Աշխատանքի գինը

Աշխատանքի գինը
Մի շատ աղքատ նկարիչ փոքրիկ տղա է ունենում: Նկարչը հազիվ է կարողանում իր նկարած ծաղիկները հարուստ կանանց ամուսիններին գրոշներով վաճառելով օրվա հացի փող վաստակել: Նկարչի տղան միշտ տխուր է լինում:



 



Նա երկար նայում է հոր նկարած գույնզգույն ծաղիկներին, իրենց կիսափուլ տանը, հետո դուրս է գալիս զբոսնելու եւ տեսնում, որ իր հասակակիցները զանազան քաղցրավենիքներ են ուտում, հեծանիվ քշում, խաղում են գնդակով եւ մի բան էլ ծաղրում նկարչի տղային: Հայրը, սա նկատելով, որոշում է կախարդական խաղ խաղալ նրա հետ: «Արի, տղաս, - ասում է, - այսօր մենք այս թղթի վրա կնկարենք կարմիր ու մեծ գնդակ, եւ դու կունենաս աշխարհի ամենասիրուն ու մեծ գնդակը»: Հայրը մի մեծ ու գեղեցիկ գնդակ է նկարում, եւ տղան շա՜տ է հիանում իր գնդակով, այդպիսի գեղեցիկ գնդակ փողոցի տղաներից ոչ ոք չուներ: Հաջորդ օրը հայրը նկարում է աշխարհի ամենահամեղ ելակով տորթը, փոքրիկ տղայի դեմքին կամաց-կամաց ժպիտ է հայտնվում, նա սկսում է սովորել հոր արվեստը, հետեւում է կախարդական վրձնի հարվածներին, գույներին ու պատկերներին: Սկսում է նկարել ու նկարել: Անցնում են օրեր: Տղան գրեթե դուրս չի գալիս տնից: Նա սկսում է ոչ թե տորթեր, գնդակներ, այլ` ծառեր, մարգագետիններ, երկինք ու սարեր նկարել: Նրա նկարները հիացնում են քաղաքի ամենաերեւելի մարդկանց, տղան սկսում է շատ թանկ վաճառել իր կտավները, հարստանում է, բայց չի մոռանում իրենց քաղաքի փոքրիկ եւ աղքատ երեխաների համար գնդակ, քաղցրավենիք եւ այլ անհրաժեշտ իրեր գնել: