Տնտեսագիտականն աշխատանքի չի հրավիրում՝ աշխատանքից ազատում է

Տնտեսագիտականն աշխատանքի չի հրավիրում՝ աշխատանքից ազատում է

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Նորիկ Սարգսյանին աշխատանքից ազատելու՝ դասաժամերից զրկելու մասին մեր թերթի 01.11.13թ. «Աշխատանքից ազատում են ուսման որակը բարձրացնելու համար» հոդվածը ՀՊՏՀ աշխատակազմի վրդովմունքն է հարուցել. վերջին օրերին մեծ թվով մարդիկ, զանգահարելով «Հրապարակի» խմբագրին, պահանջում են տպագրել բուհի լրատվության բաժնի պատասխանը:



 



Իսկ մենք միամտաբար կարծում էինք, որ բուհի աշխատակիցները պետք է վրդովվեն ոչ թե հոդվածի տպագրության փաստից, այլ իրենց գործընկերոջն աշխատանքից զրկելու: Նրանց թերեւս թվում է, որ իրենք երբեք չեն հայտնվի Նորիկ Սարգսյանի վիճակում, պաշտպանված են ռեկտորի հետ բարիդրացիական հարաբերություններով կամ գլուխը կախ անտրտունջ աշխատելու փաստով: Ուշագրավ է նաեւ այն, որ սույն լրատվականի ուղարկած պատասխանում հեգնանք կա բազմավաստակ դասախոսի նկատմամբ, ով մի քանի տասնամյակ մի քանի սերունդ է կրթել եւ երբեւէ առիթ չի տվել, որ իր աշխատանքից բողոքներ ու դժգոհություն լինեն:



 



Բայց ՀՊՏՀ ղեկավարությունը «բազմավաստակ դասախոս» ասելով՝ հասկանում է աշխատանքային գրքույկում կատարված նշումները, որոնք, իր կարծիքով, բավարար չեն: Առավել վրդովվեցուցիչ է լրատվականի «դասախոսությունը»՝ ուղղված մեզ, լրագրողի մասնագիտական պարտքի հիշեցմամբ: Ի գիտություն բուհի ադմինիստրացիայի եւ լրատվականի, շեշտենք, որ մամուլի դերը հենց կոնկրետ անձի իրավունքները պաշտպանելն է, այլ ոչ թե ռեկտորատի՝ դասախոսներին կամայականորեն աշխատանքից ազատելու իրավունքի պաշտպանությունը: Մեզ ուղարկված երկար-բարակ տեքստում բուհի լրատվականը՝ ռեկտորատի թելադրանքով, բացատրել է, թե ինչու են ժամերից զրկել հարգարժան դասախոսին: Որպեսզի մեր ընթերցողի համար բացարձակապես անհետաքրքիր տեքստն ամբողջությամբ չմեջբերենք, ներկայացնենք դրանից մի քանի կտոր.



««Երբ ՀՀ ԿԳՆ վարչության պետին (խոսքը ո՞ր վարչության մասին է) ասացի, որ ինձ աշխատանքից ազատում են ուսման որակը բարձրացնելու համար...., նա ասաց` չգիտենք ինչ պատասխանենք, սա դատական գործ է»: Տեղեկացնում ենք, որ Ն. Սարգսյանը ՀՊՏՀ-ում իրավագիտության եւ տնտեսական պատմության ամբիոնում աշխատանքի է ընդունվել 2009թ. սեպտեմբերի 1-ից, մեկ տարի ժամկետով, 0.75 դրույքով, որպես ասիստենտ՝ իր դիմումի հիման վրա, ինչը եւս կցվում է, մինչդեռ նա հայտարարում է, թե «ես չեմ դիմել, որ այդ առարկան դասավանդեմ, ինձ հրավիրել է բուհի ղեկավարությունը՝ հաշվի առնելով ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողության եւ տնօրենի դրական կարծիքները»:



 



  Ն. Սարգսյանի անձնական գործում առկա չէ ոչ նման կարծիք բովանդակող, ոչ էլ նրա՝ ՀՊՏՀ-ում աշխատանքի հրավիրելու վերաբերյալ որեւէ փաստաթուղթ: Ի դեպ, հրավիրված է համարվում այն աշխատողը, ով մի կազմակերպությունից մյուսը փոխադրվում է երկու կազմակերպությունների ղեկավարների համաձայնությամբ. մի հանգամանք, որը եւս վկայում է Ն. Սարգսյանին աշխատանքի հրավիրելու անհնարինության մասին, քանի որ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում աշխատանքի ընդունվողի հրամանը տրվում է ՀՊՏՀ ռեկտորի կողմից»:



 



Այսինքն՝ ՀՊՏՀ-ում կարծում են, որ դրական կարծիքը միայն գրավոր է լինում, բուհի ղեկավարության հրահանգով, փաստաթղթավորված: Իսկ Սարգսյանի մասին դրական կարծիքներ լսելու համար բավական կլիներ լսել նրա տարիների շրջանավարտներից կամ այսօրվա ուսանողներից մի քանիսին:



Եվս մեկ հատված. «Ամբիոնի վարիչ Լ. Մեհրաբյանի «ոչ լեգիտիմ լինելու» Ն. Սարգսյանի հայտարարության կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Լ. Մեհրաբյանը ՀՊՏՀ-ի տնտեսական պատմության եւ իրավագիտության ամբիոնի վարիչի պաշտոնում նշանակվել է ռեկտոր Յու. Սուվարյանի  08.02.2011թ. թիվ 19 հրամանով «ՀՊՏՀ ամբիոնի վարիչների ընտրության ընթացակարգի» 41-րդ կետի հիմքով, իսկ 2012 թվականի մայիսի 31-ին ընտրվել է ՀՊՏՀ գիտխորհրդի նիստին ներկա գտնվող 57 անդամների ձայների մեծամասնությամբ՝ փակ- գաղտնի քվեարկությամբ»:



 



Եվ վերջապես. ահա թե ինչպես է մեկնաբանում բուհը դասախոսին աշխատանքից զրկելու բուն փաստը. «Ի դեպ, տնտեսական պատմություն առարկայի՝ բուհի միջազգային հարաբերությունների ամբիոնում դասավանդելու նպատակահարմարության հարցը եւս քննարկվել եւ լուծվել է բուհի կոլեգիալ մարմնում՝ ռեկտորատում, եւ դրա որոշման կատարման կապակցությամբ 29.09.2013թ. նշվել է Ն. Սարգսյանի՝ այդ ամբիոնի պրոֆիլին մասնագիտական որակավորման առումով անհամապատասխանությունը, ուստի նաեւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ հիմքով  Ն. Սարգսյանին ծանուցվել է աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու մասին, մինչդեռ Ն. Սարգսյանն իրեն հատուկ ոճով դա էլ որակել է «մարդկությանն անծանոթ հարկադրանքի նոր ձեւ. վճարվում է աշխատավարձ, պարտադրվում է գնալ աշխատավայր, բայց արգելվում է աշխատել»»:



 



Այսինքն, տարիներ շարունակ բարեխղճորեն ծառայած մարդուն այսպես՝ առանց լուրջ հիմնավորման կարող են մի օր ասել, որ քո «մասնագիտական որակավորումը չի համապատասխանում ամբիոնի պրոֆիլին», եւ ազատել աշխատանքից: Եվ մամուլն էլ դրան չպետք է անդրադառնա՝ համարելով, որ դա Կորյուն Աթոյանի, Լյուբա Մեհրաբյանի եւ էլի ոմանց անձնական գործն է:



 



 



«Հրապարակ»