Բռնակալները շտապում են շնորհավորել «նորընտիր» բռնակալին

Բռնակալները շտապում են շնորհավորել «նորընտիր» բռնակալին
Այսօր մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա անցկացրին Իտալիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի Դաշնության դեսպանատների առջեւ: Ակցիայի մասնակիցները իրենց բողոքն հայտնեցին  արեւմտաեվրոպական պետություններին՝ ՀՀ ժողովրդի կողմից չընտրված նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորելու համար:



 



Ոստիկանները փորձում էին ամեն կերպ խոչընդոտել ակցիայի անցկացմանը՝ մասնակիցներին չթողնելով  մոտենալ դեսպանատներին: Օգտվելով տեսախցիկների բացակայությունից, ոստիկանները բռնությամբ խլեցին Վահագն Մինասյանի ցուցապաստառը: Ակտիվիստները նշում են նաեւ, որ ոստիկանները իրենց հայհոյել են:



 



«Իրենց ժողովրդավարական հորջորջող արեւմտաեվրոպական պետությունները, տվյալ դեպքում՝ Իտալիան, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Գերմանիան շատ լավ իմանալով ընտրակեղծարարության մասին, միեւնույնն է, շնորհավորում են այս ռեժիմին՝ լեգիտիմացնելով բռնապետությունը: Ուզում եմ հարց տալ այդ եվրոչինովնիկներին. «Եթե նմանատիպ ընտրություններ լիներ ձեր պետություններում, դա ձեզ համար ընդունելի կլինե՞ր»: Այս պետություններն, ելնելով իրենց աշխարհաքաղաքական շահերի պաշտպանության դիրքերից, ուղղակի մեր զարգացման, մեր պետականության կայացման գործընթացը խրում են այս ռեժիմի ստեղծած ճահիճի մեջ»-նշեց ակտիվիստ Արթուր Գրիգորյանը:



 



Բողոքի ցույցի մասնակիցները իրենց դիմում- բողոքները ուղարկեցին վերոնշյալ դեսպանատներ: Ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը կարդաց բողոքի տեքսը եւ հավելեց. «Դիկտատորները շնորհավորում են դիկտատորին»:



 



Արմինե ՏՈՆՈՅԱՆ