Մարգո, Մարգարիտա, լացացնում ես

Մարգո, Մարգարիտա,  լացացնում ես

Նախ` հարցի այսքան կարեւորումը չեմ հասկանում: Եվրամիությունը որ ուզենա մի հայտարարություն անել Հայաստանի մասին, առանց ձեզ ու ձեր ստորագրության էլ կանի: Սա` մեկ:



 



Երկրորդ. ԵՄ-ն սկսել է Հայաստանին բանի տեղ դնել այն օրվանից, երբ ՀՀԿ-ն իր առաջնորդով հանդերձ եվրակուրս է հայտարարել, եվրոպական կուսակցությունների դռներ թակել, եվրաասոցացման ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Այսօր Հայաստանը, ՀՀԿ-ն եւ նախագահ Սերժ Սարգսյանը նոր կուրս են որդեգրել, եւ ԵՄ-ին դա դուր չի գալիս: Ինչպես դու ես ասում, սիրելի Մարգարիտա. «Գաղտնիք չէ, որ մեր եվրոպացի որոշ գործընկերները մեզանից մի քիչ «նեղացած են», քանի որ մեր արտաքին քաղաքականության վեկտորը շրջվեց դեպի Մաքսային միություն»: «Նեղացած» բառը ճիշտ ես արել, որ առել ես չակերտների մեջ: Իրականում ձեր եվրոպացի գործընկերները ոչ թե նեղացած են, այլ՝ գազազած: Եթե դու ինձ փող տաս, Մարգո, որ ես ՀՀԿ-ական դառնամ ու այդ փողն ուտելուց հետո հայտարարեմ, որ վարիանտ չունեմ ՀՀԿ-ական դառնալու, քանզի ինձ կխփեն, դու էլ կկատաղես:



Բայց արի եվրոպացիներին դնենք մի կողմ: Արդեն քանի օր է՝ լրատվամիջոցներում շուխուր ես դրել, թե այդ փաստաթղթի ստորագրել-չստորագրելը բավականին պատասխանատու քայլ էր, եւ ձեր դելեգացիայի ղեկավարը չէր կարող միանձնյա որոշում կայացնել` ստորագրե՞լ, թե՞ չստորագրել: Ուզում եմ այս թեմայով քո դարակազմիկ ընդհանրացումը մեջբերել, որ բոլորով խնդանք: Հուսամ` դեմ չես:



 



«Նման մեծ եւ ազդեցիկ կառույցի հետ, ինչպիսին ԵՄ-ն է, այս կամ այն փաստաթուղթը ստորագրելը կամ չստորագրելն այնպիսի պատասխանատու եւ լուրջ գործընթաց է, որ բնավ չի կարող կապվել մեկ անձի հետ: Եվ չի կարող լինել այնպես, որ առանձին վերցրած մեկ պատվիրակի, թեկուզեւ պատվիրակության ղեկավարի պատճառով, ինչպես դուք եք ձեւակերպում, այս կամ այն փաստաթուղթը կամ հայտարարությունը չստորագրվի: Երբեք չի լինում նման բան, քանի որ դա շատ ծանր բեռ է, եւ որեւէ մեկ առանձին վերցրած անձ չի կարող ունենալ նման լիազորություններ»: Թվում է` շատ խելոք բան ես ասել: Չէ, իրոք… բայց ո՞ւմ ես ասում, Մարգո ջան: ՀՀԿ-ի գործելաոճն է ախր` կայացնել միանձնյա որոշումներ: Անձամբ դու, իմ նախկին գործընկերուհի, սեպտեմբերի 3-ի վաղ առավոտյան գիտեի՞ր ինչ հայտարարություն եք անելու Մոսկվայում: Կարծեմ` էլի ԵՄ-ի նման լուրջ կառույցի հետ գործ ունեիք, չէ՞: Դե ուրեմն մի ասա` «երբեք չի լինում նման բան»:



 



Եթե չեմ սխալվում, Ստրասբուրգում նաեւ ծաղրել են ձեզ, որ Հայաստանին եվրաինտեգրելու համար պետք է թույլտվություն ստանալ ՄՄ-ից: Ահա այս մասին արժե մտածել ու մտահոգվել: Եթե կարողանաք սրանից հետո ԵՄ ձեր գործընկերներին ապացուցել, որ Հայաստանը տակավին անկախ պետություն է, սեփական որոշումներ կայացնելու ունակ, արդեն իսկ մեծ հաջողություն կլինի: Ու եթե պետք է ամեն ինչ զրոյից սկսել, ինչի մասին նույնպես խոսվել է Ստրասբուրգում, կարելի է նաեւ զրոյից սկսել, միայն թե նրանք չվերականգնեն հին սովորությունը. հայտարարություններ անել Հայաստանի մասին` առանց Հայաստանի:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ