Այգում սեքսով զբաղվել չի կարելի

Այգում սեքսով զբաղվել չի կարելի

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք,
- ես ու դու.
Ես էլ դու եմ` ես չըկամ․․․



Վահան Տերյանի «Երկու ուրվական» սիրային բանաստեղծությունը Սունդուկյանի անվան այգում հավերժացրել են նստարանի վրա։ Երևի սա է պատճառը, որ մեր սիրահար զույգերը, երեկոյան ժամերին զոհ գնալով ռոմանտիկային, մոռանում են, որ գտնվում են հասարակական վայրում։



Այգու տարածքում սիրով զբաղվելն արգելվում է: Երբ այգու հարակից շենքի բնակիչներից տիկին Լիդայի հետ զբոսնում էի, ցույց էր տալիս ծառերի վրա փակցված զգուշացնող վահանակները․ «Լավ է, որ փակցնում են, որ խոտերի մեջ գնդակ չպետք է խաղալ, բայց հարկավոր է փակցնել նաև, որ այգում սեքսով զբաղվել չի կարելի»։



Տիկինը խորհուրդ տվեց մեզ երեկոյան այցելել այգի և տեսնել, թե ինչ է կատարվում և այգին ինչի է վերածվում։ «Ինչ ձայներ, որ չենք լսում, պատուհանից էլ երևում է, թե ինչպես են սիրով զբաղվում։ Մեկ անգամ մեր պատուհանի տակ էին, ջուր եմ լցրել նրանց գլխին և բարոյախրատական դասեր տվել, որ նման բաներ այգում չի կարելի անել, գոյություն ունեն հատուկ վայրեր»,- պատմեց տիկին Լիդան։ Նրա խոսքով այգին երեկոյան ժամերին բարձիթողի վիճակում է, այդ իսկ պատճառով էլ ով ինչ ուզում, անում է։



«Առավոտյան, որ քայլում ենք, այգում ինչ ասես չենք տեսնում, էլ պահպանակներ, էլ սպրիչներ, էլ կանացի լիֆ։ Երևի ման են եկել, չեն գտել, թողել գնացել են։ Նույնիսկ տեսնում ենք, թե ինչպես են տրանսվեստիտները կերպարանափոխվում»։



Բազմիցս այգու տնօինության հետ խոսել են, ասել են, որ ավելի ուշադիր կլինեն, հսկողությունը կուժեղացնեն։ «Մեկ-մեկ մտածում եմ՝ ավելի լավ կլիներ, որ սրճարաններ լինեին, գոնե միայն երաժշտության ձայն կլսվեր, և այգին Սոդոմ-Գոմորի չէր վերածվի»։



Այգու տնօրինությունը շենքի բնակիչների բողոքների մասին լսել է և իրենց իրավասության շրջանակում թափառականներին ու հարբեցողներին տարածքից հեռացնում է։ Չենք կարող չնշել, որ Սունդուկյանի այգին այն հազվագյուտ այգիներից է, որտեղ կարող ես հանգստանալ, լավ ժամանակ անցկացնել, մաքուր օդ շնչել։ «Այգին ամեն օր պարտաճանաչ մաքրվում է, կանաչ տարածքները մշակվում են։ Բացի այդ մենք հազվադեպ բաներ ենք արգելում, մեզ մոտ խոտերի վրա նստել, պառկել կարելի է, բայց պետք է այդ ամենը անել առանց հասարակական կարգը խախտելու»,-ասաց այգու աշխատակիցը։