Ալիեւ կրտսերը հոր պատվին օպերա է պատվիրել

Ալիեւ կրտսերը հոր պատվին օպերա է պատվիրել
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի դերասան, ռեժիսոր Արսեն Ղազարյանն ահազանգում է, որ օպերային արվեստն այսօր Հայաստանում վտանգի առաջ է կանգնած, եւ ունենք մեծ խնդիրներ: Նախ, որովհետեւ չկան պայմաններ, եւ չկա վերաբերմունք պետության կողմից: «Մենք անցնում ենք մեր մշակույթի վրայով»,-ասում է Արսենը եւ ավելացնում, որ չունենք նաեւ լիբրետիստների դպրոց, ովքեր օպերային սցենարներ գրեն, մինչդեռ, ըստ նրա, Ադրբեջանն այսօր օպերային արվեստի ոլորտում մեծ ներդրումներ է անում. կառուցվում են ոչ միայն նոր շենքեր, այլեւ բեմադրվում եւ գրվում են նոր օպերաներ: Դերասանին ուղղակի զայրացրել էր այն փաստը, որ այսօր Ալիեւ կրտսերի պատվերով, ի հիշատակ հոր՝ Հեյդար Ալիեւի, Ադրբեջանում օպերա է գրվում, որը լի է ուղղակի հակահայկական քարոզչությամբ:



 



Արսեն Ղազարյանը վրդովված էր նաեւ այն հանգամանքից, որ այսօր Ադրբեջանը մեծ տպաքանակով գրքեր է հրատարակում, որտեղ գրում է, որ ամբողջ Արեւելքում առաջին օպերան եղել է 1908-ին գրված ադրբեջանական «Լեյլի եւ Մեջնունը», մինչդեռ շուտով հայկական օպերայի 200 ամյակն է, իսկ այս տարի էլ «Անուշի» բեմականացման 100 ամյակն էր, որը, ըստ նրա, ոչ մի ձեւով չնշվեց: Արսենը նշեց, որ այսօր կարող ենք Դոմինգոյին բերել, ով կգա-կերգի ու կգնա, բայց դա մեզ պետք չէ, կարեւորը՝ բերենք այնպիսի մասնագետների, որոնց հետ մենք կիսվենք մեր որակական աստիճաններով: Օպերային ստուդիայի գլխավոր ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ նշեց, որ իրենց ստուդիան առանձնակի է նրանով, որ երաժիշտ ռեժիսորներ են պատրաստում: Ու չնայած ստուդիան արդեն 32 տարվա պատմություն ունի, բայց մինիմալ կենցաղային պայմաններից զուրկ է, ինչպես նշեց ստուդիայի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Միրզոյանը. «Կարեւորը՝ ունենք այդ տաղանդավոր մարդկանց: Մի տեղ լամպոչկա կա՝ կատարող չկա, մենք էլ կատարող ունենք՝ լամպոչկա չունենք»:



 



Թե գլխավոր ռեժիսորը, թե գլխավոր դիրիժորը խուսափում են խնդիրներից խոսել մի շատ կարճ պատճառաբանությամբ. «Լաց լինել չենք սիրում»: Բայց խնդիրները շատ են՝ լուսային տեխնիկա չունեն, անգամ դիմել են մի քանի թատրոնների, որ վերջիններս իրենց թատրոնները վերազինելուց հետո այդ հին տեխնիկան իրենց տրամադրեն, բայց դա էլ չեն տվել: Այնուամենայնիվ, ստուդիայի թե դերասանները, թե տնօրինությունը լցված են զարմանալի լավատեսությամբ: «Վերանորոգված չի, բայց խաղացել ենք եւ խաղում ենք, խնդիրը դա չէ, կարեւորը՝ որ աշխատանքդ սիրես»,-ասում են նրանք ու նույն լավատեսությամբ մտնում բեմ՝ խաղալու Պերգոլեզիի «Սպասուհին՝ տիրուհի» օպերա-բուֆը, որն ի դեպ «Թատերական Լոռի» 21-րդ միջազգային փառատոնի ժամանակ պարգեւատրվել է «Տիգրան Լեւոնյան» խրախուսական մրցանակով եւ ՀԹԳՄ դիպլոմով: