Ալափարսում Շահգալդյանն է հաղթելու

Ալափարսում Շահգալդյանն է հաղթելու
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն արձագանքել է մեր թերթում հրապարակված «Շահգալդյանը Հայաստանին կմիացնի միայն Ալափարսը» վերնագրով հոդվածին՝ այն վերագրելով «որոշակի անձանց եւ ուժերի»: Մինչդեռ այդ հոդվածում մենք պատմել էինք մարզպետի՝ Ալափարս գյուղում կազմակերպված հանդիպման մասին, որտեղ մարզպետն իր համագյուղացիներին համոզել էր քվեարկել ՀՀԿ-ի օգտին, որը կնպաստի իր պաշտոնավարման շարունակականությանը:



Եվ ահա մարզպետ Շահգալդյանը հաստատում է, որ ինքը ոչ աշխատանքային ժամերին, շաբաթ եւ կիրակի օրերին, որպես ՀՀԿ Կոտայքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ, պարբերաբար հանդիպումներ է ունենում կուսակցության սկզբնական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, քննարկում առաջիկա ԱԺ ընտրություններում ՀՀԿ քարոզչական աշխատանքների նախապատրաստական եւ կազմակերպչական փուլերին վերաբերող հարցեր:



Մի խոսքով, օրվա աշխատանքային ժամերը Շահգալդյանը նվիրում է պետական ծառայությանը, իսկ ոչ աշխատանքային ժամերը եւ հանգստյան օրերը՝ կուսակցությանը ծառայելուն, կուսակցությունն ընտրություններին նախապատրաստելուն: Պարոն մարզպետը հավաստում է, որ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ նախագահ Սարգսյանն ինչպես Ալափարսում, այնպես էլ մարզում հաղթանակ է տարել: Սա միակ առարկությունն է, որը մարզպետին ստիպել է արձագանքել մեր հրապարակմանը: Բայց, չգիտես ինչու, պատասխանում ակնարկ անգամ չկա ապագա ընտրությունների եւ դրանից Շահգալդյանի ունեցած սպասումների վերաբերյալ:



Մեր հոդվածը վերաբերում էր նրան, թե արդյո՞ք Շահգալդյանին կհաջողվի ԲՀԿ-ական համարվող մարզում, որտեղ որոշակի ազդեցություն ունի նաեւ ՀԱԿ-ը, ՀՀԿ-ի համար բավարար քվեներ ապահովել: