Արժեքավոր գիրք, որը դեռեւս անհասանելի է հայաստանցի ընթերցողներին

Արժեքավոր գիրք, որը դեռեւս անհասանելի է հայաստանցի ընթերցողներին
Գիրքն էլ երեւի հայի բախտ ունի, ավելի ճիշտ` լավ ու արժեքավոր գիրքը: Վերջերս բարեկամս Մոսկվայի «Ակադեմկնիգայի»  գրախանութից ձեռք էր բերել «Հայեր» («Армяне») հատորը, որը «Ժողովուրդներ եւ մշակույթներ» («Народы и културы») շարքի շրջանակներում հրատարակել է ՌԴ գիտությունների ակադեմիայի ազգաբանության եւ մարդաբանության ինստիտուտը: Ինձ սկզբում թվաց, թե աշխատությունը գրվել է ռուս հեղինակների կողմից եւ մեր ժողովրդի մասին հերթական կիսասիրողական հատորն է: Բայց երբ հատորը բարեկամս ուղարկեց Հայաստան, եւ ես հնարավորություն ունեցա ծանոթանալու դրա բովանդակությանը, մտավախությունս փարատվեց:



 



Պարզվեց, որ այս մեծարժեք գիրքը հեղինակների ստվար կոլեկտիվի աշխատանքի արդյունք է (շուրջ 50 հեղինակ) եւ գրվել է ՀՀ ԳԱԱ եւ հայագիտական այլ հիմնարկներում աշխատող գիտնականների կողմից: Շուրջ 60 տպագրական մամուլ ծավալով (650 էջ) այս աշխատությունը, որի ներածական մասը գրել է ՌԴ ԳԱ ակադեմիկոս Վ. Ա. Տիշկովը, ընդգրկում է հայոց ժողովրդական մշակույթի բոլոր բնագավառները` մեր ժողովրդի ծագումնաբանությունը, համառոտ քաղաքական եւ էթնիկ պատմությունը: Մի խոսքով, գիտական պատշաճ մակարդակով գրված հանրագիտական մի աշխատություն է, որն առաջին անգամ օտարալեզու հանրությանն է ներկայացնում, ինչպես նշում են ներածության հեղինակները, աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի` հայերի էթնիկ մշակույթը: Հատորի բովանդակությունը, առաջին անգամ գիտական շրջանառության մեջ դրված նյութերի (գունավոր եւ սեւ-սպիտակ լուսանկարներ) առատությունը եւ գիտական բարձր մակարդակն ապահովել են Հայաստանում եւ արտերկրում ճանաչված այնպիսի հայագետներ, ինչպիսիք են ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ Ս. Հարությունյանը, Ա. Քալանթարյանը, Մ. Հասրաթյանը, Լ. Աբրահամյանը, մեծանուն ազգագրագետներ Յու. Մկրտումյանը, Դ. Վարդումյանը եւ այլք: Գրքի հեղինակների մեծ մասը ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներն են, ինչպես նաեւ ակադեմիայի պատմության, արեւելագիտության, արվեստի ինստիտուտների, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի, ԵՊՀ եւ հայաստանյան այլ բուհերի հայագետերը: Գիրքը հեղինակները նվիրել են հայ գրատպության 500-ամյա հոբելյանին, եւ տպագրվել է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի մեկենասությամբ:



 



Ցավոք սրտի, հոբելյանն անցավ, իսկ գիրքը Հայաստանում այդպես էլ չներկայացվեց: Ինձ չի հետաքրքրում, թե ինչու եւ ինչ հանգամանքների բերումով է այս արժեքավոր հատորը հասանելի միայն ռուսաստանյան հասարակությանը, բայց որ հերթական անգամ արժեքավորը չի գնահատվում, եւ ցուցանքի առարկա են դարձվում միայն խոտանն ու մերժելին, այն էլ հոբելյանական այս տարում, ինձ համար պարզ է:



 



 



«Հայեր» հատորն իրապես մեծ աշխատանքի արդյունք է եւ ժամանակակից հայագիտության ակնառու նվաճում, քանի որ ներկայանալի է դարձնում շատ ու շատ պատկան մարմինների կողմից անտեսված այս գիտաճյուղը: Պետական պատշաճ մոտեցման դեպքում այն անհրաժեշտ է ունենալ նաեւ հայերեն եւ, ինչու չէ` նաեւ անգլերեն տարբերակներով: Մենք սիրում ենք աջ ու ձախ կուրծք ծեծել մեր հնամենի մշակույթի մասին, բայց երեւի միայն բանավոր, ինչու չէ, նաեւ գլուխ գովելու մակարդակում, իսկ երբ գործը հասնում է լուրջ հետազոտությունները հովանավորելուն եւ պրոպագանդելուն, մեր ոգեւորությունն ակնթարթորեն մարում է (այս գրքի պարագայում «Փյունիկ» հիմնադրամի մեկենասությունը երջանիկ բացառություններից է): Մերկապարանոց հայտարարություն չանելու համար ասեմ, որ «Հայեր» հատորը ներկայացված չի եղել ոչ արտերկրում եւ ոչ էլ Հայաստանում հայկական տպագրության 500-ամյակին նվիրված եւ ոչ մի ցուցահանդեսում: Զավեշտ թե ճակատագրի հեգնանք, բայց փաստ է, որ ամենայն լավն ու որակովը, ինչ Հայաստանից դուրս է գալիս ու տարվում արտերկիր, այս դեպքում՝ Մոսկվա, այլեւս հայրենիք չի վերադառնում: Ստացվում է, որ այս գիրքը եւս  արժանանալու է հայի բախտի:



 



 



Երեւի հարկ է խնդրել ՀՀ նախագահին, որ Մոսկվա մոտակա այցելություններից մեկի ժամանակ իր ծառայողական ինքնաթիռով գրքի տպաքանակից հայկական կողմին հասնող բաժինը բերի հայրենիք, թե չէ մեր պայծառափայլ կրթության եւ մշակույթի նախարարները ժամանակ ու հավես չունեն այդպիսի մանր-մունր հարցերով զբաղվելու: Իսկ եթե ավելի լուրջ՝ կարծում եմ, որ այդ աշխատությունը, որպես հայագիտության բարձրարժեք նվաճում, արժանի է պետական կամ նախագահի մրցանակի:



 



 



Գրքերը չեն այրվում, գրքերը փոշոտվում են ՌԴ-ում ՀՀ դեսպանատան պահեստում կամ էլ արժանանում հայաստանյան նախարարների անտարբերությանը:



 



Ավետիս ՄԿՐՏՉՅԱՆ