Թվերն իմացաք՝ բավական է

Թվերն իմացաք՝ բավական է
Օրենքով նախատեսված ժամկետը վաղուց ավարտվել է, բայց Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբականները շարունակում են վերահաշվարկի պահանջով դիմումներ ներկայացնել ԿԸՀ: Երեկ 6 այդպիսի դիմում է ներկայացվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի եւ հարակից գյուղերի տեղամասերի վերաբերյալ:



 



«Ժառանգականներին» հատկապես կասկածելի են թվում այն տեղամասերի արդյունքները, որտեղ Սերժ Սարգսյանի ձայները 4-5 անգամ գերազանցում են Րաֆֆի Հովհաննիսյանի քվեները: Ուսումնասիրելով ԿԸՀ հրապարակած պաշտոնական տվյալները, նկատեցինք, որ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել են մարզերի ամենաաղքատ համայնքները, որոնք ավելի կախյալ վիճակում են իշխանություններից: Զրուցեցինք «փայլուն» արդյունքներ ցույց տված մի քանի գյուղապետերի հետ: Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի 1411 ընտրողներից Րաֆֆի Հովհաննիսյանն ընդամենը 36 ձայն է ստացել, իսկ Սերժ Սարգսյանը՝ 602: 4 տարվա հանրապետական գյուղապետ Գեւորգ Օհանյանն այս արդյունքը բացատրեց 50 մլն դրամ գյուղին տրամադրելու ՀՀԿ-ի խոստմամբ: «Գյուղի դպրոցն են խոստացել վերանորոգել, դրա մասին էլ ժողովուրդը տեղյակ է: Ուրիշ բան չունենք, մի հատ դպրոց ունենք: Ժողովուրդն ընդունելով, կանգնեց մեր կողքին, որ մեր ձայնը տեղ հասնի»,-ասում է գյուղապետը: Նոր Կյուրինի դպրոցն ավերակ է: Համայնքային բյուջեն այնքան սուղ է, որ մանկապարտեզը կարողանում են աշխատեցնել տարին 6 ամիս ընդամենը: 50 միլիոն դրամն օգտագործվելու է նաեւ գյուղամիջյան ճանապարհը նորոգելու համար, իհարկե, եթե Հանրապետականը պահի խոստումը: Խոստումների, ոչ 5 տարվա գործունեության հաշվին է գործող նախագահը ձայներ ստացել Բյուրական գյուղում: ԿԸՀ տվյալներով, նա 1196 ընտրողներից 986-ի քվեն է ստացել:



 



Հանրապետական գյուղապետ Զարզանդ Բաբայանը խոստացել է, որ կլուծի բյուրականցիներին սեփականաշնորհման վկայականների տրամադրման հարցը: Բյուրականը միակ համայնքն է Հայաստանում, որի բնակիչները մինչ օրս չունեն սեփականաշնորհման վկայականներ: Զարզանդ Բաբայանը նորընտիր գյուղապետերից է: Ընտրությունների դրական արդյունքը նախագահի համար նա բացատրում է իր հեղինակությամբ: «Ես Հանրապետական կուսակցության անդամ եմ: Խնդրել եմ իմ ժողովրդին, որ ինձ սատարեն, ընտրեն Սերժ Սարգսյանին: Ոչ մի խախտում չի գրանցվել: Ես դեմ եմ բոլոր տեսակի խախտումների եւ բռնի գործողությունների: Ես իմ գալով՝ լավ քայլեր եմ արել գյուղի համար: Մի քանի ավտոկանգառներ եմ դրել, մի քանի հատ ավտոճանապարհներ եմ սարքել,100 ուսանողի ճանապարհների վարձը ես եմ վճարում, օգնում եմ լավ սովորողներին եւ կարիքավորներին»,- պատմում է Բաբայանը: Հայաստանի «ամենախեղճ» գյուղերից է Վայոց Ձորի Սերսը: Բարձրլեռնային այս գյուղում, որից այն կողմ Նախիջեւանն է, գրեթե  բնակչություն չի մնացել: Տղամարդկանց մեծ մասը մեկնել է Վորոնեժի մարզ, իսկ ովքեր բարեկամներ չունեն այնտեղ, արտագաղթել են ՀՀ այլ համայնքներ: 8 ընտանիք էլ տեղափոխվել է ԼՂՀ,  քանի որ այնտեղ կյանքն ավելի լավ է, քան Սերս գյուղում: Միակ աշխատանքը, որ արվել է այստեղ վերջին երեք տարիներին, ասֆալտապատումն է:



 



Հիմա էլ գյուղը կորած է ցեխի մեջ, եւ բոլորի տանը կալոշներ կան: Սակայն, դատելով ընտրությունների արդյունքներից, այստեղ գյուղացիները համատարած գոհ են իշխանությունից: Այս գյուղում 102 ընտրողներից  83-ը Սերժ Սարգսյանին են ընտրել: 11-ը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, եւ 3 մարդ՝ Հրանտ Բագրատյանին: Սակայն գյուղապետ, հանրապետական Տիգրան Մալխասյանը «մեղավոր չէ»: «Իրանք են քվեարկել, ես ի՞նչ գործ ունեմ»,- ասաց նա, չկարողանալով բացատրել ընտրությունների արդյունքները:



 



- Փաստորեն, գո՞հ են իշխանություններից:



 



- Հա, մեր գյուղը գոհ է:



 



- Բայց ես եկա տեսա, որ աղքատ են մարդիկ, լավ չեն ապրում, ցեխի մեջ կորած:



 



- Ի՞նչ անեմ: Իրենք որ քվեարկել են, ես ի՞նչ անեմ:



 



165 ընտրող ունեցող Սաղմոսավան փոքրիկ համայնքի ղեկավար Ներսես Ավագյանն էլ տհաճ տպավորություն ստացավ մեր հարցերից: «Թվերն իմացաք՝ բավական է»,- ասաց նա, երբ գյուղապետին խնդրեցինք մեկնաբանել ընտրությունների արդյունքները: «Ինչի՞ հաշվին է ձեր գյուղում ընտրվել Սերժ Սարգսյանը» հարցիս նա պատասխանեց. «Ժողովուրդը տենց ա ուզել, տենց ա ընտրել»:



 



- Քանի՞ ձայն է ստացել նախագահը ձեզ մոտ:



 



- Չեմ հիշում: Հանձնաժողովի նախագահ չեմ եղել:



 



- Դուք չե՞ք հիշում, թե ինչքան է հավաքել մեր նախագահը:



 



- 110 ձայն:



 



- Կներկայացնե՞ք ձեր գյուղը: Մարդիկ հարու՞ստ են, աղքա՞տ են:



 



- Շատ աղքատ են:



 



- Բա ո՞նց է, որ գոհ են իշխանությունից:



 



- Ո՞վ ասեց, որ գոհ են կամ դժգոհ են: Համենայնդեպս, խոսակցություն չի տարվել տենց: Թվերն իմացաք՝ բավական է: