Պատերազմ հոգիներում

Պատերազմ հոգիներում
«Օդը մաքրել է պետք գարշահոտությունից, միջավայրը լցնել է պետք պայծառ դեմքերի չխամրող ժպիտով, իրավիճակը փոխել է պետք եւ ժողովրդին փրկել... ու փրկողն էլ պետք է ժողովուրդը լինի: Բայց, ավաղ, ծանր կյանքը, անհուսությունը տկարացրել են ոչ միայն ժողովրդի հոգին, այլ նաեւ նրա կամքը, տոկունությունը, ուժը, հույսը, սպասումը, հավատը: Բայց մեկ է՝ փրկության ելքը հենց ժողովրդի ձեռքում է»: Այսպես է գրել մեր ընթերցողը՝ Վարդուհի Բաբայանը:



 



Հոդվածը, որ նա ուղարկել է խմբագրություն, վերնագրված է. «Այդպես շարունակել այլեւս անհնար է»: «Երկրում վիճակը վատ է, ավելի վատ, քան պատերազմի ժամանակ: Մարդկանց հոգիներում է պատերազմ»,- նկատել է հոդվածագիրը: Այս տագնապը միայն Վարդուհունը չէ: Նման զգացումներ այս օրերին շատերն ունեն: Երեկ մեր լրագրողներից մեկն ասում էր, որ վերջին երկու օրվա ընթացքում իր ծանոթ երեք ընտանիք մեկնել է Հայաստանից: Վստահ եմ՝ այս մեկնողներն էլ նույն ապրումներն ունեն, նույն տագնապի, անհուսության, հոգեւոր պատերազմի զգացումը: Չեմ արդարացնում մեկնողներին:



 



Ավելին՝ ինչ-որ պահից սկսած, անգամ սկսել եմ մեղադրել: Եվ մնացողների հերոսական կեցվածքն էլ չեմ հասկանում՝ սեփական հայրենիքում ապրելը հերոսություն չէ, ոչ էլ ինքնազոհողություն: Սեփական երկրից հեռանալն էլ վատ իշխանություններով, անարդարություններով, գործազրկությամբ ու չգիտեմ էլ ինչ դժվարություններով բացատրելն էլ, կներեք, անբարոյականություն եմ համարում: Գնում եք բարեկեցիկ կյանքով ապրելու, ուրիշի ստեղծած բարիքները վայելելու՝ այդպես էլ ասեք: Մի սեթեւեթեք, պայքարողի ու տուժածի կեցվածք մի ընդունեք: Պարզապես ասեք՝ ուզում եմ լավ ապրել եւ վերջ: Սա ավելի բարոյական ու հասկանալի կլինի, քան դատապարտվածի դեմագոգությունը: