ՀՀԿ-ականի ցինիզմն ու ԲՀԿ-ականի անտեղյակությունը

ՀՀԿ-ականի ցինիզմն ու ԲՀԿ-ականի անտեղյակությունը

Ինչպես երևում է՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին անչափ դուր է եկել հոդվածներ գրելը, երեկ նա  կրկին հանդես է եկել հերթական հոդվածով՝ «Սերժ Սարգսյանի հրաժարականն այլընտրանք չունի» վերտառությամբ: «Իր անհաշվենկատ, ավելի ճիշտ՝ արկածախնդիր քաղաքական դեգերումների պատճառով Սերժ Սարգսյանը, հետևաբար՝ նաև նրա ղեկավարած երկիրը, թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում ձեռք է բերել, մեղմ ասած, անվստահելի գործըներոջ համբավ՝ արտաքուստ թեև վերացական թվացող մի հանգամանք, որը, սակայն, իրականում չափազանց կոնկրետ, եթե ոչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի համար» իբրև հրաժարականի առաջին հիմնավորում գրել է ՀԱԿ հիմնադիրը համոզմունք հայտնելով, որ  «վստահելի գործընկերոջ համբավը վերականգնելու և ազգերի համաշխարհային ընտանիքում արժանի տեղ զբաղեցնելու համար Հայաստանը կարիք ունի համակարգային արմատական բարեփոխումների»։



 



Տեր-Պետրոսյանը ուղիղ ութ կետով իր հիմնավորումներն է ներկայացրել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի և վերջինի՝ բարեփոխումներ իրականացնելու անկարողության: «Անձնական շահադիտության մեջ չմեղադրվելու նկատառումով հարկ եմ համարում հայտարարել, որ նախագահական ընտրություններում ես առաջադրվելու մտադրություն չունեմ։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ եթե ոչ այլ, ապա թեկուզ միայն Սերժ Սարգսյանին մարտիմեկյան սպանդի միջոցով իշխանության բերելու պատճառով բացառելի է նաև Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը» այսպիսի պատասխանատու հայտարարություն է արել Տեր Պետրոսյանը։



 



Հոդվածի հրապարակումից շատ չանցած, ինչպես և սպասելի էր, ՀՀԿ-ի «հարձակվողներից» Կրթության գիտության նախարար Արմեն Աշոտյանը գործի անցավ իրեն հարազատ միջավայրում շռայլելով մտքի հերթական գոհարները.«ՀԱԿ-ի մեդիումները այսօր հոգի էին կանչել: Որպես արդյունք` հոդված քաղաքական անդրշիրիմյան աշխարհից: Փաստորեն, ի տարբերություն իրական կյանքի, քաղաքական վախճանից հետո էլ կյանք կա» ամբողջ ցինիզմով Ֆեյսբուքում գրառել էր Արմեն Աշոտյանը, սակայն ոչ մի պատասխան բովանդակայնին «մեղադրանքներին»:



 



Ի դեպ, այս հոդվածից հետո «փնտրվում էր» ՀՀԿ-ական, նրանք կամ չէին պատասխանում հեռախոսազանգերին, կամ «ցրում» իրենց վրայից արձագանքելու «վտանգավոր» գործը: Դրա համար էլ որոշեցինք ծավալվել «ամենահամարձակի»՝ Աշոտյանի հետ: Սակայն ԿԳ անչափ բարեկիրթ նախարարը մեր հարցերին պատասխանելու փոխարեն սկսեց դասախոսություններ կարդալ «բարեկրթության» մասին:



 



Երբ Աշոտյանին հարցապնդեցինք, թե ինչու համաձայն չէ Տեր-Պետրոսյանի դիտարկումների հետ, մասնավորապես, «անվստահելի գործըներոջ համբավ»-ի մասով, վերջինս շարեց.«Ես ասացի, որ իմ ասելիքն արդեն հայտնել եմ, իսկ դուք ոչ միայն խախտել եք բարեկրթության սահմանները և բջջային հեռախոսին զանգահարել, այլև ես Ձեզ ասում եմ՝ ցտեսություն, իսկ դուք համառաբար շարունակում եք: Կարծում եմ՝ դա իրականում  լրագրողական էթիկայի խախտում է նաև, ցտեսություն»: 



 



Որոշեցինք լսել ՀԱԿ «հավատարիմ» գործընկերոջ՝ ԲՀԿ-ի տեսակետը՝ Տեր-Պետրոսյանի՝ ՀՀ իշխանությունների մասին ունեցած կարծիքի վերաբերյալ: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ոչ պակաս եռանդով լծվեց Սերժ Սարգսյանի թասիբին կանգնելու գործին և լրացրեց ՀՀԿ-ականների բացակայության հանգամանքը : Պատգամավորը սկզբում ասաց, թե ծանոթ չէ այդ հոդվածին:



 



-Հաշվի առնելով արտաքին քաղաքական վերջին գործընթացները՝ համաձա՞յն եք, որ Սերժ Սարգսյանի շնորհից մեր երկիրը թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում ձեռք է բերել անվստահելի գործըներոջ համբավ:



 



-Ինչ վերաբերում է վստահելի լինել-չլինելուն, ապա ՀԱՊԿ-ի շրջանակներում, այսինքն՝ ապագա Մաքսային Միության շրջանակներում, որը ենթադրվում է, մենք չենք կարող վստահելի չլինել: Իհարկե, վստահելի ենք, որովհետև, եթե մենք դաշնակցային հարաբերություններ ունենք, ընդունենք՝ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկեր ենք, ապա ըտեղ ինչ՞ եք դուք կասկած հայտնում, որ մենք չպետք է վստահելի լինենք: Միանշանակ վստահելի ենք: Իսկ եթե ՄՄ-ում դոմինանտը Ռուսաստանն է, ապա որևէ կասկած չունեմ՝ մենք վստահելի ենք: Ես բավականին զարմանում եմ Ձեր կասկածելու վրա:



 



-Ռուսական առաջին ալիքի հաղորդավարի հայտնի հայտարարությունից հետո, որ Հայաստանի` ՄՄ անդամակցությունը հնարավոր չէ, քանի որ կա չլուծված տարածքային խնդիր, շատերին հիմք տվեց ենթադրելու, որ Սերժ Սարգսյանն առանց ճշտելու մանրամանսներ, հայտարարեց ՄՄ մտնելու իր որոշումը:



 



-Ո՞վ է ասում, է, առանց ճշտելու է հայտնել, չէ, ես  գտնում եմ, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում և ապագա ՄՄ-ի ես խնդիր չեմ տեսնում: Ինչ վերաբերում է  Արևմուտքի հետ հարաբերություններում, ապա մենք միշտ ասել ենք, որ ոչ տեսել ենք ազատ և խորը համապարփակ առևտրի մասին 1003 էջանոց փաստաթուղթը, ոչ էլ ապագա ՄՄ-ի կոնկրետ փաստաթղթերը, այսինքն ՄՄ անդամակցելու խնդիրը դրված է ցանկության մակարդակի վրա, այսինքն հռչակելու մասին ցանկություն, իսկ դրա Հայաստանի համար պոզիտիվ ռիսկերը կլինի բանակցային գործընթացից հետո և կարծում եմ նաև ապագա Եվրասիական միության ժամանակ, երբ Հայաստանը հանդես գա իբրև հիմնադիր: Այիսնքն հիմա մենք չտեսնելով կոնկրետ փաստաթուղթ որևէ բան ձեր հարցի շուրջ չենք կարող ասել:



 



-Դուք ասում եք՝ չեք տեսել փաստաթուղթ, բայց երկու օր առաջ մենք լսեցինք աղմկահարույց մի հայտարարություն Ռուսական առաջին ալիքի հաղորդավարի կողմից, որը կարծում եք լուրջ մտահոգությունների տեղիք չի՞ Տալիս:



 



-Մենք չենք կարող ՕՌՏ-ի հաղորդավարի մեկնաբանությունը լսելով ինչ-որ տեսակետներ հայտնել, մեզ պետք ա պաշտոնական տեղեկատվություն և քանի որ այդ բանակցությունները դեռ առջևում են, ապա ցանկացած հարցապնդում, կասկած, չի կարող լինել պաշտոնական բանակցությունների հիմք:



 



-Իսկ չե՞ք կարծում, որ ռուս հաղորդավարն անգամ մի փոքր ավելին գիտի ձեզանից, մանավանդ, դուք, ինչպես ինքներդ ասացիք, ծանոթ չեք պաշտոնական փաստաթղթին:



 



-Ուզում եք ասել, որ այդ հաղորդավարը մի բան հայտարարել է, ուրեմն մի բան գիտի՞, Փաստաթղթերն իր մո՞տ է, դրա՞ համար է նման այտարարություն արել;



 



Դուք բացառո՞ւմ եք:



 



-Դե ես էլ չգիտեմ, դուք էլ չգիտեք, ինչո՞ւ եք պնդում:



 



-Եթե իմի բերեք ձեր խոսքը այն հանգեցնելով Տեր-Պետրոսյանի դիտարկումներին, չե՞ք կիսում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի հիմնավորումների մասին  Տեր-Պետրոսյանի կարծիքը:



 



-Ես չեմ իմանում ինչ է գրած, ծանոթ չեմ, բայց չեմ կարծում, որ արտաքին քաղաքականության հետ ձեր ասած խնդիրները կարող է որևէ բանի (նկատի ունի հրաժարականի) հիմք լինի: