Նոր հարցականներ Բաժբեուկ-Մելիքյանի կտավների գողության գործում

Նոր հարցականներ Բաժբեուկ-Մելիքյանի կտավների գողության գործում
Վերջերս մեզ հետ էլեկտրոնային նամակագրության մեջ էր մտել նախկին դատապարտյալ, ներկայումս մոսկվաբնակ ձեռներեց Վարուժան Գեւորգյանը եւ սենսացիոն տեղեկություններ էր հայտնել Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի գողացված կտավների շուրջ: Վարուժան Գեւորգյանը վստահեցնում էր, որ մեծ նկարչի կտավներն այլ թանկարժեք իրերի հետ ժամանակին գողացվել են Շահումյանի շրջանի գործկոմի նախագահ Ռուդիկ Վարդանյանի բնակարանից, որ 2003 թվականին ինքը դատապարտվել է այդ արժեքները թաքցնելու համար, սակայն, կաշառելով ՔԿՀ պաշտոնյաներին, ազատազրկումը տանն է անցկացրել: Նա նաեւ պատմում էր, որ ժամանակին հայտարարել է այս մասին դատախազությունում, բայց քննությունը լռեցվել է:



Ծանր վիճակից դրդված՝ նախկին դատապարտյալը դիմել է մեզ, քանի որ Քրեակատարողական վարչության նախկին պաշտոնյաներն իրենից գումարներ եւ այլ արժեքներ են շորթել, հիմա էլ խաբեությամբ տարել են Մոսկվա, պարտքերի տակ են գցել եւ նկարներն են պահանջում: «Հրապարակի» հունիսի 8-ի եւ 9-ի համարներում մանրամասն ներկայացրել ենք այս տեղեկությունները: Այս օրերին անսպասելի արձագանքներ ստացանք, որոնք, սակայն, լույս սփռելու փոխարեն, նոր հարցականներ առաջացրին:



Երեկ մեզ զանգահարեց Ռուդիկ Վարդանյանի քույրը` Բերսաբե Վարդանյանը: Նա վրդովված հայտնեց, որ իր հանգուցյալ եղբոր բնակարանն իրոք թալանվել է, սակայն Բաժբեուկ-Մելիքյանի կտավներ այնտեղ չեն եղել: Նա նաեւ հայտնեց, որ սխալ է տեղեկությունը, թե Լավինիայի եւ Ռուդիկ Վարդանյանի միջեւ ամուսնական կապ է եղել. «Նրանք իրար չեն ճանաչել: Իմ եղբայրը ճանաչված մարդ էր՝ հերոսական եւ ծանր ճակատագրով, Աֆղանստանում է աշխատել՝ միշտ պատասխանատու պաշտոնների: Նրան երկու անգամ են թալանել: Ինչ-որ մարդիկ, հավանաբար, ընկած էին նրա հետեւից: Մի անգամ նա նույնիսկ իր կաբինետում գտավ սպանված օգնականին` մարմինը փրթված: Հավանաբար, ինքը պետք է լիներ օգնականի փոխարեն»:



Տիկին Բերսաբեն պատմեց, որ իր եղբոր բնակարանից մեծ արժեքներ են տարել: Նա կոբալտից պատրաստված իրերի սիրահար էր: Բայց նկարներ այնտեղ չեն եղել: Իրականում 2003 թվականին երկու գողություն է տեղի ունեցել. մեկը` Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի դստեր` նկարչուհի Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի տան, մյուսը` Վարդանյանի բնակարանից:  Վարուժան Գեւորգյանը, որն իր իսկ խոսքով, 2003 թվականին դատապարտվել է Վարդանյանի բնակարանից հափշտակված գողոնը թաքցնելու համար, շարունակում է պնդել, որ արժեքների թվում եղել են կոբալտե իրեր, «Ռոկոկո» ոճի սպասք, մուշտակներ, թանկարժեք գրիչներ եւ կրակայրիչներ, հնաոճ արծաթյա իրեր եւ ոսկյա ու ադամանդյա զարդեղեն, ինչպես նաեւ նկարներ:



Ըստ նրա՝ այս ցանկը նշված է քրեական գործում: «Ասենք, թե ես գիժ եմ, բա գո՞րծը: Եթե նկարներ չեն եղել, ապա ինչպե՞ս է գործում գրված, որ երեք նկար վերադարձվել է, իսկ մնացածը՝ ոչ»,- գրում  է Վարուժան Գեւորգյանը: Ըստ նրա, Լավինիայի տան գողությունը եղել է Ռ. Վարդանյանի բնակարանի թալանից առաջ: Հայտնվե՞լ են արդյոք այս նկարները Ռ. Վարդանյանի տանը: Եթե այո, ապա ինչպե՞ս: Գործի վերաբերյալ պաշտոնական տեղեկությունները միայն կօգնեն գտնել այս հարցերի պատասխանները: Մենք հարցեր ենք  տվել արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանին, վճռաբեկ դատարանի մամուլի գծով աշխատող Արսեն Բաբայանին, ոստիկանության համապատասխան աշխատակից Աշոտ Ահարոնյանին,  ՔԿՀ վարչության՝ ԶԼՄ-ներով զբաղվող Գոռ Ղլեչյանին:



Առայժմ նշված պաշտոնյաները տարբեր անհեթեթ պատճառաբանություններով ձգձգում են կամ հրաժարվում պատասխանել մեր հարցերին, ինչն առնվազն տարօրինակ է: Չէ՞ որ խոսքը ոչ թե սովորական գողության մասին է, այլ ազգային հարստության կորստի, որը մինչ օրս չի մոռացվել: Առաջին հերթին մեզ հետաքրքիր է Քրեակատարողական վարչության պատասխանը, թե ում ստորագրությամբ է փոխվել Վարուժան Գեւորգյանի ազատազրկման ռեժիմը, եւ ինչպես է եղել, որ ազգային արժեքները թաքցնելու համար դատապարտված անձը պատիժն անցկացրել է «բաց ռեժիմի» պայմաններում: ՔԿՀ այն ժամանակվա պետ Սամվել Հովհաննիսյանը պնդում է, որ նման փաստաթուղթ չի ստորագրել: Գործը փակված չէ: Դրանով զբաղվում է Ինտերպոլը: Այս մասին մեզ հայտնեց Բաժբեուկ-Մելիքյանի եղբոր դուստրը` Լիլիթը:



Իսկ նկարչի կրտսեր դուստրը` Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանն էլ ասաց, որ իր քրոջ` 2005 թվականին մահացած հայտնի նկարչուհի Լավինիայի բնակարանից 2003 թվականին իրենց հոր վրձնի 21 կտավ են տարել, որոնցից  8-ն իրեն էր պատկանում, մյուսները՝ Լավինիային: Նա պատմում է, որ գողերը չէին հասցրել վերցնել բոլոր կտավները, այլ ընտրել էին միայն  ամենալավերը, ինչից ենթադրվում է, որ նրանք արվեստից հեռու չեն եղել: Նկարների մի մասը, մի քանի շրջանակներ ընկած են եղել գետնին: Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանը մինչ օրս հոգեկան տանջանքներ է ապրում՝ հիշելով հոր կտավների մասին: «Մենք` ես եւ մայրս, շատ վատ օրեր ենք տեսել: Մի շրջան ցրտի մեջ ենք ապրել, աղքատության, բայց նկարները չէինք վաճառում, հարգելով հորս հիշատակը: Մեկ էլ ինչ-որ սրիկաներ դրանք տանում են: Պատկերացնո՞ւմ եք, թե ես ինչ ապրումներ եմ ունեցել»: Նա ասաց, որ ոչինչ չգիտի Վարուժան Գեւորգյանի մասին եւ նույնիսկ տեղյակ չէ, որ նկարների վերաբերյալ ինչ-որ դատական գործ է եղել: Իրենց այս մասին չեն տեղեկացրել: Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանին ցավ էր պատճառել մեր արտահայտությունը, թե «նկարների գողության պատճառով նա հիասթափված է Հայաստանից»:



Նկարչուհին ասաց, որ այդպես ասելը ճիշտ չէ: «Ես շատ երկար եմ ծրագրել, որ Հայաստանում անհատական մեծ ցուցահանդես եմ անելու, որից հետո կտեղափոխվեմ այստեղ մշտական բնակության: Այս ամենն իրագործվեց, եւ ես չեմ փոշմանում, որ գոնե 70 տարեկանում եմ եկել հայրենիք»: Նա խնդրեց գրել, որ շատ է սիրում Երեւանը:



ՀԳ - Մեծ գեղանկարչի հարազատներին, բոլոր այն մարդկանց, որոնց անունները կհիշատակվեն հետագա հրապարակումներում, խնդրում ենք օգնել՝ բացահայտելու այս պատմության բոլոր հարցականները, քանի որ մենք աշխատում ենք պաշտոնյաների լիակատար լռության պայմաններում: