Հրապարակումների ամսաթվերը հաշվելու փոխարեն՝ քաղաքիդ աղբը մաքրիր, պարո՛ն քաղաքապետ

Հրապարակումների ամսաթվերը հաշվելու փոխարեն՝ քաղաքիդ աղբը մաքրիր, պարո՛ն քաղաքապետ

Ի պատասխան «Հրապարակ» օրաթերթի` ամռան օրերին Վանաձորի զբոսայգիների` մեղմ ասած «տխուր» վիճակը ի ցույց դնող հրապարակումներին՝ Վանաձորի քաղաքապետարանը երեկ պատասխան է ուղարկել թերթին՝ «Երբ այգին վաղուց արդեն մաքրված է աղբից» վերնագրով և քաղաքապետի նորաթուխ մամուլի քարտուղար Էդվարդ Արզումանյանի հետևյալ տեքստով (ի դեպ, այն ամբողջությամբ արտատպված է, և տառաբացթողումները հեղինակինն են).
«Ի պատասխան «hraparak.am» կայքում օոստոսի 30-ին տպագրված «Վանաձորի Դիմացի այգին՝ աղբի մեջ կորած» հոդվածի, ցանկանում ենք տեղեկացնել, որ նշված այգին մաքրվել է դեռևս օգոստոսի 23-ին՝ Վանաձորի քաղաքապետարանի կողմից ստեղծված «Նեցուկ» ոչ առևտրային կազմակերության շնոհիվ: Մաքրման աշխատանքներին միացել են նաև այլ կազմակերպությունների շահառուներ և թաղամասի բնակիչներ: Հոդվածագրին խորհուրդ կտանք նյութ պատրաստելուց և հրապարակելուց առաջ մեկ անգամ ևս ստուգել, արդյոք խնդիրը դեռևս առկա է, թե ոչ:
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ այգու մաքրության պահպանմամբ պետք է և պարտավոր են զբաղվել այգու վարձակալները, որը չանելու համար քաղաքապետ Սամվել Դարբինյանի կողմից բազմիցս հրապարակային քննադատության են արժանացել: Համապատասխան բաժնի պետին էլ հանձնարարվել է գրավոր նկատողություն հայտարարել վարձակալներին ու պահանջել կատարել պայմանագրով սահմանված իրենց պարտավորությունները: Ավելացնենք նաև, որ Սայաթ Նովայի անվան զբոսայգին, որն այս պահին վարձակալ չունի, ևս պարբերաբար մաքրվում է «Նեցուկ» կազմակերպության կողմից այնպես, ինչպես քաղաքի մյուս մարդաշատ այգիներն ու պուրակները: Միայն այս ամիս կազմակերպությունը մաքրման աշխատանքներ է իրականացրել 2 անգամ «Սայաթ Նովայի» անվան զբոսայգում, 3 անգամ՝ Թթու ջուր կոչվող տարածքում, ծայրամասային Տավրոս թաղամասում գտնվող պուրակում, Տիգրան Մեծ 74 հասցեում գործող խաղահրապարակում և Արցախ պուրակում»:
Նախ ամսաթվերի վերաբերյալ՝ մեր կողմից պատրաստված հոդվածը տեղեկատվական ճշգրտության առումով խմբագրությանը չի տրամադրվել ուշացած, պարզապես թերթի տպագրական աշխատանքների հետ կապված՝ հրապարակվել է 1-2 օր անց: Նույն քաղաքապետի մամլո քարտուղարը, որ նրա փիարով է զբաղված իր անձնական էլեկտրոնային կայքում, նշված այգում մաքրման աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակել օգոստոսի 28-ին (http://lorinews.am/glxavor-temaner-4/1974-maqrman-ashxatanqner-dimac-taxamasi-eritasardakan-zbosaygum-foto.html), որտեղ նշված է, թե Վանաձորի քաղաքապետարանի կողմից ստեղծված կազմակերպությունը <<մեծածավալ>> մաքրման աշխատանքներ է իրականացրել զբոսայգում, որոնց միացել են այլ կազմակերպության անդամներ ու թաղամասի բնակիչները:



Այն որ հրապարակումից 1-2 օրվա տարբերությամբ, մեր նկարահանումներից հետո (հավանաբար քաղաքապետին անմիջապես տեղեկացրել էին այդ մասին), օգոստոսի վերջին օրերին որոշ մաքրման աշխատանքներ են արվել ամբողջ ամռան ընթացքում աղբանոցի վերածված զբոսայգում, ամենևին չի նվազեցնում պատասխանատուների մեղավորությունը համայնքի բնակչության առջև: Եվ ապա՝ «խորհուրդներ տվող» երիտասարդ մամլո խոսնակը ճիշտ կանի նախ ինքը բարձրացնի իր տեղեկացվածության մակարդակը, մինչդեռ նրա «փորձառու» ղեկավարը վաղուց կամ առնվազն 2008 թվականից՝ այգու վերաբերյալ վարձակալական պայմանագիրը կնքելով՝ պետք է իմանար, որ ոչ թե թաղամասի բնակչությունը կամ տարբեր կազմակերպությունների շահառուներ ու ակտիվիստներ պետք է «միանան» այգու մաքրման աշխատանքներին՝ որպես ձրի աշխատուժ, այլ այգու վարձակալին պետք է օրենքի ուժով պարտավորեցվի կատարելու իր այդ պարտավորությունը, ըստ պայմանագրի, այդ նպատակի համար առանձնացնելով անհրաժեշտ գումարներ:
Քաղաքապետ Դարբինյանն էլ՝ որպես վարձատու և պայմանագրի կողմ, ոչ թե պետք է բավարարվի վարձակալին «բազմիցս հրապարակային քննադատության արժանացնելով կամ գրավոր նկատողություն հայտարարելով ու պահանջելով կատարել պայմանագրով սահմանված իր պարտավորությունները», այն էլ այն դեպքում, երբ նրա այդ «պահանջները» այգիների վարձակալների կողմից փաստորեն շարունակաբար արհամարհվում են, այլ Սայաթ-Նովայի այգու նախկին վարձակալի օրինակով պայմանագրի պայմանները խախտելու հիմքով հրաժարվի նրա հետ պայմանագրից՝ այն լուծելու համար ընդհուպ դիմելով դատարան: Բայց ստացվում է, որ մի վարձակալի դեպքում քաղաքապետը «գործում է» իր պաշտոնական լիազորությունների սահմանում, իսկ մյուսի դեպքում անտեղյակ ձևանալով՝ շրջանցում է դրանք: Ուստի՝ հատուկ քաղաքապետի, նրա նորաթուխ մամլո խոսնակի, այգու վարձակալի և մյուս «անտեղյակների» համար երկրորդ անգամ ենք հրապարակում Դիմացի այգու վարձակալության պայմանագրի հետևյալ կետերը՝ վարձակալը պարտավոր է հողատարածքն օգտագործել բացառապես իր նշանակությանը համապատասխան, վարձակալվող հողատարածքը, տաղավարը եւ դրան հարող տարածքները պահել պատշաճ եւ օրինակելի սանիտարական ու հակահրդեհային վիճակում, ինչպես նաեւ մշտապես պատշաճ վիճակում պահպանել տաղավարի արտաքին տեսքը՝ այդ նպատակների համար առանձնացնելով անհրաժեշտ գումարներ:
Պայմանագրով՝ պայմանները խախտելու դեպքում մեղավոր կողմը մյուսին վճարելու է տուգանք՝ ամսական վարձավճարի 10 տոկոսի չափով: Մինչդեռ քաղաքապետի մամլո խոսնակի պատասխանից հետևում է, որ ոչ մի տույժուտուգանք էլ այս այգու վարձակալից երբևէ չի գանձվել: Այսինքն՝ վարձակալից բացի՝ իր պարտավորությունները չի կատարել նաև քաղաքապետը՝ այս դեպքում արդեն իր դիրքը չարաշահելով համայնքի նկատմամբ:
Իսկ խոսնակի՝ քաղաքապետարանի կազմակերպության թվաքանակով նշած աշխատանքներին լավագույն պատասխանը մեր կողմից հրապարակված տեսանյութերն ու լուսանկարներն են և բնակչության կարծիքն ու արձագանքը քաղաքի մաքրության մասին:
Քաղաքապետարանի այս գրությունից հետո թերևս միակ ճշգրտումը կարելի է նախորդող հոդվածի վերնագրում անել՝ «Վանաձորի Դիմացի այգին՝ ողջ ամռան ընթացքում»: Ստորև ներկայացնում ենք նաև նախորդ ֆոտոշարքից դուրս մնացած ևս մի քանի լուսանկար:




Ադրինե Թորոսյան