ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն կիսել են ապագա իշխանությունը

ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն կիսել են ապագա իշխանությունը
ՀԱԿ ներկայացուցիչները շարունակում են հաճոյախոսություններ շռայլել ԲՀԿ-ի հասցեին, իսկ ԲՀԿ ներկայացուցիչները հայտարարում են, որ երկու ուժերի միջեւ ոչ մի հատուկ պայմանավորվածություն չկա. ընդամենը որոշել են միմյանց չհարվածել: Բայց արդյո՞ք ԲՀԿ-ՀԱԿ չհայտարարված համագործակցությունն այդչափ անշահախնդիր է, թե՞ կան հստակ պայմանավորվածություններ, որոնց առայժմ հանրային հնչողություն չի տրվում:



Հավատալ, որ ՀԱԿ առաջնորդն այդքան անշահախնդրորեն իրեն նվիրել է ԲՀԿ քարոզչությանը, դրանով զոհելով ու զայրացնելով իր էլեկտորատին, մեղմ ասած, միամտություն կլիներ: Նա իր թիմին եւ ՀԱԿ էլեկտորատին պատրաստում է առաջիկա նախագահական ընտրություններին, այդ ընտրություններում ԲՀԿ թեկնածուին պաշտպանելուն, որին կարող են հռչակել որպես ընդդիմության միասնական թեկնածու: Դրա համար է, որ Տեր-Պետրոսյանն ամեն կերպ ջանում է ԲՀԿ-ն որպես ընդդիմություն ներկայացնել: Տեր-Պետրոսյանի թիմակիցներն ասում են, որ չնայած ընտրություններին մնացել է ընդամենը 6 ամիս, սակայն իրենք չգիտեն՝ առաջադրվելո՞ւ է Տեր-Պետրոսյանը նախագահի թեկնածու, թե՞ ոչ: Ավելին՝ նրանք կարծում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը դժվար թե առաջադրվի՝ նկատի ունենալով նաեւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:



Հենց այդ ընտրությունների արդյունքները վկայակոչելով՝ Տեր-Պետրոսյանն իր թիմին կառաջարկի պաշտպանել ԲՀԿ թեկնածուին, քանի որ հաջողության հասնելու ամենաիրական հնարավորությունն ունի հենց ԲՀԿ թեկնածուն: Համենայնդեպս, խորհրդարանական ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ից բացի միակ երկնիշ արդյունք ստացած կուսակցությունը ԲՀԿ-ն է:



Բայց ինչու պետք է ՀԱԿ-ը նախագահական ընտրություններում պաշտպանի ԲՀԿ թեկնածուին, եւ ով կարող է լինել այդ թեկնածուն: Ինչպես արդեն գրել ենք, վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հստակորեն հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանն իրենց համար չի կարող նախագահի ընդունելի թեկնածու լինել, քանի որ նրա շուրջ համախմբում կայացնելն անհնարին գործ է: Ամենահարմար եւ բոլորի համար ընդունելի թեկնածուն կարող է լինել Վարդան Օսկանյանը: Համոզել ՀԱԿ ակտիվին, որ պետք է պաշտպանել Վարդան Օսկանյանին, դժվար չի լինի, մանավանդ որ կան այլ ավելի ծանրակշիռ փաստարկներ եւս:



Մեզ հասած տեղեկությունների համաձայն, ըստ ՀԱԿ-ԲՀԿ պայմանավորվածության, Վարդան Օսկանյանի նախագահ ընտրվելու դեպքում վարչապետ է նշանակվելու Ռոբերտ Քոչարյանը, ով, հասկանալի է՝ ամբողջովին իր ձեռքում կկենտրոնացնի իշխանությունը: Բայց այդ իշխանությունից որոշակի մասնաբաժին կտրվի ՀԱԿ-ին: Մասնավորապես փոխվարչապետի պաշտոնը խոստացվել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին, իսկ ՀՀ գլխավոր դատախազինը՝ Գագիկ Ջհանգիրյանին: ՀԱԿ-ին կառավարությունում կտրվեն եւս մի քանի նախարարական պաշտոններ: Այս հեռանկարը բավական ոգեւորիչ է ՀԱԿ ակտիվի ներկայացուցիչների համար, քանի որ նրանք մի կողմից չեն ցանկանում ընդդիմություն լինել, մյուս կողմից էլ այլեւս չեն հավատում, որ ՀԱԿ-ը կարող է հաղթել որեւէ ընտրությունում:



Այս պայմանավորվածության կողմ կարող է դառնալ նաեւ ՀՅԴ-ն: Դաշնակցությունը մի տեսակ խանդով է վերաբերվում այն բանին, որ կարող է Տեր-Պետրոսյան-Քոչարյան դաշինք կայանալ, եւ այդ դաշինքում իրենք ունեն ոչ թե առանցքային, այլ, ավելի շուտ՝ օժանդակ նշանակություն: Բայց ի վերջո նրանք համոզվելու են, որ այլընտրանք գոյություն չունի, եւ պետք է հարմարվել իրերի գործող վիճակի հետ: Միակ խորհրդարանական ընդդիմությունը, որը չի միանա այս դաշինքին, «Ժառանգությունն» է, քանի որ այս ուժի ներկայացուցիչները, գոնե առայժմ, չեն միացել ԲՀԿ-ՀԱԿ դաշինքին, միեւնույն ժամանակ ընդդիմադիր լինելով գործող իշխանությանը:



Այս դաշինքի կայացմանը կարող է խանգարել միայն հասարակությունը, որի համար կարող է անընդունելի լինել գործող իշխանության նման այլընտրանքը: Բայց ԲՀԿ-ում եւ ՀԱԿ-ում գտնում են, որ անհնարին ոչինչ չկա: Եթե հնարավոր եղավ Լեւոն Տեր-Պետրոսյանին դարձնել հիմնական ընդդիմադիր ուժի առաջնորդ 2008թ., իսկ Գագիկ Ծառուկյանին նույն կարգավիճակը տալ 2012-ին, ապա ինչո՞ւ չի կարելի 2013-ին գործողության մեջ դնել այս երկու ուժերի դաշինքը եւ ընդդիմության միասնական թեկնածու դարձնել Վարդան Օսկանյանին:



Չնայած սա իրադարձությունների զարգացման միակ սցենարը չէ: ԲՀԿ վերնախավում հնարավոր են համարում, որ հասարակությունը չընդունի Օսկանյան այլընտրանքին, եւ նրա շուրջ «համազգային» համախմբում չկայանա: Այդ դեպքում ԲՀԿ-ն կգերադասի պաշտպանել Սերժ Սարգսյանին՝ պայմանով, որ նախագահական ընտրություններից հետո վարչապետ նշանակվի ԲՀԿ-ի համար նախընտրելի որեւէ գործիչ: Այդ դեպքում ՀԱԿ-ը կհայտնվի լուսանցքում, եւ կհայտարարվի, որ խառնակիչները հաջողության հասան ու ԲՀԿ-ին մղեցին Սերժ Սարգսյանի գիրկը:



 Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ