60-ականների շղթայի պինդ օղակը

60-ականների շղթայի պինդ օղակը

Հարցազրույց նկարիչ Վանանդ Շիրազի հետ



Մարտի 17-ի լույս 18-ի գիշերը կյանքի 73-րդ տարում վախճանվեց հանրահայտ քանդակագործ Արա Շիրազը․



 



- Դուք Արա Շիրազի կրտսեր եղբայրն եք եւ Ձեր ժամանակի զգալի մասն անցկացրել եք նրա արվեստանոցում, լավ ճանաչում եք եւ որպես արվեստագետ, եւ որպես մարդ։ Լինելով հասարակության կողմից ճանաչված արվեստագետ, իրականում ինչպե՞ս էր գնահատված Արա Շիրազը։






- Արա Շիրազը 60-ականների հայտնի ռեֆորմատորներից էր, այդ սերնդի ամենավառ ներկայացուցիչներից էր՝ արձանագործության, քանդակի ասպարեզում։ Ամենաբարձր չափումներով իր գործն արեց՝ ժամանակի մեջ բերելով նոր շունչը, բայց միշտ ազգային հենքի վրա, եւ ապացուցեց, որ մեծ, համամարդկային տենդենցները կարող են նաեւ ազգային շեշտեր ունենալ, խնդիրներ լուծել։ Մեր ամենօրյա զրույցներում ինձ միշտ ասել է՝ Հովհաննես Շիրազից շնորհակալ եմ այն բանի համար, որ ինձ գաղափար տվեց. ինքն այդ գաղափարակիրն էր՝ լինելով մեծ արձանագործ։ Արայի լավագույն գործերը թանգարաններում ներկայացված են՝ եւ Հայաստանում, եւ նախկին Խորհրդային Միության տարածքում, եւ դրանից դուրս։ Ափսոսում էր, որ այդ գործերը Հայաստանում չեն, եւ վերջին տարիներին ուզում էր իր արվեստանոցում ցուցասրահ ստեղծել ու անգամ փորձեց ռուսական թանգարաններից գնել ու ետ բերել այդ քանդակները, նրանք էլ, պարզ է, չվաճառեցին։ Ուզում էր ի մի բերել, հենց Երեւանում ամփոփել իր ստեղծագործությունների լավագույն մասը, այդ ծրագիրն ուներ, բայց, ափսոս, չհաջողվեց իրականացնել, իհարկե, հույս ունեմ, որ մենք կիրականացնենք՝ լուծում տալով ցուցասրահի ստեղծմանը։



 



- Այսօր առաջնային է դառնում իրագործել Արայի երազանքը՝ արվեստանոցը վերածել ցուցասրահի։ Իսկ ինքը ժամանակին ինչպե՞ս էր այդ հարցի լուծումը տեսնում։






- Վերջին տարիներին ինքը վերանորոգում էր արվեստանոցը եւ պատրաստում էր որպես գործող ցուցասրահ։ Ասում էր, որ Շիրազների ստեղծագործությունների ցուցասրահ պետք է լինի, նաեւ Սիփանն անկյուն ունենա, համենայնդեպս, ես զրույցներից այդպես եմ հասկացել, իսկ թե կտակով այդ ամենն արել է, թե ոչ, ես չգիտեմ։ Բայց այս ամենը տեխնիկական հարցեր են, որոնք նաեւ պետության աջակցությամբ կարող են լուծվել։ Հիմա ամենակարեւորն իր ժառանգության ի մի բերելն է, ցուցասրահը կյանքի կոչելն է, որը կախված է եւ հարազատներց, եւ հասարակությունից, եւ պետությունից։ Պետք է կարողանանք գտնել այն ճիշտ, խոհեմ ճանապարհը, որ այդ ժառանգությունը չկորսվի։ Եթե, խոսք կա, ձեռագրերը չեն այրվում, ապա քանդակները կորում են։



 



- Իսկ Արա Շիրազն ի՞նչ ճանապարհով էր տեսնում այդ նպատակի իրագործումը։






- Ինքն այսպես էր տեսնում, քանի որ իր մոր՝ Կապուտիկյանի տուն-թանգարանն ունի պետական կարգավիճակ, եւ Արան ուզում էր իր արվեստանոցը եւ ամբողջ ժառանգությունը կտակել կամ կցել Կապուտիկյան ֆոնդին, որտեղից նաեւ աշխատողներն աշխատավարձ կստանային։ Իսկ կցել է ֆոնդին, թե ոչ, չգիտեմ։ Բայց մենք պարտավոր ենք Արայի նպատակն իրագործել՝ արվեստանոցը կյանքի կոչել, իսկ թե ինչպես կլինի, ժամանակը ցույց կտա։



 



- Արվեստանոցում պահող, դեռ չցուցադրված, դեռեւս չձուլված կամ կիսատ ստեղծագործություններ ունե՞ր Արա Շիրազը։






- Հիմնականում եւ հատկապես իր վերջին շրջանի աշխատանքները, որոնք ցուցադրված չեն եւ դեռեւս ձուլված էլ չեն, այսինքն՝ մոմի կամ գիպսի վրա են, արվեստանոցում են, որոնք, կարող եմ ասել, որ իրենց մեջ խորը իմաստ կրող, փիլիսոփայական հայացքով գործեր են։ Ասեմ նաեւ, որ եւ ես, եւ եղբայրս՝ Մասիսը, միշտ աշխատել ենք Արայի հետ, որպես օգնող, մասնակցել հատկապես մոնումենտալ գործերի աշխատանքներին։ Շատ էսքիզներ ուներ, ափսոս, որ դրանց մեծ մասը չիրականացավ։ Իսկ վերջերս աշխատում էր հատկապես երկու էսքիզի վրա՝ Նարեկացու եւ Փարաջանովի արձաններն էին, որոնք, եթե այս տխուր օրը չլիներ, արդեն իրականություն էր դառնում, կարծես թե հովանավորն էլ կար՝ «Վիվասելն» էր։ Գոնե մեկը կիրականանար, հատկապես, որ այս տարի Փարաջանովի 90-ամյակն էր։



 



- Իսկ հնարավո՞ր է առանց հեղինակի այդ էսքիզներն իրականացնել, նյութի վերածել։






- Տեխնիկապես հնարավոր է, բայց վերջնական աշխատանքն ավարտում է վարպետը, վերջում հոգին ինքն է հաղորդում արձանին, բայց հնարավոր է, ամեն ինչ էլ հնարավոր է։ Սեւքարեցի Սաքոյի քանդակը կանգնեցված է գիպս վիճակում, ձուլարանում է, որը պատրաստի արձան է, մնում է ընթացք տալ։ 



 



- Արա Շիրազը նաեւ իր մարդկային նկարագիրը բարձր պահեց, չենք լսել նրա մարդկայն կերպարը խաթարող որեւէ բան։ Ինչպե՞ս կբնորոշեիք մարդ Արա Շիրազին։






- Ժուժկալ մարդ էր կյանքում եւ շռայլ՝ դրա հետ մեկտեղ։ Երբեք կենցաղում չձգտեց շքեղություններ ունենալ կամ տուրք տալ անցողիկ արժեքներին։ Ինքը միշտ ասում էր, որ այդ ամենը Հովհաննես Շիրազի կենցաղից է գալիս, եւ ասում էր, որ էականն ուրիշ բան է, ուրիշ տեղ է, ու նախատինքի պես ասում էր, որ ինքը կենցաղից վախենում է։ Ասում էր՝ ամեն ինչ անցողիկ է, ունայն է, մնում է զգացողությունն ու գործը։ Երբեք տուրք չտվեց անցողիկին եւ կենցաղում էլ մնաց արվեստագետ։ Երբեք վերեւից չնայեց, միշտ ժողովրդի միջի մարդ մնաց, ինչպես հայրիկը, եւ նույնը փոխանցում էր մեզ։ Ինքը կենցաղի հետ ոգեղենության մեջ մնաց։ Իմաստուն մարդ էր եւ ամեն ինչ այլ կերպ էր տեսնում, նրա ամեն մի շեշտը՝ քանդակին դրած, միտված էր դեպի ապագան։ Ժողովրդին, ազգին անխնա ծառայելու մշակ լինելու ջանքը կար մեջը։



 



- Փորձենք ամփոփել՝ կրկին գնահատելով Արա Շիրազին որպես քանդակագործ, եւ կուզենայի, որ այդ գնահատականը տայիք առաջին հերթին ոչ որպես եղբայր, այլ՝ արվեստագետ։ 






- Արան այն շղթայի մեջ է, որը կոչվում է հայ արվեստ, հայ մշակույթ։ Ինչպես Մինաս Ավետիսյանը կերպարվեստում, որպես սերնդակից, ոգու իմաստով Արան նույնն արեց քանդակի մեջ։ Այն, ինչ որ արվեց 60-ականներին, Արան արեց պորտրետի եւ քանդակի մեջ, հոգեբանական պորտրետի, կոմպոզիցիայի։ Շատ կարեւոր, պինդ օղակ է այդ ամբողջ շղթայի մեջ։  



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ