100 հազարը հրաժարվում է, մյուս մասն էլ դուրս է գալիս աշխատանքից

100 հազարը հրաժարվում է, մյուս  մասն էլ դուրս է գալիս աշխատանքից

Բազմաթիվ երիտասարդ դասախոսներ այս օրերին պետական բուհերի տնօրինությանը ներկայացրել են աշխատանքից ազատվելու դիմումներ։ Հիմնական պատճառը կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքն է, ըստ որի՝ եթե միաժամանակ աշխատում ես պետական եւ մասնավոր սեկտորում, զրկվում ես մասնավոր կազմակերպությունում կուտակային կենսաթոշակային ֆոնդին հատկացումներից հրաժարվելու մասին դիմում գրելու հնարավորությունից: «Օրենքի մեջ փոփոխություն է արվել, որ պետական եւ մասնավոր ոլորտում համատեղ աշխատողները պարտադիր դառնում են նոր համակարգի մասնակից, քանի որ ես համատեղում եմ աշխատանքս նաեւ մասնավոր բուհում եւ մասնավոր ընկերությունում, որտեղ իմ աշխատավարձը շատ բարձր է, ավելի շատ գումար եմ կորցնում»,-ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին գիտնական Տիգրան Գրիգորյանը։ Նրա խոսքով, այս պահին կառավարությունն այդ հնարավորությունը տալիս է, եթե պետական բուհում աշխատելուց հրաժարվում ես, ապա միայն մասնավորում աշխատելու դեպքում չես լինի այդ համակարգի մասնակից։



«Հրաժարվում եմ պետական բուհում աշխատելուց, քանի որ դեմ եմ կուտակային համակարգին»,-ասաց նախկին գիտաշխատողը՝ ավելացնելով, որ պետական բուհում աշխատում են ոչ թե գումարի համար, այլ գիտական գործունեություն իրականացնելու։ Բացի այդ. «Պետական բուհում մեր աշխատավարձն ավելի ցածր է, քան երկու աշխատավարձերից գանձվող սոցիալական վճարը»։ Օրերս դասախոսները բաց նամակ էին հանձնել վարչապետին՝ ահազանգելով, որ համատեղությամբ աշխատող շատ երիտասարդ դասախոսներ լքում են բուհերը: Վարչապետից դեռ պատասխան չեն ստացել։ Երիտասարդ գիտնականն իր ընկերների հետ, որոնք եւս լքել են ակադեմիան ու բուհերը, պատրաստվում է ալտերնատիվ քայլի դիմել՝ հրաժարվելով պետական աջակցությունից, այլ կերպ ասած՝ աշխատավարձից, նրանք պարզապես կամավոր հիմունքներով կդասավանդեն բուհերում: Ըստ օրենքի, մասնավոր սեկտորում աշխատողները կուտակային համակարգից կօգտվեն 2017 թվականից, իսկ պետական սեկտորում աշխատողներն արդեն իսկ «օգտվում» են։ Թեեւ պետական հիմնարկներում աշխատողներին հնարավորություն է ընձեռված հրաժարվել կուտակային վճարումներից։ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 81-րդ հոդվածի առաջին կետի համաձայն՝ անձն իրավունք ունի հրաժարվելու սոցիալական վճար կատարելու պարտականությունից՝ դիմում ներկայացնելով մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 25-ը: Ֆինանսների նախարարությունից տեղեկացրին, որ սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու դիմում է ներկայացրել շուրջ 100 հազար աշխատող: Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն (ԿՀԻԿ) հիմնադրամն էլ տեղեկացնում է, որ կուտակային բաղադրիչի մասնակիցների անհատական կենսաթոշակային հաշիվներում արդեն հասանելի է 2014 թ. հունվարի 1-ից մինչեւ հուլիսի 1-ը մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարներն անկանխիկ եղանակով ստանալու մասին դիմումի ձեւը: Քաղաքացիները դիմումները կարող են ներկայացնել արդեն սեպտեմբերի 1-ից սկսած, մինչեւ այս տարվա դեկտեմբերի 25-ը: Պարտադիր կուտակային հատկացումների հաշվին ձեռք բերված փայերի մարման եւ գումարների վերադարձի գործընթացը կիրականացվի 2015 թ. հունվարի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:



ՀԳ. Երեկ տեղեկացանք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշել է ընդառաջ գնալ մի խումբ երիտասարդ դասախոսների պահանջներին եւ կարգադրել է, որ նրանցից միայն պետական բուհերում դասավանդելու համար սոցվճարներ, այսինքն՝ պարտադիրի գումարները գանձեն։



Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ



[email protected]