Թանկացումները հիմնավորված չեն

Թանկացումները հիմնավորված չեն
«Իրազեկ եւ պաշտպանված» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը մի շարք ապրանքատեսակների թանկացումը համարում է չհիմնավորված: «Անհարկի թանկացումներից բացի գները թանկանում են անհամեմատ ավելի մեծ տոկոսով, քան որ իրականում նախատեսվում է»,-ասաց Բաբկեն Պիպոյանը՝ տեղեկացնելով, որ հացամթերքի ոլորտում երեկվանից նկատելի է գնի թանկացում 10-20 դրամ, իսկ գազալցակայաններում գազը թանկացել է 15-20 տոկոսով: Ըստ նրա մեզ մոտ բացակայում են պրոֆեսիոնալ մակարդակի փորձագիտական հաշվարկները. «Պետական մարմինները, հասարակական կազմակերպությունները եւ այլ կառույցներ պետք է օգտագործեն իրենց լծակները, այդ դեպքում գազի գնի բարձրացման ֆոնին բոլորն իրենց ապրանքները չեն  թանկացնի»: Նրա կարծիքով, գազի սակագնի քննարկումների ժամանակ բուռն արձագանքները, նպաստեցին, որ կառավարությունը գազի գնի խելամիտ չափ սահմանեց: Վերջինս  խորհուրդ է տալիս հասարակությանը ակտիվ պայքարել անհիմն թանկացումների դեմ:



Անդրադառնալով հասարակական տրանսպորտին, հ/կ նախագահն ասաց, որ մի քանի օրից պատրաստ կլինի իրենց կազմակերպության փորձագետների եզրակացությունը` վնասով են աշխատում, թե ոչ: Սակայն, մինչ այդ Բաբկեն Պիպոյանի հաշվարկներով, երթուղային տաքսիները առավելագույնը կարող  են  թանկանալ 5 % կամ 10 %: «Կան տաքսիներ, որ աշխատում են մինիմալը 1000 դրամով՝ նախկին 600-ի փոխարեն, այդ թանկացումը ևս հիմնավոված չէ-ասաց Պիպոյանը՝ ավելացնելով,- վերջին շրջանում բողոքներ ենք ստացել տաքսիների տնօրեններից, որ աշխատում են առանց շահույթի, թող երկու տարի էլ աշխատեն առանց գերշահույթի հանուն ժողովրդի, թե արդեն սովորել են ժողովրդին քամելով ապրելուն»:



Ըստ Պիպոյանի միակ եղանակը, որով կխուսափենք գնաճից, արտադրողների շրջանում այն գիտակցման ի հայտ գալն է, որ գների թանկացումներն անմիջապես հայտնվելու են «Իրազեկ եւ պաշտպանված» հասարակական կազմակերպության ուշադրության կենտրոնում և պատասխանատվության են ենթարկվելու:«Եթե հանրությունը խոսում է մի արատավոր երևույթի մասին, անպայման ընթացք ենք տալու: Փորձը ցույց է տալիս, որ հանրային ճնշման դեպքում խնդիրները լուծվում են»,- ասաց Բ. Պիպոյանը:



Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ