Բարձրացել է եւ չի ուզում իջնել

Բարձրացել է եւ  չի ուզում իջնել

Արդեն մեկ ամիս է, ինչ Նոր Նորքում Գայի պողոտայով մեկ ձգված գովազդային հսկա վահանակների վրա ամուր հանգրվանել է նույն վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը՝ ամանորյա շնորհավորական ուղերձով, ուղղված համայնքի բնակիչներին:



Ամանորն ու մյուս բոլոր տոները վաղուց ավարտվել են, սակայն թաղապետը ոչ մի կերպ չի ցանկանում իջնել իր բարձունքներից: Այդ վահանակներից մեկն էլ թաղապետարանի դիմաց է տեղակայված, թերեւս ՀՀԿ-ական թաղապետն աշխատասենյակի պատուհանից իր համար «գեղեցիկ» տեսարան է ապահովել եւ այնքան սիրահարվել իր «գովազդային» կերպարին, որ մոռացել է այնտեղ հայտնվելու նախնական նպատակի մասին: Չմոռանանք նաեւ, որ այս վահանակների վրա հայտնվելը ձմեռ պապի բերած նվերը չէ, այլ համայնքային բյուջեից վատնած գումար. վահանակների մեկամսյա վարձակալումը բավականին կլորիկ գումար արժե:



Ի դեպ, այս նույն թաղապետարանը երեւանաբնակներին Ամանորի շնորհավորական SMS-ներ էր ուղարկել, որը հայերենին տիրապետող քաղաքացիների ուշադրությունը գրավեց թաղապետարանի թույլ տված վրիպակով՝ «Նոր Նորք»-ը գրվել էր գծիկով՝ «Նոր-Նորք», ինչը սխալ է: