Հայկական օպերային թատրոնը դեմք չունի եվ վերածվել է ռաբիզի

Հայկական օպերային թատրոնը դեմք չունի եվ վերածվել է ռաբիզի

Հարցազրույց օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի հետ



 



-Պարոն Թումանյան, վերջին տարիներին դասական երաժշտության ոլորտում տարբեր փառատոններ են կազմակերպվում, աշխարհահռչակ երաժիշտներ են գալիս Հայաստան, որոնցից էր, օրինակ, Մոնսերատ Կաբալիեն։ Որքանո՞վ է դա նպաստում դասական եւ օպերային արվեստի զարգացմանը Հայաստանում։






- Համաձայն քո մշակույթի, կարող ես տեսնել, թե ինչ քաղաքակրթական ժամանակաշրջանում ես գտնվում՝ 19-րդ դարում, 22-րդ դարո՞ւմ, թե՞ ընդհանրապես մի անկապ ժամանակաշրջանում, դա շատ կարեւոր հարց է։ Ես համաձայն եմ, որ դրսից հավելյալ գումարներ անիմաստ է տալ, բայց դրսի հետ կապ ունենալ պետք է, մենք աշխարհից իրավունք չունենք հետ ընկնելու։ Ես շատ կցանկանայի, որ դրսից հրավիրված արտիստները միեւնույն ժամանակ լրացնեին մեր հիմնական կապը Եվրոպայի հետ։



 



- Այսինքն՝ այդ փառատոնները, անունները չե՞ն լրացնում Ձեր նշած բացը։






- Լրացնում են, ուղղակի մեզ մոտ բացը շատ-շատ է, ու մեր անձնական բացը մենք պետք է լրացնենք, այդ հրավիրյալ արտիստները լրացնում են միայն մեր կապն աշխարհի հետ։ Մենք ունենք այն հանդիսատեսը, որը կարիք ունի նման արվեստի, ունենք նաեւ շատ փայլուն ուժեր, բայց չունենք այդ ամենի հանդեպ ոչ միայն սրտացավ, այլեւ ընդհանրապես ոչ մի վերաբերմունք։ Ունենք անհատներ, որոնք մտահոգված են, որոնք անում են իրենց գործն այնքանով, որքանով դա իրենց մոտ ստացվում է: Բայց Հայաստանում ուժեր են հայտնվել, որոնք պրոպագանդում են ամենացածր մշակույթը։ Այդ ռաբիզը, կլկլոցը «նարկոտիկ» է, որը տարածում են եւ որին սովորեցնում են, որովհետեւ դա հեշտ է տարածել, վաճառել, եւ այդ ռաբիզի համար ստեղծում են եւ աստղեր, եւ լսողներ։ Դա վտանգավոր է մարդու հոգեւոր աշխարհի ու անգամ տեսքի համար, որովհետեւ ռաբիզ լսող մարդը չի կարող եվրոպական տեսքի գեղեցիկ արտաքին ունենալ, այդ վիբրացիաներն ազդում են նրա ֆիզիկայի վրա։



 



- Թվում է, թե պետական վերաբերմունքը կա, ի դեմս այդ փառատոնների, բայց միեւնույն ժամանակ Անկախության տոնին հրապարակը տալիս են նույն այդ կլկլոցներին ու կլկլացողներին, որտեղի՞ց է գալիս այդ հակասությունը։






- Ճիշտ եք նկատել, բայց ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, նա թերեւս ամենաշռայլը, սրտացավը գտնվեց մշակութային արժեքները արժեւորելու գործում, լուրջ գումարներ հատկացրեց այդ ամենի համար, բայց միեւնույն ժամանակ գտնվում են ուժեր, շատ սրիկա ուժեր, որոնք սկսում են կրկնակի ավելի շատ պրոպագանդել այդ ստոր դասակարգի արվեստը: Ինչու եմ այդպես արտահայտվում, որովհետեւ ռաբիզը ցեղական ոչինչ չունի իր մեջ, չունի դեմք, եւ ազգը պրոպագանդել նման արվեստով, նշանակում է ցեղասպանություն անել։



 



- Բայց չէ՞  որ այդ ստոր արվեստն էլ, այդ պրոպագանդան էլ նախագահի թույլտվությամբ եւ նրա ձեռքի տակով են անցնում… Ձեր նշած այդ սրիկա ուժերը ներսի՞ց են գործում, թե՞ դրսից։






- Չի կարող նախագահը… հիմնական մեր թշնամին մենք ենք, հավատացեք ինձ, դա մեր թուլություններն են, իսկ մենք մեր թուլությունների դեմ չենք պայքարում, մենք աչքաթող ենք անում, ամեն ինչի հետ հարմարվում ենք։ Չի կարելի հարմարվել։ Եթե մենք այսօր տնտեսության խնդիր ունենք, դա կարող ենք լուծել, բայց այն խնդիրը, որ արդեն մեր հոգու մեջ են մտցնում, այդ ուժերը շատ են, եւ վերացնել հնարավոր չէ։ Դրա համար պետք են տասնամյակներ, որ հղկվի, կրթվի սերունդը։ Պետական մոտեցումը պետք է ավելի խիստ լինի։ Հիմա ինչքան տեսագրող սարքեր են դրել, որ մարդիկ կանոնով վարեն, իսկ ինչո՞ւ այդ տեսագրող սարքերը չկան հեռուստատեսություններում, որտեղ չեն աշխատում մասնագետներ, հոգեբաններ, ովքեր ասեն, որ ծռմռված բերանով խոսելը մեր տեսակը չի, ու պետք չի ձեռ առնել։ Դուք դրանով ստեղծում եք հակազդող դաշտ, այսինքն՝ կրկնակի անգամ պրոպագանդում եք։ Դրա դեմ միակ պայքարը արհամարհելն է։ Եթե մենք արհամարհեցինք տգիտությունը, այն գլուխ չի բարձրացնի, չի արժեքավորվի։ Բայց այսօր արհամարհվում է ամենատաղանդավոր երիտասարդությունը։ 



 



- Այդ ռաբիզ վիճակից որքանո՞վ են զերծ մնացել օպերային արվեստն ու օպերային թատրոնը։






- Օպերային թատրոնն արդեն երկար ժամանակ է՝ ունի խնդիրներ։ Ես երգել եմ աշխարհի տարբեր թատրոններում, որոնցից յուրաքանչյուրն ունի իր դեմքը, բայց հայկական օպերային թատրոնը դեմք չունի։ Նա իրոք վերածվել է ռաբիզի, որովհետեւ այն չի ղեկավարվում ինչ-որ գաղափարներով։ Մեր պետական այրերից շատերը մեր դուրը չեն գալիս նրա համար, որովհետեւ անձնական շահեր են հետապնդում, նույնն էլ՝ այստեղ։    



 



- Հիմա օպերային թատրոնն անձնական շահերի դիտանկյունի՞ց է կառավարվում։






- Օպերան չունի ստեղծագործական խումբ, բացի այդ, պետք է լինի լուրջ անհատականություն, որը կձեւավորի եւ կմիավորի այդ խմբերը։ Որքան հզոր եղավ անհատականությունը, այնքան հզոր կլինի ստեղծագործական խումբը։



 



- Այդ անհատականությունը պետք է լինի Օպերայի տնօրե՞նը, գեղարվեստական ղեկավա՞րը, որը մի քանի տարի է արդեն՝ Օպերան չունի։ 






- Կապ չունի՝ տնօրենը կլինի, գեղարվեստական ղեկավարը, թե գլխավոր դիրիժորը, ով էլ լինի, պետք է բազմակողմանի զարգացած մարդ լինի։ Թատրոնի թուլությունը կայանում է նրանում, որ ոչ թե չունի ղեկավար, այլ որ ռազմավարություն չունի, թե որ ուղղությամբ թիմը պետք է աշխատի։ Ինչ ներկայացումներ ունենք, որ բաց ենք թողել, որոնք արժեք ունեն։ Չհաշված այն, որ շատ հարցեր մենք այսօր քաղաքական կտրվածքով ենք լուծում. քաղաքական տեսակետից մեզ պետք է այս ներկայացումը լինի, իսկ սա՝ ոչ։ Այնպես որ, հեշտ չէ, մենք կարող ենք լավ մասնագետ բերել դրսից, որը կարող է եւ պատահաբար այնպիսի լավ գենոֆոնդ ունենալ, որ կարողանա մտնի հայկական հոգու աշխարհը եւ իր տաղանդի ինտուիտիվ հզորությամբ կարողանա կազմակերպել մասնագիտական մի շարք կարեւոր հարցեր։ Միեւնույն ժամանակ, ամենասարսափելին այն է, որ մենք անգամ այդ նախադրյալները երիտասարդ սերնդի մեջ չենք դաստիարակում։ Այսօր ես թատրոնում չեմ տեսնում մարդիկ, որոնք ցանկանում են օպերային արվեստի զարգացմանը մասնակցել, որովհետեւ բոլորն ուզում են դառնալ տնօրեններ, գեղարվեստական ղեկավարներ, փոխտնօրեններ, այսինքն՝ ինչ-որ մի բան ղեկավարեն։ Բայց չեն պատկերացնում, որ դա շատ ավելի ցածր երեւույթ է, քան արտիստ լինելը։ Իհարկե, արտիստին պետք է լավ մենեջմենթ, որ նա փայփայված լինի, երգի այն դերերգերը, որ իր համար են գրված, եւ ինքն ավելի ցայտուն կերեւա եւ լավ կվճարվի։ Այ, եթե արտիստներն այդ հարցերը բարձրացնեին, շատ ավելի արդարացի կլիներ, բայց եթե նրանք սկսում են բարձրացնել խնդիրներ, որ մենք չունենք սա, չունենք նա, եւ պատճառը նա է, որ ես չեմ, նա չէ, դա արդեն ծիծաղելի է։  



 



- Հավանաբար, նկատի ունեք այս վերջին դեպքերը, երբ օպերայի աշխատակազմը բողոքեց աշխատավարձերի եւ կուտակային համակարգի դեմ, որը շատ դրական արձագանք գտավ հասարակության կողմից, մինչդեռ նախկին տնօրենը նշեց, որ ամոթ է արտիստին, որ ներկայացում է տապալում։



 



- Նույն ձեւով կարելի է տնօրենին ասել՝ ամոթ է, որ ժամանակին լուրջ ձեւով չես վերաբերվել այդ հարցերին։ Ընդհանրապես բողոքները, որոնք ցանկության հետ են կապված, դա բողոք չի, դա լուրջ փաստարկներ են եւ պահանջներ։ Մենք պետք է պայքարենք այն բանի համար, թե ինչ ենք մեզնից ներկայացնում եւ ինչ ենք պահանջում։ Դա լուրջ հարց է, որի լուծումը ցավալի կլինի, որովհետեւ որոշ մարդիկ լճացել են եւ չեն կարողացել այսքան տարիների ընթացքում լուծել այդ հարցը։ Այս անգամ պետք է շատ լուրջ մասնագիտական մոտեցմամբ սերնդափոխության այդ հարցը կատարել։



 



- Իսկ կա՞ այդ նոր սերունդը։






- Իհարկե, բոլորն էլ որ նվիրվում են, երազանքներ են փայփայում, բայց երբ ընտանիք չեն կարողանում պահել, սկսում են այլ աշխատանք փնտրել. մի քիչ ռեմոնտ անել, 2 երգչախմբում աշխատել, որպեսզի ամեն ինչ լիարժեք լինի. այս խնդիրները պետք է լուծում գտնեն։ Երբ թատրոնը վերանորոգում էին, այդ ժամանակ պետք էր մտածել ինչ անել թատրոնի ապագայի հետ։ Մենք միշտ պետք է պատրաստ լինենք նրան, որ լավ երգիչները ժամանակի ընթացքում գնալու են, որովհետեւ այնտեղ շատ են վճարում։



 



- Ձեր 20-ամյա բացակայությունն օպերային թատրոնի բեմից ինչի՞ հետ է կապված, հատկապես որ այդ ընթացքում բազմաթիվ հյուրախաղեր եք ունեցել տարբեր երկրներում։ Դա սկզբունքայի՞ն հարց է, թե՞ Ձեզ հետաքրքրող ներկայացումներ չկան։






- Ինձ հետաքրքրող ներկայացումներ չկան, մեզ մոտ կան բեմադրություններ, որ կերազեի երգել, շատ էի սիրում «Ալմաստը» եւ կցանկանայի խաղալ, բայց այս նոր բեմադրությունն ինձ ոչնչով չի համոզում, դա թյուրիմացություն է եւ ճիշտ չէ ընթերցված, բայց նկարիչն ու ռեժիսորը լավն են, այստեղ խնդիրը հենց այն մարդունն է, որն այդ ռեժիսորին պետք է այլ ներկայացում պատվիրեր, ոչ թե «Ալմաստը»։ Այդ բեմադրությունը չպետք է դրվեր եւ այդպես՝ շատ ներկայացումներ։ Ճիշտ մենեջմենթը նույնպես արվեստ է, իսկ մեզ մոտ կադրային քաղաքականություն գոյություն չունի։  



 



- Ժամանակին Ձեր անունը շրջանառվել է Օպերայի տնօրենի պաշտոնում, եթե հիմա նման առաջարկ լինի, ինչպե՞ս կվարվեք։






- Ինձ նման առաջարկով շատ վաղուցվանից են դիմում, այսինքն՝ ամեն անգամ, երբ թատրոնում խնդիր է լինում, ոչ միայն ինձ, այլ նաեւ այն մարդկանց, ովքեր կարող կլինեն նման գործ իրականացնել, դիմում են, բայց, իհարկե, շատ ավելի լավ կլիներ, եթե ավելի շուտ թատրոնին անդրադառնայի։ Հիմա չգիտեմ՝ թատրոնն այնպիսի լճացած վիճակում է, եւ միեւնույն ժամանակ այնքան երիտասարդ լավ ուժեր կան, որ մարդ չգիտի՝ այո՞ ասի, թե՞ ոչ, ամեն դեպքում, աշխատանքը ցույց կտա, ոչ ոք չի կարող ասել՝ ես կգամ ու ամեն ինչ կփոխեմ։ Բայց մի բան հաստատ է, որ ցանկության դեպքում թատրոնը պիտի քո որակի բերես, եթե չկարողանաս՝ չես էլ ցանկանա ապրել այդ թատրոնում։ Հիմա ես դեռ չէի ցանկանա ապրել այդ թատրոնում, դա այնպիսի լուրջ հարց է, որ միայն ժամանակն ու աշխատանքը ցույց կտան։ 



 



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



sona.adamyan@hraparak.am