Ուղերձ Սերժ Սարգսյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին

Ուղերձ Սերժ Սարգսյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին

Ս.թ. փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական նախագահական ընտրությունները, որի արդյունքում ԿԸՀ-ն 58,64 տոկոս ձայներով հաղթող ճանաչեց նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ ձայների 36,75 տոկոսով երկրորդ տեղ հռչակեց նախագահի թեկնածու Րաֆֆի Կ. Հովհաննիսյանին։





Գործող իշխանությունը համաձայնվեց այդ արդյունքների հետ, իսկ  Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը չհամաձայնեց ԿԸՀ-ի հրապարակած արդյունքների հետ, հայտարարելով, որ իրական ձայները կեղծված են, ինքը ստացել է ընդհանուր ձայների կեսից ավելին եւ իրեն համարում է օրինական ընտրված նախագահ: Նա ընտրության հաջորդ իսկ օրվանից ձեռնարկեց անհամաձայնության գործընթաց, որը շարունակվում է մինչ այսօր։ Նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի երկխոսության առաջին փորձը չհանգեցրեց համաձայնության։ Նրանցից  ամեն մեկը համարում է, որ ինքն է ընտրվել  նախագահ եւ երկուստեք՝ ամեն մեկն իր հերթին շարունակում է իր ստրատեգիական ու  մարտավարական գործողությունները։ Վերլուծելով ընտրությունից հետո նրանց մեկշաբաթյա գործողությունները, վստահաբար գալիս ենք այն եզրակացության, որ ստեղծված իրավիճակը անսպասելիորեն կարող է դառնալ պայթունավտանգ, քանզի երկու կողմերն էլ հաստատակամ են իրենց համոզմունքներում եւ նրանց քայլերը բնավ չեն վկայում, որ պատրաստ են գնալ՝ թեկուզ փոքրիկ փոխզիջման։





Արտաքուստ՝ կարծես երկու կողմերն էլ ընտրել են պայքարի սահմանադրական ճանապարհը, սակայն ակնհայտ է, որ կողմերից մեկն ու մեկի կողմից ցանկացած փոքրիկ շեղում կարող է դառնալ հենց այն կայծը, որը կարող է բերել անկախատեսելի եւ անկառավարելի բռնկումների, որն էլ իր հերթին կարող է կործանարար լինել մեր նորանկախ, երերացող, մանուկ  պետության, ժողովրդի եւ յուրաքանչյուր քաղաքացու համար։ Հայաստանն այսօր շրջապատված չէ բարի կամեցող հարեւաններով, որ մենք կարողանանք մեզ նման «շռայլություն» թույլ տալ եւ գնալ վտանգավոր առճակատումների։ Ավելորդ եմ համարում հերթական անգամ բարձրաձայնել «Ղարաբաղյան խնդրի» գերկարեւորության եւ նրա խութերի մասին։ Իհարկե, ասվածը բնավ չի նշանակում, որ պետք է ամեն ինչի վրա աչք փակել եւ վախենալ քայլեր ձեռնարկելուց՝ մանավանդ կարեւոր նշանակության հարցերում։ Ուղղակի, որեւէ անձ, լինի դա նախագահ, նախագահի թեկնածու, մտավորական, արվեստագետ, բանվոր, բիզնեսմեն (այս շարքը կարելի է երկար շարունակել) իրավունք չունի վտանգել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, քանզի անձերն ընդամենը մի կաթիլ են՝ պետության, ժողովրդի օվկիանոսում։ Արդեն  անկասելի է ժողովրդավարության մուտքը նաեւ մեր երկիր եւ Հայաստանը եւս՝ որպես Եվրախորհրդի անդամ, այլընտրանք չունի, քան ընթանալ ժողովրդավարության ճանապարհով ու մասնակից դառնալ ժողովրդավարական գործընթացներին, որոնց ուղղակի արձագանքներից է նաեւ այսօր մեր երկրում ստեղծված հետընտրական իրավիճակը։





Սակայն, ժողովրդավարության դրոշի ներքո, բոլորս պարտավոր ենք առաջին հերթին արժեքներ կերտել, այլ ոչ թե արժեքներ կործանել, որքան էլ որ  գերնպատակ համարվի ժողովրդավարության պարգեւած գործիքների կիրառումը։





     Եթե հրաշքով՝ եռաբլուրում ննջող մեր հերոսները մի պահ արթնանային եւ ներկա լինեին այս իրողությանը, երեւի զարմանքից, ափսոսանքից ու ամոթից նորից մեռնեին, հասցնելով ընդամենը շշնջալ. ամո…ո…թ …: Միթե±, այս իրավիճակում մեզ համար սրանից ավելի զգոնացնող հանգամանք կարող է լինել:





     Այս պահին, երբ գրում եմ այս ուղերձը, փառք Աստծո, երկրում հանգիստ վիճակ է եւ սա հենց այն թանկագին ընմիջումն է, որը մեզ շանս է տալիս մանրակրկիտ վերլուծելու, հաշվարկելու իրավիճակի հնարավոր զարգացման բոլոր անդառնալի հետեւանքները եւ առանց վայրկյան կորցնելու դիմելու Տիրոջը, որ բոլորիս խելք ու իմաստնություն տա, որպեսզի ի զորու լինենք նախապես գտնել՝ այս վիճակից անարյուն դուրս գալու օպտիմալ, շահավետ եւ ճշգրիտ  լուծումները:





     Այստեղ կարելի է շատ երկար վերլուծություններ անել, սակայն այս պրոբլեմի հանգուցալուծման արդար եւ ճիշտ ճանապարհը հետեւյալն է. այն կամ պետք է լուծվի երկխոսության ճանապարհով, կամ սահմանադրական դատարանի վճռով՝ «վստահության հանրաքվե»-ի միջոցով։





 Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ



«Ժողովրդավարություն եւ ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ