Հիրոշի Տեսիգահարա. «Ավազուտների կինը»

Հիրոշի Տեսիգահարա. «Ավազուտների կինը»
«Օգոստոսյան մի օր մարդն անհետացավ: Նա որոշել էր արձակուրդն անցկացնել ծովափին, ուր գնացքով կարելի էր հասնել ընդամենը մեկ օրում: Դրանից հետո նրա մասին ոչ ոք ոչինչ չիմացավ: Թե ոստիկանության որոնումները եւ թե լրագրերում զետեղված հայտարարությունները որեւէ արդյունք չտվին»:



 



Այսպես է սկսվում ճապոնական արձակի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ մասնագիտությամբ բժիշկ Կոբո Աբեի հռչակավոր «Ավազուտների կինը» վեպը: Վեպի մասին գրախոսություններ, կարծիքներ բազմիցս հրապարակվել են: Արեւմուտքում «Ավազուտների կինը» Աբեին մեծ համբավ եւ բազմաթիվ ընթերցողներ բերեց: Շվեդական ակադեմիայում նրա անունը շատ էին տալիս: Ոմանց կարծիքով, միայն նրա վաղաժամ մահը պատնեշեց Նոբելյան մրցանակի ճանապարհը: Պոստմոդեռնիստական գրականության մեջ նույնպես Աբեի վեպի ազդեցությունն առայսօր նկատելի է: Հուշումները, հղումները վեպին, դրանից մեջբերումները բազմիցս կարելի է հանդիպել ժամանակակից գրողների ստեղծագործություններում:



 



Չգիտեմ՝ ինչքանով է իր հայտնիությամբ ճապոնացի ռեժիսոր Հիրոշի Տեսիգահարայի «Ավազուտների կինը» վեպի էկրանացումը զիջում վեպին, բայց, կարծում եմ, դրա մասին այդքան շատ չի խոսվել: Անդրեյ Տարկովսկու առաջարկած ֆիլմերի ցանկում եմ հանդիպել Տեսիգահարայի ֆիլմին ու ընդհանրապես առաջին անգամ լսել ռեժիսորի անունը:



 



Հիրոշի Տեսիգահարան ծնվել է 1927 թվականին: Նրա հայրը Իքեբանա Սոգեցու դպրոցի հիմնադիրն էր: Տեսիգահարան սովորել է Տոկիոյի համալսարանի նկարչության բաժնում: Ուսումնասիրել է ոչ միայն ճապոնական հին եւ ժամանակակից արվեստի պատմությունը, այլեւ եվրոպական մշակույթը, որ հնարավորություն էր տալիս նոր համադրության եւ փորձարարությունների: 1950 թվականին Տեսիգահարան ծանոթանում է Կոբո Աբեի հետ: Գրողի եւ ռեժիսորի միջեւ սկիզբ է առնում մի համագործակցություն, որի արդյունքները Տեսիգահարայի լավագույն գործերի համարումն ունեն: Ռեժիսորի դեբյուտը «Հոքուսայ» կարճամետրաժ վավերագրական ֆիլմն էր, որ նվիրված է նկարիչ Կացուսիկա Հուքուսայի արվեստին: 1959 թվականին Տեսիգահարան ստեղծում է «Արվեստի կենտրոն Սոգեցու» միավորումը, որտեղ ճապոնական արվեստը, ջազը, մոդեռն պարը, նորարարական ֆիլմը կարող էին համատեղ ցուցադրվել եւ երկխոսել: Առաջին խաղարկային ֆիլմը ծնվում է Կոբո Աբեի պիեսի հիման վրա: 1964 թվականին Տեսիգահարան էկրանավորում է Աբեի «Ավազուտների կինը» վեպը` արժանանալով Կաննի փառատոնի հատուկ մրցանակին: Ֆիլմից հետո, որ ճանաչում էր բերել նրան Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, Տեսիգահարային համարում են ճապոնական կինեմատոգրաֆի ամենակարեւոր ռեժիսորներից մեկը: Նա հետագայում հաջողությամբ էկրանավորում է նաեւ Աբեի «Ուրիշի դեմքը» եւ «Այրված քարտեզը» վեպերը:



 



Ֆիլմում հնչող Տակեմիցուի սրացող ու հանդարտվող երաժշտությունը, էքզիստենցիալ թախիծ ու դատապարտվածություն բնորոշող կադրերը տագնապի ու լարվածության մթնոլորտը պահում են մինչեւ վերջ: Ավազի հոսքն ասես երբեք կանգ չի առնելու: Ժամանակակից կյանքի ամայի ավազուտի մեջ մարդը կարող է միջատի արժեք չունենալ: Նույնիսկ ավազի բազմապիսի հոսքերի ու փլուզումների մեջ էրոտիզմը ոչ մի պարագայում չի հեռանում: Տղամարդու եւ կնոջ՝ ընթացիկ կյանքից կտրված հարաբերությունները, «ազատության» ձգտող տղամարդու պայքարը եւ սեփական ճակատագրին ներդաշնակվելու կնոջ համակերպվածությունը արեւմտյան եւ արեւելյան կյանքի եւ մտքի փիլիսոփայական հանդիպումն են, որտեղ բոլոր կորուստներն ու ձեռքբերումները՝ իրենց ներքին դրամատիզմով (մի դեպքում՝ ակտիվ, մյուս դեպքում՝ պասիվ դրսեւորումներով), չեն զիջում միմյանց: