Պոեզիայի միջազգային օրը

Պոեզիայի  միջազգային օրը

Պոեզիայի միջազգային օրվա առիթով Երեւանում միջոցառումների շարք անցկացվեց: Տեղի ունեցան հանդիպումներ բանաստեղծների հետ՝ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, Ազգային գրադարանում, Խնկո-ապոր անվան գրադարանում, Գրողների միությունում: Մեկնարկել են նաեւ Համո Սահյանի 100-ամյակին նվիրված միջոցառումները:  Հայաստանի մարզերում նույնպես նշվել է Պոեզիայի միջազգային օրը: Երեւանում գործող գրախանութները եւս անմասն չմնացին: «Բուկինիստ» գրախանութը հանդիպում էր կազմակերպել բանաստեղծ, թարգմանիչ Էդուարդ Հարենցի հետ՝ «Զրույց Էդուարդ Հարենցի պոեզիայի շուրջ» խորագրով: Նմանապես՝ «Բյուրոկրատ» գրախանութն ընթերցում էր կազմակերպել բանաստեղծներ Աննա Դավթյանի, Կարեն Անտաշյանի, Հասմիկ Սիմոնյանի եւ Նշան Աբասյանի հետ:



 



«Բյուրոկրատը» ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Մարտի 21-ը` Պոեզիայի համաշխարհային օրը, «Բյուրակրատ» գրախանութում կնշվի «Պոեզիայի օրը վերածել Պոեզիայի տոնի գրքերի միջավայրում» նշանաբանով: Այդ օրը կներկայացվեն երիտասարդ բանաստեղծներ Կարեն Անտաշյանը, Նշան Աբասյանը, Աննա Դավթյանը եւ Հասմիկ Սիմոնյանը: Իրենց ծանրակշիռ ներկայությամբ այդ օրը կպատվեն նաեւ գրական ավագանու ներկայացուցիչներ: «Բյուրոկրատ» գրախանութը հրավեր է հղում պոեզիայի սիրահարներին»:



 



«Բուկինիստ» գրախանութում հավաքվել էին Էդուարդ Հարենցի պոեզիայի սիրահարները, նաեւ նոր ընթերցողներ, քանդակագործներ, գեղանկարիչներ: Հանդիպման ընթացքում հարցուպատասխանի միջոցով դիտարկվում էին բանաստեղծի էսթետիկական ընկալումներն ու մոտեցումները, ընդհանրապես հեղինակի առջեւ ծագած արդի խնդիրները, նոր տեխնոլոգիայի, գրականության տարածումը:



 



«Բյուրոկրատ» գրախանութում բանաստեղծներ Աննա Դավթյանը, Կարեն Անտաշյանը, Հասմիկ Սիմոնյանը, Նշան Աբասյանն ընթերցեցին իրենց ստեղծագործությունները՝ պատմելով գրքերի եւ առանձին բանաստեղծությունների ստեղծման փուլերի մասին: Նրանց պոեզիան լսելու էին եկել գրողներ Հենրիկ Էդոյանը, Վարդան Ֆերեշեթյանը, Արմեն Շեկոյանը: Միջոցառման ընթացքում հնչեցին նաեւ այլ հեղինակների գործեր, եւ կարեւորվեց պոեզիայի դերը մեր կյանքում ու մեր մշակույթի մեջ: