«Հրապարակի» մասին եւ ոչ միայն «Հրապարակի»

«Հրապարակի» մասին եւ ոչ միայն «Հրապարակի»
Տարբեր թափթփուկների, չկայացած ու իրենց չկայացածությունից չարացած կանանց, ուրիշի հաջողություններից գիտակցությունը մթագնած մանր-մունր մարդուկներին չէ, որ ուղղված է այս հոդվածը: Եթե հնարավոր լիներ, հաճույքով կարգելեի որոշ մարդկանց կարդալ այս տողերը, որովհետեւ երբ դու անկեղծ ես, այդ անկեղծությունն ուղղում ես քեզ սիրելի, քո կողմից հարգված մարդկանց, այլ ոչ թե տարբեր հեռուստաաստղերի կամ նախկին լրագրողների, որոնք ինտերնետ կայքերում ու «Ֆեյսբուքում» իրենց թույնը տարածելով են զբաղված: Երբ ուզում ես ինչ-որ բան բացատրել, դա անում ես ոչ թե իրենց կասկածների ու հիվանդ երեւակայության ձեռքը գերի դարձած տարբեր «կլեոպատրաների» համար, այլ նորմալ մարդկանց, ովքեր կարդում են «Հրապարակը» եւ արժանի են լրացուցիչ պարզաբանումների: Իսկ չպատճառաբանված չարության, ատելության ու նախանձի դրսեւորումները, որոնք մեր շուրջ ծովի նման ծփում են, արժանի չեն արձագանքման, ուստի նման դիտանկյունից կարդացողներին խնդրում եմ բաց թողնել այս հոդվածը:



ՎԱՆՈՅԻ «ՄԱՀՆ» ՈՒ ԿԵՆԴԱՆԱՆԱԼԸ



Վանո Սիրադեղյանի մահվան լուրն ստանալով, երկար մտածեցինք՝ ինչպես վերաբերվել այս գույժի հետ: Տեղեկությունը թաքցնելը «Հրապարակի» ձեռագիրը չէ: Իսկ քանի որ այն հայտնողը Սիրադեղյանի մտերիմների շրջանակից էր, հավանականությունը, որ այն իրական է, մեծ էր, սակայն լրագրողական կենսագրությանս ընթացքում ձեռք բերված սովորույթի ուժով ես ոչ մի բանի նկատմամբ հարյուր տոկոսանոց վստահություն կամ անվստահություն չեմ ունենում: Ցանկացած տեղեկություն, անգամ ամենավստահելին, կարող է հետագայում հերքվել եւ հակառակը: Իսկ այս տեղեկությունը ճշտելու հնարավորությունները սահմանափակ էին, ուստի մոտ մեկ ամիս արեցինք հնարավորը՝ զրուցեցինք տարբեր անձանց հետ, փորձեցինք հետաքննություն անել, թե երբ, ով, ինչ հանգամանքներում է առնչվել Վանոյի հետ:



Անգամ լրագրողն այցելեց Սիրադեղյանի կնոջն ու հարցազրույց արեց: Այն ճղճիմ խոսակցությունները, թե ինչպե՞ս կարելի էր նման հարց տալ կնոջը, ես իրոք չեմ հասկանում՝ իսկ ումի՞ց պետք է ճշտեինք, ո՞վ է ամենահավաստի ու ամենավստահելի աղբյուրը: Ինչեւէ, տեղեկությունը տպագրվեց խիստ թեական կոնտեքստում, վերնագիր ընտրեցինք «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են» հայտնի արտահայտությունը: Տպագրեցինք՝ թաքուն հույսով, որ այն կհերքվի ու կստանանք ապացույցներ Սիրադեղյանի ողջ-առողջության մասին: Հետոն ցույց տվեց, որ մեր հաշվարկը ճիշտ էր: Թեեւ տպագրելու պահին ավելի շատ հակված էինք հավատալու լուրի իսկությանը:



Ինչո՞ւ էր Սիրադեղյանի «մտերիմ մտավորականը» կեղծ տեղեկատվություն տարածել: Ահա այն հարցը, որ հետագայում հետաքրքրում էր մեր ընթերցողին, ինչպես նաեւ մեզ: Բնականաբար, այդ հարցը տվեցինք նաեւ նշված անձնավորությանը, ով, առաջին հայացքից, վատ քայլ էր արել եւ մեր, եւ Վանոյի նկատմամբ: Պատասխանը մոտավորապես այս էր. վտարանդի գրողի մերձավորները վտանգ են զգացել եւ մտածել են, որ այդ վտանգը նրանից հեռացնելու միակ ճանապարհը նման տեղեկության տարածումն է: Հայ հասարակությունն, այսպես ասած, ձեռք կքաշի Սիրադեղյանից, իր մտքում «կթաղի» նրան, եւ նա հանգիստ կշարունակի ապրել ընդհատակում: Թե ինչքանով է այս մոտիվն արդարացված եւ վստահարժան, դատեք ինքներդ: Ամեն դեպքում կյանքը ցույց տվեց, որ սա չաշխատող սցենար էր, եւ ինքը՝ Վանոն, սրան դեմ էր: Վստահաբար կարելի է պնդել, որ Սիրադեղյանը, անգամ եթե հայկական հեռուստատեսությանը չի հետեւում՝ ինչպես ինքն է գրել նամակում, մամուլին եւ ինտերնետին հետեւում է, եւ իր արձագանքն էլ եղել է ինքնաբուխ ու չպլանավորված:



Ինձ տհաճ է կրկին վերադառնալ նամակի կեղծ կամ իրական լինելու մասին խոսակցություններին: Որքան էլ հերքեն ու մեջտեղից պատռվեն, թե այն կեղծ է՝ չհավատաք: ՆԱՄԱԿԸ ԳՐԵԼ Է ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ: Կարող եմ միայն ասել, որ նման կասկածներ հայտնողներն իրենց ապականվածության չափով են չափում մյուսներին: Իսկ «Հրապարակի» խմբագրին, ըստ էության, «հրեշ» են համարում, ով կարող էր նախ հորինել Վանոյի մահվան մասին լուրը, ապա հորինել մի նամակ եւ այն տպագրել իր թերթում: Հանուն ինչի՞: Հանուն ռեյտինգի: Թողնենք այն, որ եթե «Հրապարակն» իր ստեղծման առաջին շրջանում նման էժանագին քայլեր չի արել, ինչո՞ւ պետք է իր քառամյա գոյության, այսօրվա ճանաչվածության եւ տպաքանակի պայմաններում նման բան անի:



Թողնենք նաեւ այն, որ Վանոն դարձել է ոմանց «հացը» եւ նրա անվան վրա հեղինակություն նվաճելը՝ իր իսկ կամքին հակառակ, նորմալ երեւույթ է այլեւս դիտվում: Մեր հավատարիմ ընթերցողները, կարծում եմ, կհամաձայնեն, որ մենք մեր նկատմամբ սերն ու հարգանքը նվաճել ենք մեր ամենօրյա տքնաջան աշխատանքի շնորհիվ: Ոչ մի շարքային քաղաքացի մեր խմբագրությունից չի հեռացել դժգոհ (հուսով եմ): Երբեք որեւէ մեծահարուստի շահերը չենք գերադասել սովորական մարդու շահերից: Անշուշտ, բազում սխալներ ենք արել, որոնց մի մասն էլ մեզանով պայմանավորված չի եղել: Երբեմն անտեղի քննադատել ենք կամ հավատացել որոշ խաբեբաների: Կամ, օպերատիվության ու ակտուալության հետեւից ընկած, երբեմն չենք հասցրել նյութը համակողմանի բացել ու տարբեր աղբյուրներից ճշտել: Բայց մեր ձգտումը՝ ծառայել հասարակությանը եւ մարդուն, պետք է կասկածներ չառաջացնի մեր ընթերցողների շրջանում. այն թափանցիկ է ու տեսանելի:



«ՀՐԱՊԱՐԱԿԻ» ՄԱՍԻՆ ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ



Օրերս քաղաքական գործիչներից մեկը, ով մեզ հարցազրույց էր տվել, հաջորդ օրն ապշահար ասում էր. «Ես գիտեի, թե քաղաքական դաշտում է շատ չարությունն ու ատելությունը միմյանց հանդեպ, բայց չէի պատկերացնում, որ լրագրողական դաշտում այսքան ատելություն կա եւ հատկապես «Հրապարակի» հանդեպ՝ այսքան չարություն»: Նորմալ է՝ ապրող, կենդանի օրգանիզմը, որ զարգացման ռեժիմի մեջ է, որ փորձում է ինչ-որ բան ստեղծել, չի կարող նման վերաբերմունքի չարժանանալ իրենց դարն ապրած, իրենց սպառած, հոգնած ու վնասակար սուբյեկտների կողմից: Ինձ անգամ ուրախացնում է այդ չարությունը: Բայց ես, այնուամենայնիվ, փորձում եմ այդ անհոդաբաշխ ու չպատճառաբանված մաղձի մեջ որսալ առողջ հետաքրքրասիրության դրսեւորումներ, հարցադրումներ, որոնք կհետաքրքրեն մեր ընթերցողին, եւ պատասխանել դրանց: Թեեւ թվում է՝ ժամանակին ամեն ինչ ասել եմ, բայց գուցե ինչ-որ հարցեր մնացել են մութ: Ի դեպ վստահ եմ, որ անհավատներին ու չարությամբ լցվածներին, միեւնույնն է, այդ բացատրությունները պետք չեն, եւ նրանց չենք տարհամոզի, անգամ եթե Հանրապետության հրապարակում ինքնահրկիզվենք: Բայց համոզելու իմաստը չենք տեսնում, մեզ միայն մեր ընթերցողի կարծիքն է հուզում:



Այո, «Հրապարակի» ստեղծմանը բազում մարդիկ են նպաստել, օժանդակել: Նրանց մի մասը տեսել էր իմ աշխատանքը «Ժամանակ» թերթի ժամանակավոր խմբագրի պաշտոնում եւ ամիսներ շարունակ համոզում էր բացել իմ սեփական թերթը: Մինչ այդ 2 գերատեսչական թերթերի խմբագիր էի եղել, ասում էին՝ ժամանակն է քաղաքական օրաթերթ խմբագրելու: Թեեւ թերթային դաշտը մեզանում երբեք պարապ չի եղել, եւ հասկանալի էր, որ մեզ դաժան մրցակցություն ու գործընկերների նեգատիվ վերաբերմունք է սպասվում: Թերթը ստեղծելիս իմ շրջապատում գտնվող տարբեր մարդիկ են աջակցել՝ ով իր աշխատանքով, ով՝ ֆինանսով, ով՝ խորհուրդներով: Ասենք, թերթի դիզայնն արել են Գեորգի Վանյանն ու Արտակ Բաղդասարյանը՝ գրեթե անհատույց: Իրավական հարցերում լուրջ աջակցություն են ցուցաբերել արդարադատության նախարարության մի քանի պաշտոնյաներ: Ժամանակին գրել եմ, որ ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Սամվել Բաբայանն ու իմ մի քանի ուսանողական, պատանեկան ընկերներ:



«Հրապարակը» բարդ շրջանում մտավ դաշտ՝ 2008-ի փետրվարի 16-ին, նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ: 10 օր անց արտակարգ դրություն հայտարարվեց, եւ թերթը 20 օրով դադարեց տպագրվել: Մի խոսքով՝ բարդ, դրամատիկ կենսագրություն ունեն «Հրապարակն» ու իր խմբագիրը: Համաձայն եմ՝ առանց քաղաքական տանիքի ու հզոր հովանավորների, առանց մեծ ֆինանսական ներդրումների թերթ հրապարակելը Հայաստանում գրեթե ֆանտաստիկայի ոլորտից է: Բայց մենք համարձակություն ցուցաբերեցինք եւ արեցինք դա: Նվազագույն միջոցներով, փաստորեն, առավելագույնը եւ կարողացանք առավելագույնս պահպանել մեր անկախությունը:



Այժմ գանք ֆինանսական կողմին, որն այդպես հանգիստ չի տալիս հայ հանրության որոշ ներկայացուցիչների: Այո, թերթը չի կարող գոյատեւել իր 3000 տպաքանակը 100 դրամով վաճառելու կամ էլ էպիզոդիկ եւ իշխանությունների կողմից ուղղորդվող գովազդի հաշվին: Մանավանդ այդ 100 դրամից 60-ը բաժին է հասնում տպարանին եւ իրացնողներին: Այո, թերթին օգնում են: Մեծ սիրով կտպագրեի մեզ աջակցողների անունները, եթե նրանք դեմ չլինեին, որովհետեւ այդ օգնության հիմքում ընկած է նախ՝ ընկերությունն ու համակրանքը «Հրապարակի» եւ նրա խմբագրի նկատմամբ, ապա՝ պարզապես մի նորմալ թերթի տպագրությանն աջակցելու ցանկությունը: Երբեւէ մեր խղճին դեմ բան չեմ տպագրել, բայց տպագրել եմ բազում նյութեր, որոնց հետ համաձայն չեմ:



Եղել են դեպքեր, երբ մեզ փորձել են պարտադրել ինչ-որ բան, եւ մենք պարզապես դուռն ենք ցույց տվել: Եթե մեզ աջակցողներն են դա արել, հրաժարվել ենք ֆինանսական աջակցությունից: Ավելի պարզ ասեմ՝ մարդիկ աջակցում են այս թերթին, այսպիսի լրատվությանը, այս հայացքներին, այս դիրքորոշմանը: Աջակցում են կամովին՝ հասկանալով, որ թերթ պահելը մենակ մարդու գործ չէ: Ինչու այսքան կանգ առա այս թեմայի վրա՝ սա հայկական միջավայրում ամենացավոտ թեմաներից է: Մեզանից բամբասողները պարզապես մտածում են՝ ինչե՜ր կանեինք, եթե «Հրապարակի» խմբագրի փոխարեն լինեինք, եւ չեն ուզում հավատալ, որ կան մարդիկ, որոնք դա չեն անում: Իսկ չեն անում, որովհետեւ իրենց համար «Հրապարակն» ավելին է, քան թերթը: Այն փող աշխատելու միջոց չէ, եւ փողն էլ նրա համար է, որ թերթը տպագրվի, աշխատակազմը կարիքի մեջ չլինի եւ միջին հայաստանցուն վայել կյանքով ապրի: Շատ կուզեի ավելի բարձր աշխատավարձ ու հոնորարներ վճարել, բայց անկախությունը թանկ հաճույք է, եւ դրա դիմաց «վճարում են» բոլորը՝ նաեւ այդ անկախությունը գնահատող լրագրողները:



Ափսոս, չհասցրեցի այս հոդվածի շրջանակներում անդրադառնալ լրագրողական սկզբունքների եւ էթիկայի չարչրկված թեմային, ինչը հետաքրքրությունների ցանկում երկրորդն է, եւ ինչում մեզ մեղադրում են լրագրողական «չինովնիկներն» ու տարբեր գրանտակեր «ՀԿ-ներ»: Խոստանում եմ դա անել առաջիկայում: