Փնտրել են եվս մեկ մարդու, տեսնեն՝ էլ ինչ կարող են գտնել

Փնտրել են եվս մեկ մարդու, տեսնեն՝ էլ ինչ կարող են գտնել

Լոռու մարզի գլխավոր վիրաբույժ, «Վանաձոր ԲԿ» ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանն այժմ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում է: Բժշկի անմեղության հանգամանքի քննարկմանը զուգահեռ, դատարանին միջնորդություն էր ներկայացվել գրավի կիրառման վերաբերյալ, ինչը Լոռու մարզի առաջին ատյանի դատավոր Աղասի Մկոյանը մերժեց՝ խափանման միջոց նշանակելով երկամսյա կալանքը: Վլադիմիր Ղուկասյանի շահերի պաշտպան, փաստաբան Վահան Ավագյանի փոխանցմամբ՝ նախաքննական մարմինը, հավատարիմ «արատավոր պրակտիկային», ընդամենը շաբլոնային ձեւով շարադրել է խափանման միջոց ընտրելու Քրդատօր.-ի 135-րդ հոդվածի կետերը՝ մինչդատական եւ դատական վարույթում քննության համար խոչընդոտներ ստեղծելու՝ նախաքննության մարմնից խուսափելու, գործով տուժողի կամ դատավարական մասնակիցների վրա ներազդելու եւ այլ տեսական հանգամանքներ դրանց վերաբերյալ, սակայն դատարանին չներկայացնելով ոչ մի ապացույց: Փաստաբանի խոսքով, դատարանում սոսկ «մտացածին», «առարկայազուրկ» հայտարարություններ են արվել:
Վանաձորում ձեռքի գնդակի հանրապետական մրցաշարին մասնակցող երեւանցի 15-ամյա Դավիթ Հովակիմյանի դանակահարության դեպքի առթիվ Քրօր. 104 հոդվածով (սպանություն) հարուցված քրեական գործով Կարեն Կունգուրցեւին առաջադրված մեղադրանքը վերաորակվել է ավելի մեղմ՝ Քրօր. 34-104 հոդված (սպանության փորձ), գործի շրջանակում հարուցվել ու առանձնացվել է առանձին վարույթ՝ Քրօր. 130 հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունների չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) եւ մեղադրանք է առաջադրվել նաեւ անչափահասին վիրահատած վիրաբույժին:




Բժշկին մեղադրանք առաջադրելու համար հիմք են ընդունվել քրեական գործում առկա 2 դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները: Քննչական մարմնի հիմնավորմամբ՝ տրված առաջին եզրակացության հետեւությունների ճիշտ մեկնաբանված չլինելու պատճառով որոշակի հարցերի պարզաբանման նպատակով նշանակվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն: Երկու եզրակացություններով էլ, փաստաբան Ավագյանի խոսքով, հերքված չէ բժշկի մեղավորության վարկածը, բայց չկան նաեւ կատեգորիկ եզրահանգումներ, որ մահը նրա գործողությունների հետեւանքով է վրա հասել: Ավելին՝ առաջին եզրակացությամբ նույնիսկ որոշակի բարենպաստ հանգամանքներ են շարադրված հօգուտ բժշկի: «Խնդիրն այն է, որ կոնկրետ հիմնավորված պիտի լիներ՝ բժիշկը պետք է վիրահատեր՝ չի՞ վիրահատել, թե՞ վիրահատել է, բայց պատշաճ չի կատարել այլ գործողություններ, որ փրկի տուժողի կյանքը: Առաջին եւ երկրորդ փորձաքննությունների մեջ այդպիսի միանշանակ պատասխան չկա, նշված չէ՝ բժշկի կոնկրետ որ գործողությունների հետեւանքով է առաջացել մահը: Հավանականությունների տեսությամբ ղեկավարված տարբեր կարծիքներ են, այսինքն՝ առկա է այնպիսի եզրահանգում, որ հնարավոր էր բարելավել տուժողի վիճակը, հնարավոր էր փրկել կյանքը, իսկ մենք հայերենից գիտենք, որ եթե «հնարավոր» է, դա վերջնական չէ: Եթե վերջնական չէ, կասկածներ է առաջացնում»,-ասում է փաստաբան Ավագյանը: Նրա դիտարկմամբ՝ փորձագետները եզրահանգումներ են արել զուտ ենթադրությունների մակարդակում, իսկ Քրեական դատավարության օրենսգրքով, Եվրադատարանի, ինչպես նաեւ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով՝ կասկածյալի կամ մեղադրյալի վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ նրա: Եվ հնարավոր է՝ պաշտպանական կողմը երրորդ՝ գերատեսչական անկախ փորձաքննության միջնորդություն ներկայացնի:




Քննչական մարմնի առաջադրած հարցին՝ տվյալ վիրաբուժական միջամտությունից առաջ անհրաժեշտ էր ստանալ տուժողի հարազատների համաձայնությունը, թե ոչ, եզրակացությամբ պատասխան է տրվել, որ վիրաբույժը պարտավոր էր անմիջապես կատարել իր մասնագիտական պարտականությունները՝ առանց նման թույլտվության: «Եզրակացություններով ասում են՝ որոշակի ուշացումով: Բայց ես հարց եմ տալիս՝ այդ ժամանակահատվածից 10 թե 20 րոպե շուտ կատարված գործողություններն արդյո՞ք կտային հնարավորություն տվյալ մարդու կյանքը փրկելու համար: Եթե կոնկրետ նշված լիներ, որ այդ ուշացումը նպաստել է մահվանը, ուրիշ բան, բայց այդ ուշացումը ոչ թե նպաստել է մահվանը, այլ հանգեցրել է նրան, որ որոշակի չափով նվազեցրել է կյանքը փրկելու հնարավորությունները: Որ միանշանակ այդ ուշացումը բերել է մահվան, այդպիսի կատեգորիկ պատասխան չկա փորձաքննությունների մեջ: Ասվում է՝ հնարավորինս կավելացներ կյանքը փրկելու շանսերը»,-ասում է փաստաբանը եւ հավելում, որ նախավիրահատության բոլոր միջոցառումները բժիշկ Ղուկասյանի կողմից կատարվել են:
Դատարանում խափանման միջոցի քննարկման ժամանակ փաստաբանը նախաքննական մարմնից պահանջել է հրապարակել առաջին փորձաքննության եզրակացությամբ՝ դանակահարությամբ տուժողին պատճառված մարմնական վնասվածքի, արյունահոսության եւ ներքին օրգանների վնասման նկարագրությունը՝ տարակուսանք հայտնելով, որ մահվան հիմնավորված պատճառն ունենալով՝ քննչական մարմինը հարցադրումներ է արել նաեւ բժշկի վերաբերյալ: «Խնդիրն այն է, որ նույն երեւույթի վերաբերյալ 2 մարդու են փորձում դատապարտել. եթե մարդ են կալանավորել, քրեական գործ կա, ուրեմն կա եւ հանցագործություն: Նաեւ մահվան պատճառն է արդեն հիմնավորված: Ի՞նչ խնդիր կար անդրադառնալ նաեւ բուժող բժշկին, որը կատարել է իր պարտականություններն ամբողջությամբ եւ լրիվ: Փնտրել են, որ ինչ-որ թերություններ գտնեն, էդպես է ստացվում, եւս մեկ մարդու են ման եկել, տեսնեն, թե էլ ինչ կարող են գտնել, կոպիտ ասած: Ու երեւի թե իրենց պատկերացմամբ գտել են»,-ասում է Վահան Ավագյանը:




Ադրինե  ԹՈՐՈՍՅԱՆ