Դասական միջամտություն. Հրանտ Մաթևոսյան

Դասական միջամտություն. Հրանտ Մաթևոսյան

Չհիշեմ՝ անասուն եմ իր առջև, հիշեմ՝ թշնամի: Թշնամուն ոչնչացնում են, անասունը- անասուն է: Բայց թշնամուն նաև հարգում են, որովհետև թշնամին սահման է դնում քո լկտիության շքերթի առաջ: Թշնամին քեզ վերադարձնում է քեզ: Չհիշեմ, չպատմեմ, չխոսեմ, չպատժեմ՝ դավաճանում եմ ինձ, բոլորին և իրեն՝ թշնամուն, թշնամուն՝ իրեն: Չհիշելով, չպատմելով, չպատժելով՝ ես նրա լկտիությունը պատիժ եմ դարձնում բոլորի վրա, և ոչ ոք դրա համար ինձ շնորհակալ չի լինելու, և թշնամին ինքը շնորհակալ չի լինելու:
ԱՅՍ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է: Այս է իմ հայրենիքը: Հայրենիքը ես եմ: Հայրենիքը՝ իմ ապրած ժամանակի մեջ իմ կյանքի գործն է: Չկա այդ գործը՝ չկա այդ ժամանակը՝ չկա այդ հայրենիքը այդ չգո ժամանակի մեջ՝ չկամ ես: Պատմության մկրատը կտրում նետում է հայրենիքների այդ ժամանակները և մեզ էլ՝ այդ ժամանակների հետ, չենք եղել, չկանք: Տիեզերքի խավարը լի է ամայի հայրենիքների պարապ ժամանակներով. ձեռք ես մեկնում՝ բռնող չկա, ձայն ես տալիս՝ գնում կորչում է ձայնդ, լույս ես նետում՝ ոչինչ չի գտնում լույսդ - ոչ դեմք, ոչ դեպք-
Ախ ի՜նչ գեղեցիկ է, որ իմ լույսերը ողջակիզումի պատկերներ են գտնում հեռու այն ճանապարհներին, ախ ի՜նչ լավ է՝ որ մաքառումի ու հավիտենության անցյալը բնակեցնելու հարկը ես չունեմ: Նրանց օրինակով՝ մեր ժամանակը մենք լցնելու ենք մեր գործով ու ձայնով, մեր ժամանակի վրա մենք մեր երկաթագիրն ենք թողնելու՝ այստեղ ապրել ենք մենք: