Երևանի գրադարաններն ու երաժշտական դպրոցները համալրվում են գրականությամբ

Երևանի գրադարաններն ու երաժշտական դպրոցները համալրվում են գրականությամբ

Երևանի բոլոր գրադարանները համալրվում են նոր գրքերով։ Այս տարվա ծրագրով Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 145 անուն 4800 կտոր գիրք, որոնք այս օրերին բաշխում է գրադարաններին, այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։



«Արդեն ծրագրի երրորդ տարին է, որ գրադարանները համալրվում են վերջին տարիներին տպագրված գրականությամբ։ Ծրագրին ձեռնամուխ եղանք 2012 թվականին, երբ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք էր։ 2014 թվականը Երևանի գրադարանների համար ծավալուն, կարևոր ծրագրերով է հատկանշվում։ Այս օրերին 12 գրադարան է վերանորոգվում, մեծ մասը հիմնանորոգվում է։ Եվ բավականին գոհացուցիչ է, որ սեպտեմբերից դրանք կգործարկվեն բարետես, ջեռուցվող, լուսավոր ու նոր գրականությամբ համալրված»,– ներկայացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։



Գրադարանների տնօրեններն ու աշխատակիցներն իրենց հերթին նշել են, որ ոլորտում հատկապես վերջին տարիներին մեծ ոգևորությամբ են աշխատում։