Ի՞նչ խուլիգան մարդ է,- մտածեցի Շիրազի մասին

Ի՞նչ խուլիգան մարդ է,- մտածեցի Շիրազի մասին

Դպրոցում էի սովորում ու ոչ մեկը չէր ճանաչում ինձ, շատ-շատ մեր դասարանցիները ճանաչեին: Բայց մի օր ինքս ինձ հնդկահավի պես փքվեցի, որ ինձ ողջ քաղաքը ճանաչում է: Դա այն օրն էր, երբ մեր փոստատար չաղլիկ Լենան ասաց՝ քեզ նամակ ունես:



 



Փակ ծրարի վրա գրված էր՝ Գորիս, Հասմիկին: Փքվեցի, ուռռա՜, մի Գորի՜ս, մի Հասմի՜կ, ոնց էլ ճանաչել էին: Նամակագրության մեջ էի Հովհ Շիրազի հետ: Առաջին մի քանի նամակում հասցես գրել էր՝ Լենինի փողոց, հետո որոշել էր էդ էլ չգրել, գրել միայն՝ Գորիս, Հասմիկին: Դե ես արդեն ճանաչվել եմ,- մտածեցի: Ծրարի տակը գրված էր ուղարկողի անվան կեսն ու ազգանունը՝ Հովհ. Շիրազ: Փոստատարին մի տեսակ վերևից նայեցի՝ կամաց- կամաց ճանաչում եմ ձեռք բերում: Երբ հարցրի՝ ի՞նչ իմացավ, որ ես եմ Հասմիկը, ծիծաղեց. «Քեզ չիմացա, Շիրազին իմացա. Գորիսում երկու հոգու է նամակ գրում՝ քեզ ու Իսաջանյան Ալբերտին: Շիրազի անունը կարդում ենք ու գիտենք, թե ում է նամակ գրում»:



 



Հնդկահավից դարձա փետրած հավ ու սկսեցի սրթսրթալ: Լենային չէի կարողանում ներել՝ ինձ փետրահան անելու համար ու ամեն տեսնելուց ինձ «վաժնի տեսք էի տալիս»՝ իբր դու ո՞վ ես ա՜յ փոստատար Լենա: Վերջը մի օր Շիրազին գրեցի այն, ինչ պատմում եմ ձեզ: Ի՞նչ գրեց մեծ բանաստեղծը. Այն ծաղիկն ես, որ ցմահ Ձմեռ- գարուն կբուրե, Ով կպահե ինձ անմահ, Թե գեթ մի հեզ համբուրե… Այդ ժամանակ ես չհասկացա Շիրազին ու մտածեցի՝ էս ինչ խուլիգան մարդ է: Տարիներ անց հասկացա, որ նրան անմահ պահելու միակ միջոցը իրեն հիշելն է… Իսկ ցմահ բուրողները երիտասարդներն էին:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ