Երթ՝ հանուն մարդու իրավունքների

Երթ՝ հանուն մարդու իրավունքների

Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ՀԱԿ-ի նախապես հայտարարած «Ոչ բռնապետությանը, ոչ Սերժ Սարգսյանի ռեժիմին» կարգախոսով երթի մասնակիցները ժամը 13-ին արդեն հավաքվել էին Ազատության հրապարակում։



 



Մինչեւ Լեւոն Զուրաբյանը ելույթ կունենար, Գագիկ Ջհանգիրյանը շրջեց հավաքվածների մեջ, ասելով՝ վաղուց չենք տեսել, կարոտել ենք իրար, եւ սկսեց ձեռքով բարեւել հասարակ քաղաքացիներին։ Իսկ Զուրաբյանը նախ նշեց, որ ինքն այսօր շատ կարեւոր գործեր ուներ, գնալու էր ԱԺ՝ արտահերթ նիստում քննարկելու «Բյուջեի մասին» օրենքը, բացի այդ, հրավիրված էր Հայաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբինին հանդիպելու, սակայն այս ամենը թողել եւ եկել է այստեղ։



Հետո Զուրաբյանը հավաքվածներին ընթերցեց այն ուղերձը, որը տանել-հանձնելու էին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին։



 



Ուղերձում մասնավորապես նշված էր, որ այսօր Հայաստանում ժողովուրդը չունի սեփական իշխանություն ընտրելու իրավունք, որ 2008թ. մարտի 1-ի նախադեպը չունեցող հանցագործությունը բացահայտված չէ, եւ ոչ ոք պատժված չէ սպանությունների կազմակերպման եւ իրագործման համար, որ հանրային գերակա շահի պատրվակով շարունակվում են հարձակումները մասնավոր եւ հանրային սեփականության վրա՝ ապօրինաբար արտոնելով շինարարություն, որ կոպտորեն խախտվում է ազատ մրցակցության սկզբունքը, եւ ճնշվում է ազատ տնտեսական նախաձեռնությունը, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը ճնշում է ԶԼՄ-ների ազատ արտահայտվելու իրավունքը, որ քաղաքացիական նախաձեռնությունները ճնշվում են ոստիկանական բռնություններով, եւ միջազգային հանրությունը համարժեք միջոցներ կկիրառի, որպեսզի Հայաստանի իշխանությունները կատարեն իրենց միջազգային պարտավորությունները ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում։ Ընդամենը 6 կետ, որը քվեարկության դրվեց, եւ հավաքվածները միաձայն իրենց համաձայնությունը տվեցին բանաձեւին։ 



 



Քվեարկությունից հետո երթը, որին ՀԱԿ-ից բացի մասնակցում էին ՀԺԿ-ն եւ ազատամարտիկները, Մաշտոցի պողոտայով շարժվեց Մյասնիկյանի արձան, հասավ Հանրապետության հրապարակ, դադար տվեց, որպեսզի ուղերձը հանձնեն Եվրոպայի խորհրդին, այնուհետեւ Նալբանդյանով շարունակեց շարժվել Ազատության հրապարակ, որտեղ էլ ավարտվեց։ Երթին էին միացել նաեւ Շանթ Հարությունյանի համախոհները՝ սեւ պաստառներով, սեւ դրոշներով ու սեւ կտորներով բերանները կապած, ինչն էլ նշանակում էր երթին լուռ մասնակցություն։



Մեր խնդրանքով ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը գնահատեց մարդու իրավունքների վիճակն այսօր Հայաստանում. «Մարդու իրավունքները զանգվածաբար են խախտվում, եւ առաջին հերթին խախտվում է ընտրելու իրավունքը։ Այնպես որ, առաջնահերթ խնդիր է մնում մեր երկրի համար ժողովրդավարական, արդար ընտրությունների միջոցով օրինական իշխանության ձեւավորումը, ինչը նախադրյալներ կստեղծի աստիճանաբար մարդու իրավունքների հաստատման համար»։



 



Ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանն էլ զավեշտով այսպես բնորոշեց մարդու իրավունքները Հայաստանում. «Փայլուն՝  Հայաստանում մարդու իրավունքները կատարյալ են, այնքան լավ, որ բոլորը հեռանում են Հայաստանից»։



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ