Ոչ մի տնօրեն թող չմտածի, որ սա իմ թատրոնն է

Ոչ մի տնօրեն թող չմտածի, որ սա իմ թատրոնն է

Վերջերս ԶԼՄ-ները բուռն քննարկեցին Վանաձորի Աբելյանի անվան պետական թատրոնի շուրջ ծագած հերթական սկանդալը, ինչի առիթը բեմադրող-նկարիչ Հովսեփ Մեսրոպյանի աշխատանքից ազատումն էր: Թատրոնի տնօրեն Հովհաննես Չախմախչյանի ուղարկած ծանուցման մեջ նշված էր, որ 2014 թվականի հունվարի 1-ից այդ հաստիքը կրճատվում է՝ պետթատրոնում բեմադրող-նկարչի անհրաժեշտություն չլինելու պատճառով:



 



Լրատվամիջոցներին տված հարցազրույցներում տնօրեն Չախմախչյանը պատճառաբանել էր, որ «դա  կրկնվող հաստիք է, ունեն նկարիչ, ունեն բեմադրող եւ նպատակահարմար են գտել փակել այդ հաստիքը», եւ որ թատրոնում էլի կրճատումներ են սպասվում՝ «պայմանավորված նրանով, որ հորինովի հաստիքներն են շատ»: Հովսեփ Մեսրոպյանի պնդմամբ էլ՝ իրական պատճառն իր եւ տնօրենի միջեւ մի քանի տարի շարունակվող անձնական կոնֆլիկտն է: Նրանց հարաբերությունները սրվել են հատկապես Չախմախչյանի կողմից պետական միջոցների յուրացման փաստով ոստիկանությունում Հովսեփ Մեսրոպյանի տված ցուցմունքից հետո:



 



Վանաձորի թատրոնի նախկին տնօրեն Ալբերտ Ժամհարյանի խոսքով՝ եթե տնօրենը հաստիք է կրճատում, ապա միայն նախարարի իմացությամբ, որովհետեւ թատրոնի «կառուցվածքում» փոփոխություն է կատարվում: Կառուցվածք ասելով՝ նկատի ունի թատրոնում անհրաժեշտ մասնագիտությունները, հաստիքները, որոնք հաստատվում են նախարարության կողմից, եւ որոնց հիման վրա տնօրենն այնուհետ կազմում է հաստիքացուցակը: Դրանով էլ, աշխատողների քանակի համեմատ, պետությունը ֆինանսական աջակցություն է հատկացնում՝ սուբսիդիա, որով վճարվում է աշխատողների աշխատավարձը, իսկ արտաբյուջեն, որ ներկայացումների տոմսերի վաճառքից է գոյանում, ծախսվում է բեմադրությունների եւ թատրոնի կարիքների համար: «Իմ պրակտիկայում չի եղել, որ ես կրճատեմ հաստիք: Ես հաստիք կրճատելու իրավունք չունեմ... Եթե, օրինակ, նկարիչ-բեմադրողի ստեղծագործությունը ռեժիսորը չի հավանել, կամ տվյալ ներկայացումը ձախողվել է նրա պատճառով, կարող ես հարցը դնել գեղարվեստական խորհրդի նիստում, որ ինքը չի կարողանում բեմադրություն ձեւավորի, ուրեմն թատրոնին պետք չի: Բայց եթե մարդը կարողանում է անել իր գործը..., իսկ ես գիտեմ, որ մի քանի ներկայացում իր բեմադրածներից ներկայացվել է մրցանակի,-ասում է Ալբերտ Ժամհարյանը։- Դա շատ ուրախալի երեւույթ է, որ մեր թատրոնը ներկայացվում է ինչ-որ մրցանակի, մանավանդ նկարիչ-բեմադրողն էլ Հովսեփ Մեսրոպյանն է եղել, ուրեմն լավ է կատարվել բեմադրությունը: Չեմ կարող այս պահը մեկնաբանել, թատրոնի տնօրենի եւ Հովսեփի անձնական խնդիրներն են»: 



 



Որպես նախկին տնօրեն՝ գնահատական է տալիս նաեւ իր ղեկավարությամբ Հովսեփ Մեսրոպյանի աշխատանքի մասին: «Իմ աշխատած ժամանակ ես չեմ լսել որեւէ բեմադրիչից, ռեժիսորից, որ Հովսեփը լավ չի ձեւավորել ներկայացումը, կամ ինչ-որ բան լավ չի ստացվել: Նման բան իմ օրոք չի եղել, թե հիմա ինչ է կատարվել, ես չեմ կարող դրան պատասխան տալ: Եվ ոչ միայն ես էի գոհ՝ որպես տնօրեն, այլեւ գեղխորհուրդն էր գոհ նրա աշխատանքից, ստեղծագործողները, դերասանները: Ես չեմ զգացել ոչ պրոֆեսիոնալիզմ այդ մարդու կողմից, հաճույքով իր հետ աշխատել եմ»,-իր աշխատակցի մասին կարծիք է հայտնում նախկին տնօրենը: Նրա օրոք Մեսրոպյանը 5-6 ներկայացում է բեմադրել եւ ստեղծել մասշտաբային մակետ, ինչը նախկինում չկար թատրոնում: «Դա բեմի փոքր տեսակն է մասշտաբով. բեմն ինչպես կա, նույն ձեւով սարքվում է, եւ, ասենք, եթե ներկայացում է բեմադրվում, մինչեւ այն սկսելը փոքր մասշտաբով տեղադրվում է բեմի վրա՝ իր լույսերով, դերակատարների զգեստներով, նրանց նմանությամբ տիկնիկներ են դրվում: Եվ նկարիչ-բեմադրողը բեմադրիչ-ռեժիսորին իր մտահղացումն է ներկայացնում այդ մակետի վրա, որ սա բեմն է, սա էլ դեկորացիան է: Եթե բեմադրիչ-ռեժիսորը համաձայնում է նրա հետ, դա հաճելի երեւույթ է, եւ երկկողմանի համաձայնությամբ ստեղծվում է ստեղծագործական աշխատանքը»,-Աբելյանի անվան թատրոնում Հովսեփ Մեսրոպյանի նորարարությունն է ներկայացնում նախկին տնօրենը:



 



Վերջինս մեկնաբանում է նաեւ ներկայիս տնօրենի հայտարարությունը թատրոնում նկարիչ-բեմադրողի հաստիքի անհրաժեշտություն չլինելու մասին, հատկապես որ փոխտնօրենն էլ նշել էր, թե այդ աշխատանքն այժմ հաջողությամբ իրականացնում են նկարիչ-կատարողները: «Ես, որպես տնօրեն, որ 11 տարի ղեկավարել է այդ ստեղծագործական կոլեկտիվը, չեմ պատկերացնում, որ նկարիչ-բեմադրող չլինի թատրոնում: Չնայած հիմա տարբեր թատրոններ, կախված սուբսիդիայի չափից, եթե չի բավականացնում, հրավիրում են մարդկանց, բայց որ թատրոնն իր հիմնականն ունենա, շատ լավ կլինի: Ըստ ինձ՝ թատրոնում նկարիչ-բեմադրողի հաստիքը չպետք է կրճատվի: Կարող է մարդու հետ անձնական խնդիր լինի, թե ով պիտի լինի նա, բայց հաստիքը, ինչքան գիտեմ, բոլոր թատրոններում էլ կա: Թատրոնում բոլոր հաստիքներն էլ կարեւոր են:



 



Եվ մի բան էլ ավելացնեմ՝ թատրոնի անունը միշտ մնում է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, եւ այն երբեք տնօրենինը չի եղել: Ոչ մի տնօրեն չմտածի, որ սա իմ թատրոնն է: Թատրոնը դերասանինն է, ստեղծագործողներինն է, եւ ստեղծագործողները պետք է միշտ օպոզիցիա լինեն տնօրենին: Եթե նա սխալ բան է կատարում ստեղծագործողի հանդեպ՝ կլինի բեմադրող-նկարիչ, բեմադրիչ-ռեժիսոր, դերասան, պետք է բոլորը միահամուռ կերպով պաշտպանեն իրենց կոլեգային, իրենց ստեղծագործողին: Որովհետեւ տնօրենը խոնարհ ծառա է եւ ընդամենը ծառայում է ստեղծագործական անձնակազմին: Պետք է ընդամենը կազմակերպի ներկայացումը, որ թատրոնի արտադրանքն է, որ իրացնի եւ ցուցադրի հանրապետության տարբեր շրջաններում եւ հանրապետությունից դուրս, որպեսզի ճանաչվեն այս մարդիկ՝ թե բեմադրող-նկարիչը, թե դերասանը, թե ռեժիսորը: Եվ պրոպագանդան ճանաչողությունն է. սա է տնօրենի ֆունկցիան»:



 



Ադրինե ԹՈՐՈՍՅԱՆ