Երկիրը ներկայացնողին պետք է լավ վճարել՝ ոչ թե հնարքի, ոչ թե PR-ի համար, այլ որովհետև քո երկիրն է ներկայացնում

Երկիրը ներկայացնողին պետք է լավ վճարել՝ ոչ թե հնարքի, ոչ թե PR-ի համար, այլ որովհետև քո երկիրն է ներկայացնում

Զարմացա, երբ մեր պետությունը Օլիմպիական խաղերում «ոսկի» նվաճած հայ մարզիկների խրախուսման համար նախատեսել է 30. 000, արծաթի` 20. 000, իսկ բրոնզի` 10. 000 դոլար: Ավելի շատ զարմացա, երբ մեր հեռուստատեսության սուր անկյուններից մեկի կրողը՝ Վահե Ղազարյանը, իր ֆեյսբուքյան էջում դժգոհ գրառում է թողել. «Արդյո՞ք հնարավոր չէր ավելի բարձր մրցանակային գումար սահմանել, առավել ևս, ինչպես նշում են մասնագետները, ներկայացված 4 մարզիկներից գոնե մեկը մոտ չի լինելու անգամ բրոնզին: Իհարկե, համեստությունը լավ բան է, բա PR-ը՞: Չէ՞ որ դրսում այս թվերի վրա լուրջ ուշադրություն են դարձնում և պատկերացում կազմում այս կամ այն երկրի մասին: Ազերիները ոսկու համար վճարելու են 510. 000 դոլար: Մանիպուլյատիվ այս հնարքով նաև փորձում են տպավորություն գործել աշխարհի ենթագիտակցության վրա, թե՝ տեսեք-տեսեք մեր տնտեսությունների տարբերությունը, ու թե պատերազմ չենք սկսում, միայն նրա համար, որ մեծահոգի ենք: Մի խոսքով, շան բերանը լեզու ենք դնում »:



Մի պահ մտովի մտմտում էի՝ էս մեր պետությունն ու եթերի իր խոսնակը իրենց դիվանագիտությամբ իրար արժեն:  Առաջին կողմը ուզում է ցույց տալ, որ ինքն աղքատ երկիր է ու հազիվ է ծերը ծերին հասցնում: Լավ է, որ գոնե մարզիկներին տեղը տեղին մայկա-տրուսիկ են հագցրել: Երկրորդ կողմն էլ դիվանագիտորեն պնդում է, որ մեկ է, մերոնք չէին հաղթելու, ինչու՞ շան բերանը լեզու դրիք և չհայտարարեցիք, որ Հայաստանը ավելի շատ դոլար է տալու: Չէ՞ որ դրսում այս թվերի վրա լուրջ ուշադրություն են դարձնում,- հարցնում ու միաժամանակ իր հարցին էլ պատասխանում է լրագրողը: Եթե դրսում ուշադրություն են դարձնում՝ ինչու՞ չլացել, չէ՞ որ հենց դուրսն է կերակրողը: Աղքատը որ իրեն հարուստ ցույց տա, նրան փող կտա՞ն: Հետաքրքիրն այն է, որ այս հարցի շուրջ ֆեյսբուքում Առաջին կողմին էին պաշտպանում ու միանշանակ նշում՝  մենք մեր իրական վիճակն ենք ներկայացնում: Ո՞րն է իրական վիճակը: Մեր իշխանավորների նիստուկացին որ նայում ես, զարմանում ես՝ տված չնչին գրոշների համար, որ ժողովրդին ես նայում, մտածում ես՝ ո՞նց են այդքան փողը տվել: Անգամ եթե դրսում լավ չգիտեն, մենք հո գիտե՞նք, որ մեր մեծահարուստների համար այդ տվածը թեյափող է: Եթե գումարենք դրան, որ մարզիկները ներկայացնում են երկրի պատիվը ու հաղթությունը ոչ մի գումարի հետ չի չափվի, մնում է տարակուսել՝ առաջարկվող մանիպուլյատիվ հնարքի մասով: Ընդամենը պետք է երկիրը ներկայացնողին լավ վճարել՝ ոչ թե հնարքի, ոչ թե PR-ի համար, այլ որովհետև քո երկիրն է ներկայացնում: Հենց այստեղից է սկսում հարգանքը քո երկրի, պետության նկատմամբ, ոչ թե պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելով ու գործազրկության նպաստը կտրելով: Ոչ թե մի երգչին այդ փողի տասնապատիկը տալով:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ