Խնդրանք

Խնդրանք

Աստծո ամեն օր, երբ համացանցի միջոցով ծանոթանում եմ օրվա լրահոսին, առաջինը բանը, որ թռուցիկ եւ արագ նայում եմ, այն է, թե ինչ լուրեր կան սահմանից, իրավիճակը հանդա՞րտ է, թե՞ լարված, աստված մի արասցե, զոհ ու վիրավոր հո չունե՞նք: Եվ միայն բարի լույսին հավաստիանալուց հետո եմ շարունակում ընթերցանությունը: Սահմաններին  տեղի ունեցող ամեն ինչ հուզում ու անհանգստացնում է ոչ միայն ինձ, ում որդին այս պահին դիրքերում է, այլեւ, վստահ եմ, բոլոր այն մարդկանց, ում համար թանկ է հայրենիքը:



 



Ահա թե ինչու ուզում եմ գրել մի մտահոգության մասին, որին թերեւս անդրադառնալ էր պետք ավելի վաղ, որովհետեւ խնդիրը, իմ կարծիքով, կարեւոր է եւ պահանջում է բոլոր լրատվամիջոցների՝ տպագիր թե առցանց, հեռուստատեսային թե ռադիո, հատուկ ուշադրությունը:



 



Խոսքը հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում տեղի ունեցած պատահարների եւ մանավանդ զոհերի ու կորուստների վերաբերյալ տեղեկատվություն տարածելու ժամանակի մասին է: 



 



Երեկ ամբողջ օրը տեղս չէի գտնում 19-ամյա մեր զինվորի զոհվելու լուրը լսելուց հետո (խոսքը Ստեփանակերտից զորակոչված Արայիկ Բաբայանի մասին է. թող լույս իջնի նրա հոգուն): Եվ ի՞նչ: Այսօր՝ դեպքից ավելի քան մեկ օր անց, որոշ կայքեր շարունակում են կրկնել նույն ցավալի տեղեկությունը։ Ընդ որում, թերեւս որպեսզի տարբերվեն իրարից՝ տարբեր վերնագրերով: Եվ ամեն անգամ տպավորություն է ստեղծվում, թե հիմա էլ խոսքը մի նոր կորստի մասին է, մի նոր զոհի: Եվ ամեն անգամ ինձ նման հազարավորները տագնապի հուզախռով վիճակ են ապրում՝ վախենալով նույնիսկ միանգամից կարդալ զոհվածի անուն-ազգանունը:



Ահա եւ խնդրանքս. լրատվամիջոցների հարգելի՛ աշխատակիցներ՝ խմբագիրներ, լրագրողներ եւ մյուսներ. copi-past տարբերակով ժամանակի մեջ մի՛ բազմապատկեք կորստի մասին պատմող տեղեկությունները, առավել եւս՝ տվյալ օրվա պատահածի մասին մի՛ հաղորդեք օր կամ օրեր անց, ինչպես Արայիկի դեպքում: Ամեն մի այդօրինակ ուշացած տեղեկատվություն տագնապի ու խռովքի պատճառ է տասնյակ հազարավոր մարդկանց համար:



 



 



Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ