Այսօր բալետն իր մեջ վերցրել է սպորտային բոլոր շարժումները

Այսօր բալետն իր մեջ վերցրել է սպորտային բոլոր շարժումները
Վերջին ժամանակներս շատ էին խոսակցությունները, թե Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի եւ թատրոնի բալետային խմբի միջեւ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, եւ թատրոնի ներսում ոչ ստեղծագործական մթնոլորտ է տիրում:



 



Մենք զրուցեցինք Յուրի Գրիգորովիչի մրցույթի ոսկե մեդալակիր, բալետի առաջատար պարողներից մեկի՝  Ռուբեն Մուրադյանի հետ, ով նշեց, որ լուրջ աշխատանքներ, բալետային արվեստի հետ կապված, չեն տարվում, չնայած ունենք հոյակապ թատրոն, լավ բալետային խումբ, նոր կադրեր, որոնք, ըստ նրա, գալիս են եւ անգործ են մնում, ունենք «Ժիզել», «Սպարտակ», «Գայանե», «Կարմեն», «Դոն Կիխոտ» բալետներ, որոնք քիչ են բեմ բարձրանում. «Այսօր մեզ մոտ 15 րոպեանոց ներկայացումներ են, փոքրիկ պրեմիերաներ՝ «ադնառազովի», ու եթե ես չլինեի անգամ թատրոնի մարդ, այլ շարքային բանվոր, երկրորդ անգամ չէի գա դրանք նայելու»: Ռուբենը չգիտի, թե կոնկրետ որն է պատճառը, որ հետ են մղվել մյուս ներկայացումները, բայց կարծում է, որ յուրաքանչյուր մարդ, երբ գալիս է նման պաշտոնի, ինքն իր ներկայացումներն է առաջադրում, ինչը, ըստ նրա, նորմալ է, բայց միեւնույն ժամանակ նշում է, որ Վիլեն Գալստյանն օրինակ՝ եւ իր ներկայացումներն էր առաջ տանում, եւ նախկին բալետմայստերների հաջողված աշխատանքներն էր բեմադրում:



 



Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ նկատի ունի, երբ ասում է, որ թատրոնի բեմում իր հաճախ հանդես չգալու պատճառը պետք է փնտրել Ռուդոլֆ Խառատյանի ստեղծագործական պրպտումների մեջ: «Չգիտեմ, երեւի թատրոնի բալետմայստերը (ոչ իմ) փորձում է կայանալ կամ գտնել իրեն, որպես բալետմայստեր: Երեւի փորձ չունի այդ մարդը կամ նոր բան է ուզում ստեղծել, բայց չգիտի որը որի հետ խառնի: Երբ քիմիայից գաղափար չունես ու քիմիական նյութերը խառնում ես իրար, մեծ պայթյուն է տեղի ունենում, մարդիկ վնասվում են կամ կործանվում: Այս դեպքում մեր «քիմիկոսը» մի քիչ անփորձ է, ըստ երեւույթին, ինքը ֆիզիկոս է, բայց ուզում է քիմիայով զբաղվել»: Ռուբենի կարծիքով, իր եւ գլխավոր բալետմայստերի մտքերն ուղղակի չեն համընկնում, որովհետեւ «ես ինքս ինձ համարում եմ բալետի արտիստ,  ես իմ մասնագիտական պրոֆեսիոնալ հարցերն եմ բարձրացնում, բայց այդ մարդն էլ իր նորամուծություններն է ուզում ինձ բացատրել, թե բալետը սպորտ է... կարճ ասած՝ մեր մտքերը չեն համընկնում, ես կարող եմ խնդիրներ ունենալ նաեւ մեր գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի հետ, բայց դա զուտ մասնագիտական հարց լինի, վերջում մենք, միեւնույն է, նույն հայտարարի կգանք: Բայց տվյալ դեպքում ես իրեն չեմ հասկանում, որովհետեւ նրա մտքերն իմ համար լրիվ խորթ են, դա արվեստի հետ կապ չունի, իսկ իմ մտքերն էլ իր համար նավթալին են: Յուրաքանչյուր ժանրի մեջ դասականն ամեն ինչի հիմքն ու սկիզբն է՝ լինի դա երաժշտություն, երգ, կինո, թատրոն թե պար: Կարծում եմ՝ ներկայիս բալետմայստերն էլ ժամանակի ընթացքում կհասկանա, որ դա փորձության դաշտ չէ, այլ ակադեմիական թատրոն»:



 



Գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի հետ հանդիպեցինք Օպերային թատրոնում, ում հետ զրույցն սկսելուց րոպեներ անց նկատեցի, որ անկյունում նստած երիտասարդը տեսանկարահանում է մեզ: Երբ հետաքրքրվեցի, թե ինչու է տեսանկարահանում, Խառատյանը նշեց, որ լրագրողներն իր խոսքերը միշտ խեղաթյուրում են, եւ չնայած իմ հավաստիացմանը, որ ցանկացած ձայնագրություն առնվազն 2 ամիս պահպանվում է, հետեւաբար նման խնդիր չի կարող լինել, միեւնույն է՝ նա աննախադեպ կասկածամտություն դրսեւորեց, իսկ աթոռին նստած երիտասարդն էլ շարունակեց տեսանկարահանել: Գլխավոր բալետմայստերը մանրամասն նախապատրաստվել էր եւ, որպես սկիզբ, հանեց ու սկսեց հերթով կարդալ 2011թ. վերջի եւ 2012թ. սկզբի խաղացանկը՝ նշելով, թե որ ամսին ինչ ներկայացում է գնացել, եւ, ինչպես ինքը նշեց, որպեսզի խոսացողները չասեն, թե միայն իր ներկայացումներն են բեմ բարձրացել. «Իմ բեմադրած բալետներից «Ռոմեո եւ Ջուլիետը» 2 անգամ է գնացել, մի անգամ «Ստաբատ Մատերն» է գնացել, եւ երկու պրեմիերաներ են եղել՝ «Երկու գարուն» եւ «Բոլերո»»:



 



Խառատյանի խոսքերով, այն, որ ասում են «փոքրիկ ներկայացումներ»՝ դրանք 30 րոպեանոց մեկ գործողությամբ բալետներ են, որոնք ժամանակին չեն զարգացել այստեղ: «Իսկ հիմա ժամանակն է, որ այդ ֆորման զարգանա, սա է խնդիրը: Այսինքն՝ մերոնք նոր խորեոգրաֆիա, նոր ոճ երբեք չեն պարել... այն մարդիկ, ովքեր բողոքում են, իրենք էլ պետք է ցավեին սրա համար, միասին աշխատեինք, որ առաջ տանեինք: Ես ափսոսում եմ Ռուբենի համար, որովհետեւ ինքը չի զարգանում ու եթե տեղյակ լիներ այսօրվա բալետային ուղղությունների զարգացումներից, ինքը կիմանար, որ բալետն իր մեջ ունի նաեւ սպորտայինը. նույն ակրոբատ շարժումները, նույն թռիչքները սպորտային են: Մերոնք տեղյակ պիտի լինեին, որ այսօր բալետն իր մեջ վերցրել է թե ակրոբատիկ, թե կարատեի, թե սպորտային բոլոր շարժումները եւ ներմուծել է բալետային զգացմունքի մեջ»,- նշեց Խառատյանը եւ հավելեց, որ ինքը ոչ թե նորամուծություններ, այլ դեռ այն շերտն է բերում, որը պարողները չեն անցել. «Ես ուզում եմ նրանց մոտեցնել 21-րդ դարին, մերոնք դեռ 20-րդ դար են, ես այդ փոքր բյուջեով ուզում եմ ինչ-որ բաներ անել, որ մերոնք գան այդ մակարդակի վրա»:



 



Այդ դեպքում ինչո՞ւ բալետային այդ նոր խոսքը չի ընդունվում երիտասարդների կողմից: Խառատյանը պատասխանեց, որ դրա համար պետք է երկար աշխատեն, ապա հանեց ամիսների կտրվածքով մի քանի բալետային պարողների բացակայությունների ցուցակը եւ նշեց, որ նրանցից մի քանիսին չի կարողանում դասասրահ բերել, որպեսզի մարզվեն: Ըստ բալետմայստերի, ամբողջ խնդիրն այն է, որ նրանք չեն ուզում աշխատել: Այն դիտարկմանը, որ գուցե այդ բացակայություններն իր անձով են պայմանավորված, եւ դրա համար բողոքի նման ձեւ են ընտրել, Խառատյանը նշեց, որ իրենից առաջ էլ է այդպես եղել, եւ վկա բերեց Յուրի Գրիգորովիչին, ով, ըստ Խառատյանի, «Սպարտակը» բեմադրելու այդ 3 ամիսներին չէր կարողանում պարողներին փորձերի բերել: Ինչը, նկատենք, չխանգարեց Գրիգորովիչին հետաքրքիր ներկայացում անել: