Ժողովուրդը պետք է թելադրի Րաֆֆիին եւ ոչ թե կուրորեն հետեւի նրան…

Ժողովուրդը պետք է թելադրի Րաֆֆիին եւ ոչ թե կուրորեն հետեւի նրան…
Րաֆֆիի հանրահավաքային ամբողջությունը հուշում է, որ առաջնորդը ժողովուրդն է, իսկ Րաֆֆին գնում է նրա ետեւից: Մոտավորապես այսպիսի տպավորություն եմ ստանում. Ժողովուրդը քաշող մեքենա է, իսկ նրա ետեւից կախված է Րաֆֆին, ժողովուրդը գնում, բնականաբար ետեւից տանում է Րաֆֆիին:



 



Էջմիածնի հանրահավաքում Րաֆֆին մի այսպիսի բան ասաց. «Անահիտ, դու մի հինգ րոպե խոսիր, ես բարեւում եմ»: Այս պարզ նախադասությունը բնորոշում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն աշխատում է զգայական դաշտում, նա կոնկրետ ասելիք չունի, ընդամենը գործում է էմոցիոնալ դաշտում… Հենց այնպես, զգացմունքների վրա չեն խաղում… Ի՞նչ հրահանգ ունի նա եւ կարո՞ղ է ժողովրդական ալիքի հուժկու բարձրացումից հետո տանել այդ խաղը… Հրահանգողը հաշվի՞ է առել տարերքի ուժգնության չափը ու հետեւանքները, թե՞ տարվել է սեփական խաղով… Ինչեւէ, Րաֆֆիի հանրահավաքներին իշխանության կողմից առայժմ լուրջ  խոչընդոտներ չեն լինում, չհաշված, քիչումիչ կարգավորման փորձերը, որը  մտորելու տեղիք է տալիս…



 



Դա ժողովրդական շարքերը մեծացնելու միտում չունի՞, ժողովրդին անուղղակիորեն հասկացնելու՝ բոլորդ դուրս եկեք փողոց, համախմբվեք մի մարդու շուրջ, տեսնու՞մ եք, որ հնարավոր է… Այստեղ մի նրբություն կա, որից իրապես կարող է օգտվել ժողովուրդը: Ժողովուրդը այս անգամ պետք է ինքը օգտագործի Րաֆֆիին, թույլ չտալով, որպեսզի հակառակ բեւեռն ուղղորդի նրան… Թույլ չտալով, որպեսզի Րաֆֆին գրավի ընդդիմության բեւեռը ու հանձնի համապատասխան ուժերի: Ընդդիմության բեւեռն այսօր Հայաստանի քաղաքացին է, ժողովուրդը, եւ նա այս անգամ պետք է զգոն լինի: Ժողովուրդը պետք է թելադրի Րաֆֆիին եւ ոչ թե կուրորեն հետեւի նրան… Բավ է անհատ գործիչները խաղան ժողովրդի ճակատագրի հետ:



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ