«Հայաստանի ձայներն» ընտրում են Արտո Թունջբոյաջյանին

«Հայաստանի ձայներն» ընտրում են Արտո Թունջբոյաջյանին
«The Voice» միջազգային երաժշտական նախագծի հայաստանյան տարբերակը` «Հայաստանի ձայնն» արդեն «Արմենիա» հեռուստաընկերության եթերում է: Սա նույնպես միջազգային ձեւաչափ է, որը 50-ից ավելի երկրների հեռուստատեսությունների ռեյտինգային ցուցակների առաջատարն է:  Ըստ նախագծի, առաջին փուլում ժյուրիի անդամները, ովքեր նաեւ երաժշտական մարզիչներն են, կույր ընտրություն են կատարում՝ լսելով միայն մասնակցի ձայնը:



 



Իսկ եթե մի մասնակցի ընտրում են միաժամանակ ժյուրիի երկու կամ ավելի անդամ, ապա մասնակիցն ինքն է ընտրում, թե ժյուրիի անդամներից ում հետ շարունակի պայքարը: Հաջորդ փուլում ժյուրիի անդամներն աշխատելու են ընտրված մասնակիցների հետ, կատարելագործելու են նրանց երաժշտական հնարավորությունները: Մրցմանը ժյուրիի աշակերտներից երկու մասնակիցներ կատարում են նույն երգը, թույլ կատարողը լքում է մրցույթը: Եզրափակիչ փուլում մասնակցին որոշում է արդեն լսարանը, իսկ հաղթողի հետ 1 տարվա պայմանագիր է կնքում «Universal music group» ընկերությունը: Հայաստանյան նախագծի ժյուրիի կազմում են Արտո Թունջբոյաջյանը, Թաթա Սիմոնյանը, Սոնան եւ Սոֆի Մխեյանը: Նախագծի երաժշտական պրոդյուսերն է երգիչ Հայկոն:



 



Նախօրեին եթեր հեռարձակվեց նախագծի առաջին հաղորդումը, որն ընդհանուր առմամբ դրական տպավորություն թողեց, ժյուրիի անդամներն ավելի քան անկաշկանդ էին, նրանք լավ մասնակիցներին ձեռքից ձեռք էին խլում՝ «էստի համեցեք» տարբերակով, որպեսզի իրենց թիմում ընդգրկեն: Երբեմն ժյուրիի անդամներն արձագանքում էին ոչ թե մասնակիցների վոկալին, այլ իրենց սիրած երգերին: Ու եթե Թաթա Սիմոնյանը մի քիչ մոլորված տպավորություն էր թողնում, ապա Սոֆի Մխեյանը ժյուրիի հետնապահն էր, ով լավ ձայնային տվյալներով մասնակիցներին խնդրում էր, որ վստահեն եւ իր թիմ գան:  Բայց մասնակիցներին նույնպես կարելի էր հասկանալ, նրանցից շատերն ընտրում էին Արտո Թունջբոյաջյանին, ով ոչ միայն ճանաչված երաժիշտ է, այլեւ լավ մարդ ու ուսուցիչ: Մասնակիցների մեծ մասն աչքի էր ընկնում վոկալային լավ տվյալներով: Նրանց մեջ էր նաեւ «Հայ սուպերսթարի» մասնակիցներից Աննա Ավետյանը:



 



Բայց մինչ հաղորդման եթեր դուրս գալը մասնակիցներից Հասմիկ Մնոյանն արդեն գրառում էր արել իր ֆեյսբուքյան էջում. «Երեկ կայացավ «The voice of Արմենիա» մրցույթի առաջին խմբի ելույթը, ես մասնակիցներից մեկն եմ, ահավոր շփոթված եմ ժյուրիի անլուրջ վերաբերմունքից, չեմ հասկանում՝ մի՞թե չեն գիտակցում, որ լուրջ մրցույթ է, եւ իրենք, լինելով ժյուրիի անդամ, կրելով իրենց ուսերին այդպիսի մեծ պատասխանատվություն, մրցույթը վերածում են թատրոնի: Զազրելի էր, հավատացեք: Ես վստահ եմ՝ չի ցուցադրվի 25 մասնակիցներիս ելույթը մեկ առ մեկ, ինչի վառ ապացույցը կլինի, որ անարդարություն էր, ու չկար լրջություն: Ժյուրին ի՞նչ իրավունքով կարող է սեղմել մյուսի կոճակը: Խեղկատակություն. ինչպե՞ս կարող են անցնել մի խումբ ֆալշ երգողներ կամ արտասանողներ... Ինչո՞ւ: Նյութը չի ցուցադրվի ՏՎ-ով, վստահ եմ: Ես հավատում էի «The Voice»-ին, բայց արի ու տես՝ նողկալի էր: Հա, մի բան էլ. արդեն պարզ է, թե ժյուրիի անդամ Ավրաամ Ռուսոն ինչու հրաժարվեց լինել նրանց կազմում, ու թաքցնում էին, թե պատճառն ինչն է. պարզ է` ցանկություն չուներ համագործակցել նման խմբի հետ: ԲՐԱՎՈ նրան»: Գրառման տակ արված մեկնաբանությունները նույնպես տարբեր էին, օգտատերերից շատերը գրել էին, որ  «ժյուրիի անդամներից ոմանք իրենք ունեն ժյուրիի կարիք», ոմանք էլ նշել էին, թե քանի որ մասնակիցը չի անցել հաջորդ փուլ, բնական է, որ բողոքում է: