Hurriyet. Դավութօղլուի վերելքն ու անկումը

Hurriyet. Դավութօղլուի վերելքն ու անկումը
Թուրքական «Hurriyet» օրաթերթում հրապարակված «Դավութօղլու. աստղ, թե՞ աղետ» հոդվածում թուրք վերլուծաբան Մեհմեթ Ալի Բիրանդը նշում է, որ խիստ տարբեր են Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի մասին ընկալումները թե ընդդիմադիր, թե իշխանական և թե այլախոհ ճամբարներում: Մի մասի համար Դավութօղլուն թուրքական Քիսինջերն է (ԱՄՆ նախկին պետքարտուղար), մյուս մասի համար` շատ վատ արտգործնախարարը: Ո՞րն է ճշմարտությունը: 



Ըստ հոդվածի հեղինակի` ընդդիմադիր և այլախոհ լրատվամիջոցները ներկայացնում են, որ Դավութօղլուից ավելի վատ արտգործնախարար երբևէ չի եղել: Ասպարեզ եկավ «զրո խնդիր հարևանների հետ» կարգախոսով, բայց վատ ու լարված հարաբերություններ եղան բոլոր հարևանների հետ: Քննադատական նույն տրամադրությունները որոշակիորեն նկատվում են նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներսում: Արտերկրում ևս խիստ տարբեր են պատկերացումները Դավութօղլու գործչի մասին:



«Մի մասի համար նա նեօսմանիստ է, մյուսների համար` Թուրքիայի քաղաքականության առանցքը փոխող անձնավորություն, ոմանց կարծիքով` մեծ ստրատեգ է, այլոց համոզմամբ` զիգզագներով շարժվող քաղաքական գործիչ»,- նշում է Բիրանդը:



Թուրք վերլուծաբանն դիտարկման է առնում Դավութօղլուի պաշտոնավարման սկզբնական շրջանի իրադարձությունները: Եվ այսպես`



  • Ստորագրվում են հայ-թուրքական արձանագրությունները:


  • Աջակցություն է տրվում Իրանի միջուկային ծրագրին:


  • Միջնորդություն է արվում պաղեստինյան հարցում:


  • Սիրիայի հետ մերձենալու արդյունավետ փորձեր էին արվում:


  • Սաուդյան Արաբիայից, Եգիպտոսից, Ծոցի երկրներից բացի Անկարան տարածվում էր նաև Բալկաններ:


  • Սերտ շփումներ հաստատվեցին «Համաս»-ի և «Հզբոլլահ»-ի հետ:


  • Իրաքյան Քուրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանի հետ առաջին անգամ անկեղծ բարեկամության նշաններ ցույց տրվեցին:




«Պաշտոնավարման առաջին տարիներին, իսկապես որ, Թուրքիայի աստղը (Դավութօղլուն) փայլատակում էր: Նրա հասցեին գովեստի բազմաթիվ խոսքեր էին հնչում»,- գրում է Բիրանդը: Բայց այդ վերելքին հաջորդեց վայրէջքը, երբ Դավութօղլուն ձախողվեց գրեթե բոլոր ճակատներում: Մասնավորապես Հայաստանի հետ հարաբերությունների հարցում հոդվածագիրը նշում է.



«Բաց թողնվեց հայ-թուրքական արձանագրութունների ամենահաջող պահը... Էրդողանը անձամբ գնաց այդ արձանագրությունների վրա նախապայմաններ դրեց և սառեցրեց Թուրքիային մի մեծ հարցից ազատող այդ կարգավորման գործընթացը: Կամ պետք է Բաքվին ավելի վաղ համոզած լինեին, կամ այդ արձանագրութունները չպետք է ստորագրվեին: Դրա համար էլ արդյունքը եղավ մեծ հիասթափություն»: