Թիվ 22 երթուղին խայտառակություն է

Թիվ 22 երթուղին խայտառակություն է

Հարգելի խմբագրություն, ձեզ դիմում են Նորք-Մարաշ թաղամասի մի խումբ բնակիչներ: Խնդիրը վերաբերում է տրանսպորտին՝ թիվ 22 երթուղային տաքսուն։ Մարաշի բնակչությունը, որն օգտվում է տվյալ երթուղուց, անելանելի վիճակում է։ Վաղ առավոտյան երթուղային տաքսին գերծանրաբեռնված (մոտ 25-27 հոգի մի մեքենայում) մոտենում է կանգառին, եթե բախտդ բերի՝ կնստես, կիջնես թաղամասից։ Բայց շատերը մնում են կանգնած մինչեւ հաջորդի գալը, դեռ չիմանալով՝ կարո՞ղ են օգտվել հաջորդ երթուղայինից, թե՞ ոչ։



 



Բազմիցս բնակչությունը դիմել է քաղաքապետարանի տրանսպորտի բաժին, որտեղից պատասխան են ստացել, որ դա գծատիրոջ լուծելու խնդիրն է։ Խնդրում ենք պատկան մարմիններին՝ թող գան աշխատանքից հետո, 17։30-20։00-ն, տեսնեն, թե ինչ է կատարվում այս երթուղում։ Պետք է սպասես մոտ 40 րոպե, որից հետո, ընդունելով «շախմատի ձիու» տեսք, տանջվելով՝ մի կերպ հասնես տեղ։ Աստված չանի, որ հանկարծ ավտովթար տեղի ունենա, պատկերացնո՞ւմ եք ինչ կկատարվի։ Էլ չենք ասում, որ 20։00-ից հետո այդ երթուղուց գրեթե չես կարող օգտվել, քանի որ գծում մեքենա չկա։



 



Մենք այլեւս հույս չունենք, որ Նորք-Մարաշի տրանսպորտի հարցը Երեւանի քաղաքապետարանը կլուծի, ուստի դիմում ենք թերթի խմբագրությանը՝ խնդրում ենք հետեւողական եղեք այս հարցում, օգնեք մեզ:



 



Նորք-Մարաշի բնակիչներ