Անհավասար հնարավորություններ

Անհավասար հնարավորություններ
Ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների չափորոշիչներից մեկն էլ ընտրություններում մրցակիցների հավասար քարոզչության հնարավորությունն է, տեղեկատվության եւ քարոզչական միջոցներից հավասարապես օգտվելու իրավունքը: Եվ քանի որ այս փուլում Հայաստանի նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը սրված է, եւ բազմաթիվ կառույցներ ու մարմիններ բացահայտ եւ թաքուն մոնիտորինգ են իրականացնում ու հետեւում նախընտրական փուլին, ուստի էլեկտրոնային լրատվամիջոցներն աշխատում են եթերում իշխանական կուսակցություններին ու թեկնածուներին չափից ավելի շատ տեղ չհատկացնել: Ասում են՝ արդեն իսկ հավասարակշռությունը խախտված է, եւ ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ ներկայությունը եթերում գերազանցում է ընդդիմության ներկայությանը, բայց ակնհայտ է, որ ջանում են: Երեկ, օրինակ, «Հայլուրը» մի քանի րոպեանոց հաղորդում էր պատրաստել Ազատության հրապարակի հանրահավաքից: Ճիշտ է՝ ուշադիր հեռուստադիտողը կնկատեր լրագրողական «շուստրիությունը», որով կառուցվել էր այն. Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից տվեցին այնպիսի հատված, որն, ըստ իշխանական քարոզիչների, այնքան էլ նպաստավոր չէր կամ ընտրողի վրա մեծ տպավորություն չէր թողնի. նրա 20 կետանոց առաջարկներից հնչեցրին երեխաների ծննդյան միանվագ նպաստներն ավելացնելու եւ մայրերի վճարովի արձակուրդը երկարացնելու առաջարկը: Իբր՝ տեսեք ինչ մանր-մունր հարցերի վրա է «առաջնորդն» ուշադրություն դարձնում՝ գլոբալ, աշխարհաքաղաքական խնդիրները թողած: Այս վայ-քարոզիչները կարծում են, որ երբ Պուշկին Սերոբյանն Արմեն Աշոտյանին «Տարվա լավագույն պետական գործիչ» կոչումն է տալիս, ՀՀԿ-ի ստանալիք քվեների քանակն անմիջապես կատաստրոֆիկ աճում է, իսկ այ, Տեր-Պետրոսյանի ելույթի կենցաղային մասի հեռարձակումը վնասում է ՀԱԿ-ին: