքին կազմակերպական խնդիրներով, համամասնական ցուցակի կազմումով, մեծամասնական մեր թեկնածուների առաջադրումով, ըստ էության որոշվում էին մեր ժողովրդավարական բանակի ներսում դերակատարությունների բաշխումը եւ ճակատի տարբեր հատվածների համար պատասխանատուների ընտրության հարցերը: Հասարակության համար աննկատ այս աշխատանքի պատճառով թվում էր, թե քաղաքական կյանքում հաստատվել է անդորր: բայց դա նադորր էր փոթորկից առաջ: Այսօր ես ձեզ զեկուցում եմ, որ մեր բանակը արդեն շարված է եւ պատրաստ ընդհանուր հարձակման: Ժողովուրդ, հարց եմ տալիս բոլորիդ. պատրա՞ստ եք, մեզ հետ եք:



Հայաստանի նորանկախ պատմության մեջ առաջին անգամ 90 տոկոսից ավելի ընտրատարածքներում միացյալ ընդդիմությունը առաջադրել է թեկնածուներ: Դա մեզ թույլ կտա լուծել երկու խնդիր. նախ` ամեն ընտրատեղամասում մենք կունենանք երկու վստահված անձ. մեկը Հայ Ազգային Կոնգրեսի դաշինքի, եւ մյուսը`Կոնգրեսի թեկնածուի, ընդհանուր հաշվով մոտ 4000 մարդ կկարողանան վերահսկել ընտրությունների ընթացքը: Եւ երկրորդ` Կոնգրեսի գործող կառույցների ռեսուրսներին գումարվել են թեկնածուների անհատական համակիրները, բարեկամները եւ հարազատները, եւ բոլորը այսօր նպատակաուղղված գործում են հանուն փոփոխությունների: Միացյալ ընդդիմության այս նվաճումներին շատ շուտով գումարվելու է այն, որ վերջապես հեռուստաեթերը բացվելու է մեր առջեւ, եւ ճշմարիը խոսքին կարոտ ժողովուրդը արագորեն ազատվելու է վախի ճիրաններից եւ ոտքի է կանգնելու: Քաղաքական կյանքի թեժացումը արդեն սկսվել է, բայց իսկական թեժացումը դուք դեռ կտեսնեք: Նորից հարցնում եմ, պատրաստ եք՞ թեժացնել քաղաքական մթնոլորտը երկրում: Պատրաստ եք՞ ստեղծել այնպիսի վիճակ, որ ընտրակեղծարարների ոտքերի տակ հողը վառվի, ...որ շանտաժով եւ ընտրակաշառքով ստրկացած ժողովուրդը արթնանա եւ քշի հանցագործ թալանչիներին:



Սա ճակատամարտ է, որը թույլ է տալու բազմապատկել հանուն ժողովրդավարության կռվող մեր այս բանակը: Մայիսի 6-ին մեզ, այն քաղաքացիներիս, որ առանց վախի եւ կասկածի դուրս ենք եկել պայքարելու այս ռեժիմի դեմ, միանալու են նաեւ մեր այն համակիրները, որ մինչեւ հիմա սպասել են այն պահին, երբ հնարավոր կլինի քվեարկության միջոցով աջակցություն հայտնել ժողովրդավարական մեր Շարժմանը:



Իսկ այդպիսիք շատ-շատ են, այսօր մեզ հետ է ամբողջ ազգը եւ մեր ժողովուրդը մեծ անակընկալ է մատուցելու այս իշխանություններին, որոնք մտածում են, թե իրենց ընտրացուցակային կեղծիքներով կարող են նորից բռնաբարել ժողովրդի կամքը:



Նրանք չեն հասկանում, որ մենք այլեւս ապրում ենք լրիվ նոր մի դարաշրջանում եւ լրիվ այլ  մի հասարակության մեջ: Ինտերնետի, Ֆեյսբուքի, Յություբի, սմարտֆոնների դարաշրջանում հնարավոր չէ թաքցնել ինֆոմացիան եւ խաբել սեփական ժողովրդին եւ միջազգային հանրությանը: Այս չորս տարվա ընթացքում մեր աննկուն Շարժման շնորհիվ ստեղծվել է նոր հասարակություն. համարձակ, ազատ եւ իր իրավունքների նկատմամբ պահանջատեր: Եւ ես այդ հասարակությանն եմ ուղղում իմ հարցը:  Սրնաց վերջը տալու ենք՞: Դե ուրեմն լծվեք գործին: Գործը շատ է: Մեր բոլոր 41 ընտրատարածքային կառույցներում սպասում են Ձեզ: Գտեք կոնկրետ Ձեր ընտրատարածքի կառույցի տվյալները մեր ANC.am սայթում եւ առաջարկեք Ձեր օգնությունը:



Ստեղծվել է պատմական պատեհություն` ընտրություններով թոթափել գիշատիչ իշխանիկների այս լուծը, եւ սերունդները մեզ չեն ների, եթե մենք այն չօգտագործենք: Ուրեմն ի գործ: Պայքար, պայքար մինչեւ վերջ:



Լեւոն Զուրաբյան